ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 02, 2004




Ըննդեմ ընդդիմության. դատախազությունը միջոցներ է ձեռնարկում «Արդարություն» դաշինքի դեմ

Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Արդարություն» դաշինքի դեմ, որը իշխող վարչակարգին ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների կոալիցիա է:

Բազեյանն ասում է, որ քրեական գործը չի խոչընդոտի ընդդիմությանը

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաքներ են անցկացնում և իշխանափոխության կոչեր են անում: Այժմ իշխանություններն այդ գործողությունները որակում են որպես անօրինական և սպառնալիք ներքին կայունությանը:

«Եթե մեկը ուլտիմատումներով է խոսում իշխանությունների հետ, եթե բացեիբաց ասում է, որ լինելու է արյունահեղություն, կարծում եմ, որ իրավապահ մարմիններն անելիք ունեն», չորեքշաբթի լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Նույն օրը երեկոյան իշխանությունները հաղորդագրություն են տարածել այն մասին, որ մտադիր են քրեական գործ հարուցել «Արդարություն» դաշինքի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով (սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր) և 318 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչին վիրավորելը):

Դատախազության հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ««Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները և նրանց հարող անձինք, սկսած 2004 թ. փետրվար ամսից, հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքի համայնքներում կազմակերպելով հիմնականում չարտոնված հանրահավքներ և հրապարակայնորեն վիրավորելով իշխանության ներկայացուցիչներին՝ կոչ են արել բռնությամբ զավթել պետական իշխանությունը, փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը»:

Երեկ՝ ապրիլի 1-ին, ասուլիսով հանդես եկավ «Արդարություն» դաշինքի քաղաքական վերնախավը նախկին նախագահական թեկնածու Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: Դաշինքը վերահաստատեց «իշխանափոխությունը հնարավորինս անցնցում և խաղաղ ճանապարհով իրականացնելու» իր մտադրությունը:

Դաշինքի ղեկավարներն ափսոսանք հայտնեցին, որ սահմանադրական դատարանի առաջարկած վտահության հանրաքվեն չանցկացվեց, և ասացին, որ հանրաքվեն հարցի խաղաղ լուծման հնարավորություն էր իշխանությունների համար, որոնց ընդդիմությունն անվանում է «ոչ լեգիտիմ»:

Ընդդիմության մեկ այլ առաջնորդի՝ Ալբերտ Բազեյանի խոսքերով նույնիսկ քրեական գործի հարուցումը չի կարող ազդել իրենց հաստատակամության վրա:

«Ովքեր խոսում են կարգ ու կանոնից, թող սկսեն իրենցից, թող նախ պատասխան տան «հոկտեմբերի 27-ի» համար», ասաց Բազեյանը: Ընդդիմությունը շարունակում է մեղադրել երկրի նախագահին, պաշտպանության նախարարին և գլխավոր դատախազին երկրի անվտանգությունը չապահովելու մեջ, ինչը հանգեցրեց 1999 թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը խորհրդարանում, որին զոհ գնացին 7 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բազեյանը դատախազության որոշումն ընկալում է որպես ապրիլմեկյան կատակ: Սակայն իրավիճակը զվարճալի չէ, քանի որ ընդդիմության հավաստմամբ երեկ արդեն ձերբակալվել է ընդդիմության առաջին ներկայցուցիչը՝ «Հանրապետություն» կուսակցության Թալինի տարածքային կազմակերպության նախագահ Ժորա Սափեյանը (գլխավոր դատախազությունից «ԱրմենիաՆաուին» հայտնեցին, որ այդ հարցի մասին տեղեկություն չունեն):

Իրավապահ մարմիններն արդեն հասել են ընդդիմության ղեկավարների հարազատներին. խուզարկվել է Բազեյանի եղբոր բնակարանը, իսկ նրա եղբորորդուն կանչել են զրույցի:

«Սա լավ նշան է. «Ղարաբաղ» կոմիտեի հանդեպ գործ հարուցեցին՝ եկանք իշխանության, - ասում է ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը, - նույնը՝ 1996-ի դեպքերից հետո: Հայաստանում օրինաչափություն է՝ ձերբակալվելը բերում է իշխանության»:

Երեկվա ասուլիսում ընդդիմության ղեկավարները կրկին հրաժարվեցին նշել, թե երբ կսկսվեն զանգվածային ցույցերը, որոնք, նրանց համոզմամբ, կհանգեցնեն իշխանափոխության:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Years Minus
A1-Plus

Today (April 2) was marked as the two-year anniversary of television station A1-Plus being removed from the airwaves in Armenia. The oppositional station has been denied a license despite repeated bids, and is seen by many as evidence of government suppression. It has continued its news service at www.a1plus.am

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.