ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
April 02, 2004




Օգնություն պատմությանը. պետությունը միանում է Հայաստանի հուշարձանների պահպանման միջազգային հանրության ջանքերին


Հինգ տարվա ընդմիջումից հետո այս տարի պետբյուջեից ՀՀ հուշարձանների պահպանության համար հատկացվել է 50 միլիոն դրամ:

«50 միլիոնը իհարկե քիչ է, բայց կարևորում ենք, որ վերջապես հատկացվեց, և տարեցտարի այդ գումարը կավելանա», ասում է մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:

Զվարթնոցի տաճարը պահպանվող հուշարձանների թվում է

Հատկացված գումարով կվերականգնվեն երեք հուշարձաններ՝ Որոտնավանքը (միջնադարյան ճարտարապետական հուշարձան և վանք Սիսիանում), Բարձրյալ խաչը Նոյեմբերյանում և Աշտարակի հին կամուրջը: Նախագծային աշխատանքներն արդեն ընթանում են, վերականգնման աշխատանքները կանցկացվեն մրցույթով:

Ըստ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հանրապետությունում հաշվառված են 30000-ից ավելի հուշարձաններ և 4000 հուշահամալիրներ:

«Խիստ անմխիթար վիճակում են և անհետաձգելի վերականգնման աշխատանքներ են պահանջում 27-30 հուշարձաններ, այլապես դրանք կարող ենք անվերադարձ կորցնել», ասում է գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը:

Ըստ նրա այդ հուշարձաններից չնչին մասունքներ են մնացել, իսկ միջազգայնորեն սահմանված նորմերը թույլ չեն տալիս վերականգնել հուշարձանը, երբ նրա պահպանվածությունը 30 տոկոսից ցածր է:

Հուշարձանների և պատմական վայրերի պահպանությունն ու օգտագործումը իրականացվում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական վայրերի պահպանության մասին ՀՀ օրենքով, որն ընդունվել է 1998 թվականին:

2003 թվականին ընդունվել է ևս մեկ օրենք` «Պետական սեփականություն համարվող օտարման ոչ ենթակա անշարժ հուշարձանների մասին ՀՀ օրենք»:

Գյուրջյանն ասում է, որ «օրենքը հնարավորություն տվեց տարանջատել այն պատմամշակութային անշարժ արժեքները, որոնք օտարման ենթակա չեն և հանդիսանում են պետության բացառիկ սեփականությունը»:

Սեփականատերեր ունեցող որոշ մշակութային հուշարձաններ պետության կողմից գրանցվում են որպես պատմամշակութային արժեքներ: Ըստ Գյուրջյանի նման պարագայում պետությունը կարող է հնարավորության դեպքում նյութական աջակցություն ցուցաբերել:

Անցած հինգ տարիներին, երբ պետական ֆինանսավորում չկար, հուշարձանների պահպանության գործակալությունը փորձում էր այլընտրանքային ճանապարհներ գտնել: Ստեղծվել են միջազգային համատեղ կազմակերպություններ: Գործակալությունը ներկայացրել է պատմամշակությին հուշարձանների պահպանության ծրագրեր, և միջազգային հասարակական կազմակերպությունները սկսել են ներդրումներ կատարել:

Օրինակ` հիմնադրվել է հայ-իտալական «Քարեդարան» հասարակական կազմակերպությունը, որին հաջողվեց Հայաստանի համար միջոցներ ստանալ հուշարձանների միջազգային համաշխարհային հիմնադրամից:

Մեծ ներդրումներ է արել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, երբ 2001 թվականին քրիստոնեության ընդունման 1700-ամյակի կապակցությամբ պետական սեփականություն համարվող 150 եկեղեցիներ վերադարձվեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:

10 հազար դոլար է հատկացրել Նորվեգիայի կառավարությունը: Ամենամեծ ներդրումն արել է «Լինսի» հիմնադրամը, որը 500 հազար դոլար է հատկացրել Գառնիի և Զվարթնոցի տաճարների վերականգնմանը:

Ըստ Գյուրջյանի պատմամշակութային հուշարձանները «թույլատրվում է վերականգնել և օգտագործել` իհարկե, չխաթարելով հուշարձանը ու չփոխելով նրա բնույթը»:

Հուշարձանների պահպանության բնագավառում 1993 թվականին Հայաստանը պայմանագիր է կնքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշակութային և բնական ժառանգության պահպանման վերաբերյալ:

Գառնիի տաճարը վերակառուցվում է «Լինսի» հիմնադրամի միջոցներով

«Այն երկիրը, որը ստորագրում է պայմանագիրը, պարտավորվում է պահպանել իր երկրի պատմամշակութային հուշարձանները միջազգային չափանիշներով, - ասում է հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Արծրուն Գրիգորյանը: - Նաև պարտավորվում է համաշխարհային ժառանգության կենտրոն ներկայացնել իր հուշարձաններից լավագույնները` որպեսզի քննարկվի դրանք համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցը»:

Ըստ Գրիգորյանի համաշխարհային ժառանգության ցանկում այսօր գրանցված է 800-900 հուշարձան, որոնք ներկայացրել են 120 երկրներ:

Այդ ցանկում Հայաստանն առաջին անգամ ներկայացվել է 1996 թվականին: Հայաստանից համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են Հաղպատ-Սանահին վանքային համալիրը, Էջմիածին քաղաքի եկեղեցիները և Զվարթնոցի հնագիտական վայրը, Գեղարդի վանքային համալիրը: Դրանք ընդգրկում են ընդամենը 300-400 հուշարձաններ:

Գրիգորյանն ասում է, որ վերջերս ներկայացվել է նաև Նորավանքին հարող 450 հեկտար տարածքը Եղեգնաձորում:

«Եթե այդ ցանկում ընդգրկված հուշարձաններին վտանգ սպառնա, և մեր երկիրն ի վիճակի չլինի այդ վտանգը միայնակ չեզոքացնելու, համաշխարհային հանրությունը միջոցներ կներդնի դրանք փրկելու համար: Այսինքն այդ հուշարձանները կարևորվում են ոչ միայն մեր երկրի համար, այլև համաշխարհային մշակութային արժեք ունեն, նրանց նշանակությունը միջազգային է», ասում է Գրիգորյանը:


According to Agnes
 

 


The Week in seven days

 
 


The Arts in seven days

 

  Photo of the week
 
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Two Years Minus
A1-Plus

Today (April 2) was marked as the two-year anniversary of television station A1-Plus being removed from the airwaves in Armenia. The oppositional station has been denied a license despite repeated bids, and is seen by many as evidence of government suppression. It has continued its news service at www.a1plus.am

 

 



Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.