Երևանի փողոցային շների գլխացավանք դարձած պրոբլեմը կարծես ավելի քաղաքակիրթ լուծում է ստանում:
 |
Նոր ծրագիրը նախատեսում է շներին փողոցում գնդակահարելու փոխարեն նրանց որսալ ցանցերով |
Միջոցների սղության պատճառով առայժմ կենդանիներին պարզապես ոչնչացնում են: Դրանով զբաղվում են որսորդները, որոնք որսի են դուրս գալիս ուշ գիշերով` ամեն մի սպանած շան համար ստանալով 70 սենթ: Այս բարբարոսական մեթոդն առաջ է բերում բնակիչների բողոքները, իսկ կրակոցների ու կաղկանձող շների աղմուկը խանգարում է նրանց քունը:
Քաղաքապետարանի վարձած շնորսները սպանում են իրենց զոհերին, կտրում են նրանց պոչերը` որպես հաջող որսի ապացույց, իսկ մարմինները տեղափոխում են քաղաքից դուրս ու թաղում բունկերներում:
Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանն ասում է, որ շուտով կկիրառվեն ավելի մարդասիրական կամ առնվազն ավելի քաղաքակիրթ մեթոդներ:
«Մոտակա մեկ ամսվա ընթացքում կփորձենք թափառող կենդանիներին ցանցերով որսալ», ասում է Ղազարյանը` նկատի ունենալով, որ այլևս կրակոցներ չեն լինի և բնակիչների գիշերային քունը չի խանգարվի: Շներին կոչնչացնեն բունկերների մոտ և այնտեղ էլ կթաղեն»:
Ղազարյանն ընդունում է, որ այս տարբերակը լավագույնը չէ, սակայն ասում է, որ իրենք տարիներ շարունակ քաղաքապետարանի ֆինանսական միջոցների սղության պատճառով այլընտրանք չեն ունեցել:
Նախատեսվում է հետագայում կառուցել հատուկ կացարան, որտեղ թափառական շները կպահվեն, մինչև նրանց համար որևէ օգտակար կիրառում գտնելը կամ ոչնչացնելը:
«Խորհրդակցությունների ու համաձայնությունների արդյունքում մենք վերջապես հնարավորություն կստանանք հրաժարվելու կենդանիներին ոչնչացնելու տարբերակից, - ասում է Ղազարյանը: - Ծրագիրը կիրականացվի «Եվրասիա» հիմնադրամի միջոցներով և լիովին կփոխի աշխատանքի բնույթը»:
«Եվրասիան» 325 հազար դոլար է տրամադրել Երևանին թափառող կենդանիների կացարան է կառուցելու համար:
 |
Ապրելու անկյուն կտա՞ք
|
Ղազարյանի հավաստմամբ ծեր կամ հիվանդ շներին կացարանում «կքնեցնեն»: Սակայն կացարանի հիմնական նպատակը կլինի կենդանիների ամորձատումը կամ ամլացումը, ինչն արագորեն կվերացնի առկա պրոբլեմները։
«Ըստ վիճակագրական տվյալների այսօր Երևանում կա 8-10 հազար փողոցային շուն, որոնք օրեցօր բազմանում են՝ ստեղծելով բազմաթիվ խնդիրներ թե անվտանգության, թե համաճարակային առումով, - ասում Ղազարյանը: - Սակայն ինչպես վկայում է այլ երկրների փորձը, այս տարբերակով 3-5 տարվա ընթացքում հնարավոր կլինի առավելագույնս կանխել բազմացումը և խուսափել բարդություններից»:
Ծրագիրը նախատեսում է շների պատվաստում և համարակալում հատուկ չիփերի միջոցով: Այն շները, որոնք պիտանի կլինեն վարժեցնելու համար, կտրամադրվեն սահմանապահներին, ներքին զորքերին և այլ կառույցների:
«Ներկայումս քննարկումներ են ընթանում հարմար հողատարածք ձեռք բերելու ուղղությամբ, սակայն դեռևս հարմար տարբերակ չի գտնվել, և վերջնական համաձայնություն չկա, - ասում է Ղազարյանը: - Տարածքի հարցը լուծելուց հետո արագորեն կծավալենք մեր գործունեությունը ու կապրենք հանգիստ խղճով»:
|