Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, որն ընկած է Երևանից մոտ 100 կմ դեպի հյուսիս-արևելք, 65-ամյա Պայծառ Գրիգորյանը տնից տուն է վազում, որպեսզի հասցնի պատվաստում անել երեխաներին, քանի դեռ դեղը չի կորցրել իր հատկությունները:
Նա դեղորայքը թարմ պահելու ոչ մի հնարավորություն չունի, գյուղի բուժկետը նույնիսկ պատուհան չունի:
Պայծառը 50 տարի գյուղի բուժքույրն է։ Հիշում է, որ խորհրդային տարիներին եղել է բուժկետ, որտեղ կատարվել են բոլոր բժշկական պրոցեդուրաները։ Այդ օրերն անցել են, իսկ Պայծառը մնացել է` մարմնավորելով գյուղի կապը առողջապահության համակարգի հետ:
«Առավոտ 8-ից դուրսն եմ, գյուղապետին աղաչում եմ՝ գոնե էս սենյակի պատուհանը դիր, որ հիվանդները գան ստեղ սրսկեմ», ասում է նա։
Բայց բուժկետն անգամ ներարկումներ անելու համար բավարար լուսավորություն չունի, և ավագ բուժքույրը ստիպված տնից տուն է գնում:
«Հիմա դեղը բացում եմ ու ընկնում տները, որ երկու ժամում հասցնեմ բոլորին պատվաստել, - ասում է Պայծառը։ - Եթե ուզեն՝ կվերանորոգեն, բայց գիտեն, որ վազում եմ, տնից տուն եմ ընկնում՝ էլ չեն անում»։
Փոքր գյուղերում, ինչպես Լճաշենն է, մի բուժքույր է աշխատում, որը ծնունդ է ընդունում, պատվաստում անում, բժիշկի նշանակած ներարկումներն անում և առաջին բուժօգնություն ցույց տալիս։
65-ամյա Պայծառ Գրիգորյանը իր 50 տարվա ծառայությունների համար ստանում է 5 հազար դրամ աշխատավարձ (մոտ 9 դոլար)։
Բելգիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը սկսել է Վարդենիսի գյուղերի բուժսպասարկման համակարգը բարելավելու հնգամյա ծրագիր: Ծրագիրը նախատեսում է նաև ապահովել հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները դեղորայքով և բժշկական սարքավորումներով:
Պայծառը միակը չէ, որ սպասում է այդ բարեփոխումներին:
«ԱրմենիաՆաուի» թղթակիցը Վարդենիսի շրջանում այցելել է չորս գյուղ, որտեղ բուժկետը լավագույն դեպքում մի կիսավեր շինություն է։ Երկու գյուղում՝ Աղբյուրաձորում ու Կախակնում, բուժքույրերի բնակարանները ծառայում են որպես բուժկետ:
Պատվաստումների ցանկը փակցված է Կախակն գյուղի բուժքույր Նունե Վաթյանի տան պատին։
 |
Բուժքույր Նունեի տունը դարձել է բուժկետ
|
«Փոքր, նորածին երեխաներին գնում եմ տներում եմ սրսկում, մեկ-երկու տարեկաններին բերում են այստեղ», ասում է Նունեն։
530 բնակիչ ունեցող Կախակնում ապրում են
Ադրբեջանից փախստականներ։
«Հիվանդը որ գալիս ա սրսկվելու, ամուսնուս տնից դուրս եմ հանում, տունս հիվանդասենյակ ա դառել, - ասում է Նունեն: - Շատերը չեն կարողանում գալ, ես եմ գնում, հելնում-իջնում եմ, սաղ օրը տանջվում եմ։ Իմ չարչարանքը էլի ոչինչ, գոնե դեղ ուղարկեին, առաջին օգնություն ցույց տալ կարողանամ, որ մեկը գա դուռս, տաբլետկա լինի, տամ, ասեմ՝ տար լեզվիդ տակ դիր։ Ստիպված իմ փողով եմ առնում, որ չասեմ՝ գնա, դեղ չկա»։
Նունեն նաև ընդունում է ծնունդները։ Այս տարի գյուղի 5 ծնունդից 3-ը նա է ընդունել։ Մյուս երկուսը եղել են առաջնեկ, իսկ Նունեն առաջնեկի ծնունդ չի ընդունում, համարում է այն ավելի պատասխանատու, և պնդում է, որ ծննդկանները գնան մոտակա Վարդենիսի հիվանդանոց, որը գտնվում է 10 կմ հեռավորության վրա:
|