Այս շաբաթ Երևանի թատերասեր հասարակությանն ընձեռվել էր բացառիկ հնարավորություն վայելելու Մոսկվայի Վախթանգովի անվան պետական ակադեմիական թատրոնի առաջատար դերասանների խաղը։
3 օր տևած հյուրախաղերի ընթացքում վախթանգովցիները ներկայացրեցին ֆրանսիացի դրամատուրգ Էրիկ Շմիդտի «Ձոն Եվային» պիեսը Սերգեյ Յաշինի բեմադրությամբ: Հյուրախաղերի կազմակերպիչն էր «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնը:
|
Կնյազևը
և
Լանովոյը խաղում են Երևանում
|
«Ես վերջին անգամ թատրոն էի եկել 10 տարի առաջ, սակայն այս դերասանների խաղը տեսնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ ամբողջ ամսվա թոշակիս կեսը տվել եմ, տոմս եմ գնել ու Աշտարակից հասել եմ այստեղ»,- ասում է 65-ամյա Ռուզաննա Կարապետյանը:
Չնայած տոմսերի բարձր գնին (500-6000 դրամ) դահլիճը լեփ-լեցուն էր: Ըստ «Բեմական խաչմերուկ» կենտրոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանի, նման հյուրախաղեր կազմակերպելիս միշտ մտավախություն ես ունենում:
«Գաղտնիք չէ, որ այսօր հանդիսատեսը նախընտրում է զավեշտն ու ինքնագործ հումորը, սակայն այս օրերի լեցուն դահլիճները հույս են ներշնչում, որ իսկական արվեստի պահանջ դեռ կա»,- ասում է Ղազանչյանը:
Ներկայացված բեմադրության պրեմիերան կայացել է Մոսկվայում հինգ տարի առաջ, սակայն այսօր էլ այն Վախթանգովի թատրոնի առաջատար ներկայացումներից է: Վասիլի Լանովոյը մարմնավորում էր Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Աբել Զնորկոյին, իսկ մյուս հերոսի` Էրիկ Լարսենի դերը խաղում էր Եվգենի Կնյազևը, որը, ի տարբերություն Լանովոյի, Հայաստանում առաջին անգամ էր հանդես գալիս:
«Ես դեռ խորհրդային տարիներին եկել եմ Հայաստան ու շատ սիրել թե՛ ձեր երկիրը, թե՛ ժողովրդին, - ասում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Եվգենի Կնյազևը: - Ժամանակին կարդում և խոսում էի հայերեն, բայց, ցավոք, արդեն մոռացել եմ»:
Նրա խաղընկեր Վասիլի Լանովոյի կարծիքով իրենք այստեղ հյուր չեն:
«Մեր թատրոնն արյունակցական կապ ունի հայ ժողովրդի հետ այն պարզ պատճառով, որ այն հիմնել է ծագումով հայ Եվգենի Վախթանգովը, և այս մշակութային օջախում ձևավորված ավանդույթները սերտորեն կապված են Հայաստանի հետ»,- նշել է Լանովոյը:
1921 թվականին Եվգենի Վախթանգովի բեմադրած «Սուրբ Անտոնիոյի հրաշքը» ներկայացումը Մոսկվայի թատերական կյանքում դրեց նոր թատրոնի հիմնաքարը: Մոսկվայի գեղարվեստական թատրոնի երրորդ ստուդիան 1926 թվականին վերանվանվեց Վախթանգովի անվամբ:
Վախթանգովը վախճանվեց 1922 թվականին 39 տարեկանում: Սակայն նրա բեմադրած երեք ներկայացումները՝ Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոյի հրաշքը», Չեխովի «Հարսանիքը» և Գոցիի «Արքայադուստր Տուրանդոտը», մինչև այժմ չեն մոռացվել:
Վախթանգովի բեմադրությունները՝ խոր ռեալիստական մեկնաբանումներով ու վառ տոնական տրամադրություններով, նոր ուղղության հիմք դրեցին թատերական արվեստում:
«Չկա տոն, չկա և ներկայացում»՝ ասում էր Վախթանգովը:
Բեմում նրա ստեղծած կերպարները պատկերում էին կյանքը գրոտեսկային, ընդգծված ձևերով և սուր հակադրություններով:
Վախթանգովի մահից հետո նրա հիմնադրած թատրոնը ղեկավարեցին դարձյալ հայկական արմատներով Ռուբեն Սիմոնովը, ապա նրա որդին՝ Եվգենի Սիմոնովը։ Այսօր այդ ավանդույթները պահպանում և ժամանակին համահունչ զարգացնում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ ՈՒլյանովը:
Վախթանգովի թատրոնի դերասանները Երևանում հանդիպում ունեցան նաև Սլավոնական համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ, որոնք փոքր միջոցառում էին պատրաստել ի պատիվ սիրված արտիստների:
Վասիլի Լանովոյին ու Եվգենի Կնյազևին Երևանում ընդունեցին բուռն ծափահարություններով, ջերմ ողջյուններով ու ծաղիկներով: Աշխարհի բազում բեմահարթակներ ելած Լանովոյի խոսքերով՝ հայ հանդիսատեսը մի յուրահատուկ ջերմություն ունի, որից կարող է հուզվել անգամ ամենագոռոզ արտիստը:
«Հենց օդանավակայանից ինձ համակում է հարազատության զգացումը, - ասաց դերասանը։ - Ե՛վ այն տարիներին, և՛ այսօր առիթը բաց չեմ թողել այցելելու Հայաստան։ Այսօր առաջին հայացքից կարող է թվալ, թե մի տեսակ առանձնացած ենք միմյանցից, բայց այն թատերարվեստը, որ ունեն ռուս և հայ ժողովուրդները, հնարավորություն է տալիս, որ, արհամարհելով որոշ դժվարություններ, շնորհիվ թատրոնի նվիրյալների, կարողանանք հաղորդակցվել»:
|