Դիրիժոր Օհան Դուրյանը, որը լքել էր Հայաստանը՝ երդվելով այլևս երբեք չվերադառնալ, վերադարձել է, որպեսզի իր օգնությունը բերի Երևանում թափ առնող քաղաքական ընդդիմությանը:
Երկու տարի առաջ մշակույթի նախարարության պաշտոնյաները լուծարեցին Դուրյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար ցմահ նշանակելու մասին պայմանագիրը:
Դրանից հետո 80-ամյա դիրիժորը, որը ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, հնգամյա պայմանագիր կնքեց Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մոսկովյան «Ռոսիյսկայա գազետա» լրագիրը նրան անվանել է «աշխարհի մեծագույն դիրիժորներից մեկը»:
Լքելով Հայաստանը՝ դառնացած դիրիժորը հրապարակավ հրաժարվեց
«Մեսրոպ Մաշտոց» շքանշանից
և
«Մովսես Խորենացի» մեդալից՝ Հայաստանում պետության կողմից իր քաղաքացիներին շնորհվող բարձրագույն պարգևներից:
«Ես վեր եմ այդ ամենից,- ասում է դիրիժորը: - Չնայած իշխանավորներն ինձ մեծագույն հարված հասցրեցին, ես չեմ եկել վրեժ լուծելու: Նրանք ի վերուստ կստանան իրենց պատիժը»:
Դուրյանն ասաց, որ վերադարձել է հայրենասիրությունից մղված: Վերջերս նա մասնակցեց մտավորականների ժողովին, որտեղ հայրենակիցներին կոչ արեց իշխանափոխություն իրականացնելու:
«Ես արվեստագետ եմ և չեմ զբաղվում քաղաքականությամբ, սակայն այսօրվա կառավարության ամբարտավան գործելակերպը և ժողովրդի թշվառ վիճակն ինձ անտարբեր թողնել չեն կարող,- ասաց մաեստրոն «ԱրմենիաՆաուի» թղթակցին: - Ես չեմ կարող լռել. դա է պատճառը, որ միացել եմ ընդդիմությանը և ուզում եմ օգնել նրան: Դրա համար եմ իմ խոսքն ուղղել հենց նախագահին, որ նա դիմի իր խղճին ու տեսնի, արդյոք զենքով, տանկով, հրանոթով, փշալարերով, ծեծելով անմեղ մարդկանց, ովքեր ուզում էին բացահայտել ընտրակեղծիքները, ահաբեկչական ակտերով հնարավո՞ր է ղեկավարել երկիրը: Նախագահը, երկրի ղեկավարն ընդհանրապես, իր խղճի հետ պետք է խոսի ու անի այն, ինչ թելադրում է իր խիղճը»:
Խղճի թելադրանքով Դուրյանն այսօր հայտնվել է շարժման հորձանուտում, և դա հակադրում է նրան իշխանություններին: Նա նաև ասում է, որ իր անունը հայտնվել է «վտանգավոր մարդկանց ցուցակում»:
Դուրյանի կարծիքով մյուս արվեստագետներին էլ հաճելի չի այս վիճակը, բայց ոչ բոլորն են հավատարիմ իրենց սկզբունքներին:
«Ընդդիմության մեջ կան նվիրյալներ, սակայն շատ են նաև իշխանության, աթոռի մոլուցքով տարվածները, - նշում է Դուրյանը: - Ես հարգում եմ այն մտավորականներին, ովքեր մնացին իրենց դիրքերի վրա՝ Սիլվա Կապուտիկյան, Գոհար Գասպարյան, Տիգրան Լևոնյան, Վլադիմիր Աբաջյան, Խորեն Պալյան: Նրանք չստորացան, որպեսզի հաճոյանան նախագահին և ստանան ինչ-որ բարիքներ»:
«Արդարություն» խմբակցության մամլո քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը կարևորում է Դուրյանի դիրքորոշումը:
«Ժողովուրդն իսկապես սպասում է իր սիրած արվեստագետների խոսքին, դրան հասարակությունը մեծ նշանակություն է տալիս, և այն, անշուշտ, ունի մեծ ներգործություն»,- ասում է Խաչատրյանը:
Դուրյանն ասում է, որ իր վերքերը մի քիչ սպիացել են, և որ այժմ իրեն հիմնականում մտահոգում է ժողովրդի ծանր վիճակը:
«Նրանք, ովքեր չեն համակերպվում իրավիճակի հետ, հեռանում են: Հռչակեցինք անկախ Հայաստան, որպեսզի այն դատարկվի՞ հայությունից: Գրեթե մեկ դար առաջ ցեղասպանություն եղավ, բայց հիմա էլ Հայաստանի դատարկումը պակաս ցեղասպանություն չէ», ասում է նա:
Մարտի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Օհան Դուրյանի հետ: Հանդիպման ընթացքում Բաղդասարյանը նշել է, որ մեծ սխալ էր աշխարհահռչակ դիրիժորի հետ վարվել նման ձևով:
«Ես ամեն ինչ կանեմ այդ սխալն ուղղելու համար, տեսնենք, թե ինչ կարող ենք անել», ասել է Բաղդասարյանը:
Մշակույթի նախարար Թամար Պողոսյանն առայժմ լռում է:
«Ես չեմ ճանաչում այդ կնոջը, եթե նա ցանկանում է ինձ հետ ծանոթանալ, խնդրեմ, թող հրավիրի,- ասում է Դուրյանը,- միևնույն է, արդեն պաշտոն չունեմ, որ խլեն ձեռքիցս, կորցնելու ոչինչ չունեմ: Այսօր միայն հույս ունեմ, որ ընդդիմությունը հաստատակամ կլինի, իսկ աթոռներ գրաված թափթփուկները կհեռանան առանց արյուն թափելու»:
|