Ես նոր եմ վերադարձել Թբիլիսիից, որտեղ քաղաքական թարմ մթնոլորտ է ձևավորում երեկվա ընդդիմության հերոսը, որը կյանքի է կոչում իր խոստացած փոփոխությունները: Վերադարձել եմ Երևան, որտեղ սպառնալիքներով աղտոտված մթնոլորտն այն ամենն է, ինչին տեղի «Ընդդիմությունն» ի վիճակի է հասնել՝ ապավինելով անունների վրա, որոնք այսօր խորտակվել են իրենց երբեմնի ծանրակշիռ քաշից:
Անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից դժգոհության հրապարակային որևէ ցույց չէր եղել: Իշխանավարման իր վեց տարիների ընթացքում Պետական նավը հիմնականում հարթ է նավարկել, եթե անտեսելու լինենք այն
կարևորագույն փաստը, որ դեպի բարգավաճում ուղղված իր նավարկությունում այն շատերին է թողել իր հետևում:
Սակայն այսօր մայրաքաղաքում հուզումներ կան: Ձերբակալություններ են արվում: Մարդկանց ծեծի են ենթարկում՝ փորձելով կանխել ընդվզումը: «Իշխանափոխություն» բառն այսօր ընդունվում է լրջորեն և դարձել է լրատվամիջոցների հիմնական նյութը:
Այսօր ընդդիմությունն անում է այն, ինչ նրան ամենից լավ է հաջողվում՝ ընդդիմանում է: Եվ հասնում է այն բանին, ինչին հասնում է առավել հաճախ՝ ոչնչի:
Չկարողանալով մեկ տարի առաջ փոփոխություններ ապահովող պլատֆորմ ստեղծել՝ ընդդիմությունը կրկին հեղափոխության կոչ է անում, առանց հստակ ներկայացնելու, թե ինչի է այն հանգեցնելու:
Ենթադրենք, որ անցյալ ձմեռ հեղափոխության իրականացրած իրենց հյուսիսային հարևանների նման, տեղի ընդդիմությունը ներխուժում է խորհրդարան (ինչն այն թեթևակիորեն սպառնում է անել) և վերցնում է իշխանությունը: Իսկ հետո՞:
Սա մի հարց է, որ ես տալիս եմ տեղի իմ երիտասարդ, պայծառ բարեկամներին՝ չափահաս մարդկանց, որոնք դժգոհ են ներկա ղեկավարությունից, սակայն որոնց չի ոգևորում ընդդիմության անկարողությունը միավորելու ինքն իրեն, էլ չասենք՝ ազգը:
Քսանքանի տարեկաններից մեկը կրկնեց համընդհանուր տեսակետը. «Հայաստանում չկա ընդդիմություն: Կան միայն նրանք, ովքեր իշխանություն ունեն, և նրանք, ովքեր նախկինում են իշխանություն ունեցել»:
Եվ նրանք, ովքեր ներկայումս իշխանություն են, անշուշտ պետք է գիտակցեն, որ անցյալ տարվա անարդար ընտրությունները հազիվ թե կարելի է ժողովրդի մանդատ համարել, և նրանք լրջորեն են ընդունում ընդդիմության սպառնալիքները, չնայած այն հանգամանքին, որ այդ գռմռոցը պատկանում է անատամ գիշատչի:
Այս նոր հոխորտանքները ճնշելու իշխանությունների փորձերը միայն օրինականացնում են ընդդիմության տակավին սին հայտարարությունները և բացահայտում են իշխանավորների նեղմտությունը, որոնց հավանաբար արժեր տապալել, սակայն որոնք պահպանում են իրենց պաշտոններն այլըտրանք չունենալու պատճառով:
Եթե դուք հետևում եք նախկինում սույն էջում շարադրված կարծիքներին, ապա գիտեք, որ դրանք շատ հեռու են ներկա իշխանություններին համակրելուց: Բայց՝ ու՞մ է ծառայում այն շարժումը, որը դժգոհությունը ներկայացնում է որպես քաղաքականություն:
Ի՞նչ կանի ընդդիմությունը, երբ զրկվի դիմադրությունից:
Անցյալ տարի կայացած ընտրություններում ընդդիմությունը փորձում էր հաղթանակի հասնել՝ առաջադրելով մի թեկնածուի, որը համարվում էր իր պաշտելի հոր հայելապատկերը, սակայն ինչպես պարզվեց, ընդամենը նրա ստվերն էր: Այժմ նա և առաջնորդական չապացուցված ունակություններով մյուս գործիչները խնդրում են զանգվածներին հետևել իրենց ընդվզման դարպասներով դեպի
ու՞ր:
Վրաստանի «վարդերի հեղափոխությունն» ապացուցեց, որ դժգոհությունը կարող է հանգեցնել փոփոխությունների: Նոր ղեկավարությունն արդեն միջոցներ է ձեռնարկում՝ ուղղելու նախորդ վարչակարգի սխալները:
Իսկ Հայաստանի ընդդիմության նպատակը կարծես լոկ Առաջին աթոռը դատարկելն է, իսկ հետո էլ հուսալը, որ իրենցից մեկը կզբաղեցնի այն:
Առաջիկա օրերին Մարշալ Բաղրամյան պողոտան կհեղեղվի ավտոբուսներով Երևան բերված գյուղացիներով, որոնք կպահանջեն ավելի լավ ղեկավարություն: Եվ նրանք թերևս արժանի են դրան: Սակայն քիչ հիմքեր կան հավատալու, որ «կեղծ հեղափոխությունը» կհասնի որևէ այլ արդյունքի բացի ընդվզումից: |