Հայտնի հայաստանյան իրավապաշտպանը շարունակում է մնալ հիվանդանոցում. երեքշաբթի առավոտյան նա Երևանում ենթարկվել է հարձակման և ստացել է մարմնական վնասվածքներ:
 |
Դանիելյանը |
Վիեննայում տեղակայված Հելսինկյան ընկերակցության հայաստանյան գրասենյակի նախագահ 45-ամյա Միքայել Դանիելյանը ենթարկվել է չորս անհայտ անձանց հարձակմանը Փափազյան փողոցի վրա գտնվող իր տան մոտակայքում, երբ զբոսանքի է հանել իր շանը: Հարձակվողները հետևից հարվածել և գետնին են գցել Դանիելյանին, ապա սկսել են ոտքով հարվածներ հասցնել նրան, մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը:
Դանիելյանին հասցրել են հանրապետական հիվանդանոց, որի նյարդավիրաբուժական բաժանմունքի բժիշկ Պետրոս Բաբայանի հավաստմամբ Դանիելյանի վիճակն «ընդհանուր առմամբ կայուն է»:
Ըստ բժշկի Դանիելյանն ուղեղի ցնցում չի տարել, սակայն վտանգավորության աստիճանի բարձր է նրա արյան ճնշումը, ինչը բժիշկների կարծիքով կարող է հանգեցնել կաթվածի:
Երևանի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել միջադեպի կապակցությամբ, սակայն առայժմ կասկածյալներ չկան: Քննիչները հանդիպել են Դանիելյանին հինգշաբթի օրը:
Դանիելյանը, որը Հայաստանի ամենաակտիվ իրավապաշտպաններից մեկն է, կարծում է, որ հարձակումը ծրագրել և իրականացրել են իշխանությունները՝ ի պատասխան Հայաստանում պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեմ իր քննադատական ելույթներին: Իր դեմ կիրառված բռնարարքը նա որակել է որպես «պետական ահաբեկչություն» և ասում է, որ իշխանությունների մտադրությունը եղել է իրեն վախեցնելը:
«Իշխանությունները հարյուրավոր պատճառներ կարող էին ունենալ ինձ վրա հարձակում կազմակերպելու համար, - ասում է Դանիելյանը: - Ես հետաքննում եմ շատ հանցագործություններ, պաշտպանում եմ մարդկանց, որոնց հետապնդում են իշխանությունները, զեկույցներ եմ պատրաստում մի շարք արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների համար»:
Դանիելյանն ասում է, որ դեռևս պարզ չէ, թե իր գործունեության, վերջին հրապարակումների կամ հայտարարությունների մեջ կոնկրետ ինչը կարող էր հրահրել հարձակումը, մինչդեռ տեղի լրատվամիջոցներն առաջ են քաշում հետևյալ վարկածները:
Ոմանք կարծիք են հայտնում, որ հարձակումը Դանիելյանի վրա ադրբեջանական «Էխո» թերթին նրա տված հարցազրույցի հետևանքն է. թերթում Դանիելյանը քննադատել է նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին վերջին շաբաթներին ակտիվացած ընդդիմադիր շարժումը կասեցնելուն ուղղված նրանց ձեռնարկած միջոցների համար:
Պատասխանելով ադրբեջանական թերթի այն հարցին, արդյոք Հայաստանի զինված ուժերի զորավարժությունները նշանակում են, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի՝ Դանիելյանը ըստ թերթի ասել է. «Կարծում եմ, որ զորավարժությունները կապված են ընդդիմության հանրահավաքների և բողոքի ակցիաների հետ: Սակայն եթե Քոչարյանը տեսնի, որ ձեռնարկած կոշտ մեթոդները չեն օգնում, նա կարող է ընդդիմությանը լռեցնելու համար դիմել այդ քայլին (պատերազմ սկսել)»:
Որոշ լրագրողներ այն կարծիքին են, որ իշխանությունները կազմակերպել են հարձակումը, որպեսզի գոնե ժամանկավորապես դադարեցնեն Դանիելյանի իրավապաշտպան գործունեությունը, երբ իրենք սկսեն ընդդիմության ակտիվիստների զանգվածային ձերբակալությունները:
Ընդդիմադիր կուսակցությունների մի քանի անդամներ արդեն ձերբակալվել են անցյալ շաբաթ Գյումրիի հանրահավաքում տեղի ունեցած անկարգություններից հետո:
Դանիելյանն ասում է, որ չի բացառում է, որ ծեծի նպատակը եղել է իրեն լռեցնելը: Դանիելյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի համոզմունքով իր ամուսնու գործունեությունը անհանգստացնում է իշխանություններին, և նրան ծեծի են ենթարկել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իշխանությունների գործունեության քննադատության համար:
«Ես կանխատեսում էի, որ նման մի բան կարող է կատարվել», ասում է Հակոբյանը, որը Լոնդոնում տեղակայված «Փ.Է.Ն.» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենն է:
«Իշխանամետ լրատվամիջոցները վերջերս ուժեղացրել էին իրենց կեղտոտ հարձակումները Միքայելի վրա: Ելնելով դրանից կարելի է գուշակել իշխանությունների վերաբերմունքը Դանիելյանի նկատմամբ»:
 |
Աննա Հակոբյանը |
Հակոբյանը վերհիշում է 2002 թվականի հարձակումը լրագրող Մարկ Գրիգորյանի վրա, որը լուրջ մարմնական վնասվածքներ էր ստացել ինքնաշեն ռումբից պայթյունից: Ոմանք կարծիք են հայտնում, որ այդ հարձակումը պատասխան էր Գրիգորյանի գրած ոչ իշխանամետ հոդվածներին: Միջադեպի կապակցությամբ ոչ ոք չձերբակալվեց, իսկ Գրիգորյանը դեպքից որոշ ժամանակ անց մեկնեց արտասահման:
«Դանիելյանը դարձավ իշխանությունների անողորմածության ևս մեկ զոհը, - ասում է Հակոբյանը: - Քանի՞ հոգի պիտի տուժի, որ պարզ դառնա, որ այս ամենը պատվիրված է»:
Նախագահ Քոչարյանը հանձնարարել է գլխավոր դատախազին ուսումնասիրել միջադեպի բոլոր հանգամանքները և ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու համար:
Իսկ այդ ընթացքում մի շարք լրատվական կազմակերպություններ հանդես են եկել Դանիելյանի վրա կատարված հարձակումը դատապարտող հայտարարությամբ:
«Մենք գտնում ենք, որ նման բռնարարքները հանրապետությունում տիրող անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքն են, - ասված է հայտարության մեջ: - Մենք հուսով ենք, որ իրավապահ մարմինները կխախտեն վերջին տարիների տխուր ավանդույթը և կգտնեն հանցագործության կատարողներին, քանի որ միայն հանցագործների պատիժը կարող է կանխել հետագա բռնությունները»: |