Ռուսաց լեզվի ուսուցչուհի 54-ամյա Սիլվա Մարտիրոսյանն իր ամբողջ կյանքն ապրել է քաղաքում: Նա բնակվում է Ճամբարակ քաղաքում և գյուղի հետ առնչվել է միայն շուկա գնալով:
|
Սիլվան կապում է Եղնիկի պոչը, ապա սկսում կթել |
Սակայն մինչ Հայաստանն անցյալից շարժվում է դեպի ապագա, երկրում շատերն են փոխում իրենց ապրելակերպը:
Երբեմն քաղաքի աղջիկները սովորում են գյուղական նիստուկացը: Երբեմն ուսուցչուհիները կթվորուհի են դառնում:
Սիլվան և նրա ամուսինը ապրում են Ճամբարակում (Երևանից մոտ 100 կմ դեպի հյուսիս-արևելք), քառահարկ շենքի երկրորդ հարկում, իսկ նրանց Եղնիկ անունով կովը՝ ավտոտնակի հետնամասում:
«Ես ընդհանրապես կովերից վախենում էի, բայց էլ աշխատավարձով հնարավոր չէր ապրել, ստիպված սկսեցինք կով պահել,- ասում է Սիլվան: - Կարագ, կաթ, սմետան, մածուն՝ ամբողջը մերն ա, կովից ենք ստանում»։
Ամեն առավոտ ժամը յոթին, դասի գնալուց առաջ, Սիլվան իջնում է գոմի վերածված ավտոտնակը, հագնում «կթվորուհու» արտահագուստը, որպեսզի գոմի հոտը չկպչի իրեն և դասարանում հոտ չգա վրայից։
|
Գոմը ավտոտնակի ներքևի հարկում է |
Մինչև կթելը կապում է պոչը, որ հանկարծ կաթի մեջ կեղտ չընկնի: Հետո հատուկ տախտակ է դնում կովի տակ, որ սպիտակ դույլը գոմի հատակին չդիպչի ու չկեղտոտվի, դույլի վրա թանզիֆ (մառլյա) քաշում, որ կաթի մեջ փոշի կամ մազ չընկնի, ու սկսում կթել՝ դեռևս անվարժ քաշելով կովի պտուկներից:
«Առաջ ա՜յ այսպես էի կթում,- առավել անվարժ քաշելով կրծքից՝ Սիլվան ցույց է տալիս կթվորուհի դառնալու իր առաջին քայլերը,- հետո վարժվեցի։ Ոչ ոք չի սովորեցրել, ինքս եմ քիչ-քիչ սովորել։ Բայց, մեկ է, չեմ վարպետացել, իմ տեղը իսկական կթվորուհի լիներ՝ արդեն կթել-պրծել էր, իսկ ես դանդաղ եմ կթում, ձեռքս հոգնում է»:
Նա մի պահ դադար է տալիս, որպեսզի ձեռքը հանգստանա, իսկ հետո կրկին հոգոցով ավարտում է գործը՝ բացատրելով, որ պիտի կուրծքը դատարկվի, որ կովը լավ զգա իրեն։
Երբ Սիլվան հիվանդ է լինում, ամուսինն է կթում կովը: Նա նույնպես ուսուցիչ է ու Սիլվայից էլ անվարժ է կթում։
Տանը Սիլվան կաթը դատարկում է մեկ այլ դույլի մեջ, կրկին թանզիֆով անցկացնելով, ու ժամը իննին հասնում դասի. «Երբեք դասից չեմ ուշանում», ասում է նա։
|
Առանց կթվորուհու արտահագուստի ու արդեն կթած կաթով |
Ամբողջ «գործընթացը» ևս մեկ անգամ անում է երեկոյան յոթին։ Օրական տասը լիտր կաթ է ստանում: Ամռանը, երբ Եղնիկը նախրի հետ գնա արոտավայր, կստանա 15 լիտր կաթ։
Սիլվան ամեն օր մաքրում է գոմը, ամուսինն անցկացրել է կոյուղի և ջրագիծ։ Կովի թրիքը փռում են բակում, չորացնում, և երբ տանը վառարանի փայտը վերջանում է, վառում են աթարը։
Եղնիկը նրանց երկրորդ կովն է, առաջինը մորթել են, երբ ծերացել էր ու էլ կաթ չէր տալիս։
Այս տարի ամբողջ Հայաստանում ուսուցիչների կրճատումներ են գնում: Սիլվան վախենում է, որ ինքն էլ կարող է «օպտիմալացման» զոհ գնալ:
«Ի՞նչ պիտի անեմ,- ասում է նա: - Կուզեի մի հատ էլ կով պահել, բայց գնելու հնարավորություն չունենք։ Կովը ընտանիք է պահում»։
Սիլվայի երկու որդիները Ռուսաստանում են բնակվում։ Աղջիկը Երևանում ուսանող է, նրան էլ է կովը պահում։
Քաղաքաբնակ ուսուցչուհին սովորել է զատիչով (սեպարատոր) թթվասեր պատրաստել, ընկերուհու պանրագործ հորից սովորել է պանիր պատրաստել ամուսնու սարքած կաղապարի մեջ: Ամուսինը նաև հարիչ է սարքել Սիլվայի համար, որի մեջ նա կարագ է պատրաստում։
|
Մի վերջին ջանք,
և
կաթը պատրաստ է օգտագործման |
Ճամբարակում խորհրդային տարիներին երկու գործարան կար՝ պանրի և ռադիոմասերի։ Սեփականաշնորհվելուց հետո ռադիոմասերի գործարանն ալևս չի աշխատում, իսկ պանրի գործարանն աշխատում է մասնակի հզորությամբ:
Սիլվայենց շենքի բնակիչները գործարանների նախկին բանվորներ են, պետական ծառայողներ և դպրոցի ուսուցիչներ։ Նրանցից շատերն իրենց գոյությունը պահելու համար ավտոտնակներում անասուն են պահում՝ հավ, ոչխար, կով։ Երբ օրերը տաքանան, Սիլվայենց թաղամասից մոտ իննսուն կով կտարվի արոտավայր։
«Մինչև Ճամբարակ տեղափոխվելը Դիլիջանում եմ ապրել,- ասում է Սիլվան, որը 35 տարի ուսուցչուհի է աշխատում։ - Միշտ եղել ենք մտավորական, ճամփորդել ենք ամբողջ Սովետով։ Հիմա Երևան էլ չեմ կարող հասնել։ Կովն էլ չլիներ, ընդհանրապես չէինք կարող ապրել»:
|