1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարված
սպանություններում մեղադրվող Նաիրի Հունանյանի դատավարությունում
սկսվել են եզրափակիչ վիճաբանությունները: «ԱրմենիաՆաուի»
արտահաստիքային թղթակիցներ Թամարա Հովնաթանյանը
և Աննա Սաթյանը դիմել են Ազգային ժողովի մի քանի
պատգամավորների` խնդրելով ներկայացնել իրենց տեսակետները
դատավարության մասին: Այս տարիների ընթացքում դատավարությանը
հետևելու համար նրանցից ոմանք եղել են դատարանի
դահլիճում, մյուսները չեն գնացել այնտեղ` վախենալով,
որ ի վիճակի չեն լինի վերահսկել իրենց, երբ տեսնեն
մեղադրյալներին:
Գրիգոր Հարությունյան՝ Հայաստանի ժողովրդական
կուսակցության ղեկավար մարմնի անդամ. երեք տարի
կանոնավորապես այցելել է դատարանի նիստերը:
«Դատարանի նիստերն այցելելը ծանր փորձություն էր
ինձ համար, - ասում է Հարությունյանը: - Ամեն անգամ
դատարանի դահլիճում հայտնվելով ես սթրես եմ ապրում:
Բայց պատգամավորները պարտավոր են այցելել դատարանի
նիստերը, թեկուզ միայն նրա համար, որ թույլ չտան
ամբաստանյալին ավելի ու ավելի լկտի դառնալու»:
«Ես և փաստաբան Աշոտ Սարգսյանը, որը ներկայացնում
է Դեմիրճյանների ընտանիքի շահերը, կարծում ենք,
որ դատավարությունը վերածվել է ֆարսի: Դատավարությունն
այժմ այնպիսի փուլում է, որ չի կարող ավարտվել:
Այդուհանդերձ, այն մոտենում է իր ավարտին: Դա տեղի
ունեցավ այն պատճառով, որ դատակոչված մարդկանց քանակը
կտրուկ կրճատվեց: Դա հիմնավորվեց նրանով, որ դատարանը
բավականաչափ ցուցմունքներ ունի, և նոր վկաները պարզապես
կձգձգեն դատավարությունը: Սակայն դատավարության
ձգձգումը ոչ ոքի չէր անհանգստացնում, երբ ընտրությունների
ժամանակ այն հետաձգվեց վեց ամսով:
«Երբ մտածում եմ Հունանյանի վարքի մասին, համոզվում
եմ մի բանում, որ եղել են այլ դավադիրներ: Բայց
ովքե՞ր: Այս հարցը մնում է բաց»:
Հրանտ Խաչատրյան՝ «Սահմանադրական իրավունք»
միության ղեկավար. անտրամաբանական է համարում գործի
մի մասի առանձնացումը լրացուցիչ հետաքննության համար:
«Ինձ համար հենց սկզբից պարզ էր, որ մեր դատական
համակարգ, ցավոք, չի կարող հաղթահարել նման լուրջ
գործը: Համակարգը չի կարող միանգամից, հանկարծակի
դառնալ ավելի լավը, քան այն ստանդարտները, որոնց
այն սովոր է: Երբ լսում եմ, թե ինչ են ասում դատավարության
ժամանակ (ես չեմ խոսում փաստաբանների մասին, նրանք
կախյալ մարդիկ են, կախված են իրենց վարձած մարդկանցից,
ես խոսում եմ մեղադրողների մասին, որոնք ներկայացնում
են իշխանություններին) անհարմար եմ զգում նրանց
մասնագիտական մակարդակի համար», ասում է Խաչատրյանը:
Վիկտոր Դալլաքյան` «Արդարություն» դաշինքի
քարտուղար. գտնում է, որ 1999 թվականին գնդակահարվեցին
ոչ թե պարզապես քաղաքական գործիչներ, այլ՝ ազգային
հաստատություններ:
«Ես բացասականորեն եմ վերաբերվում այն փաստին,
որ հոկտեմբերի 27-ից հետո արտասահման մեկնած մի
քանի կարևոր վկաներ չեն դատակոչվել: Դա դրդում է
ինձ մտածելու, որ այդ մարդիկ կարող էին այս գործին
վերաբերող տեղեկություններ ունենալ», ասում է Դալլաքյանը:
¶ալուստ Սահակյան՝ Հայաստանի հանրապետական
կուսակցության խմբակցության ղեկավար. հույս ունի
դատավարության վերջում ստանալու իրեն հուզող հարցերի
պատասխանները:
«Այդ օրը ես խորհրդարանում էի, և իմ կողքին նստած
երկու ընկերներս զոհվեցին: Երբ լսեցի ճիչերն ու
հայհոյանքները, սկզբում կարծեցի, թե կատակ են անում:
Անմիջապես աշխատեց ինքնապահպանության բնազդը` դուրս
գալ: Պետք է ասեմ, որ այդ միջադեպն իր ազդեցությունն
է թողել շատ պատգամավորների մտածելակերպի և առողջության
վրա: Ծանր էր հատկապես նրանց համար, ովքեր մինչև
վերջ մնացին դահլիճում, և նրանց համար, ում մոտ
ընկերները սպանվեցին»:
Հմայակ Հովհաննիսյան՝ «Ազգային միաբանություն»
խմբակցության անդամ. այն կարծիքին է, որ և՛ հետաքննությունը,
և՛ դատավարությունը վերածվել են ֆարսի:
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Նաիրի
Հունանյանն է վարում և վերահսկում ամբողջ դատավարությունը,
- ասում է նա: - Ում մատնանշում է Հունանյանը, նրան
պատասխանատվության են կանչում: Ի միջի այլոց, ես
առաջին անձն էի, որին նա մատնացույց արեց և որի
անունը տվեց այդ օրը՝ «Դու ինչու՞ ես վախեցել, դու
ոչ մեկին չես թալանել ու ոչ մեկին չեն խաբել»: Այնպես
որ, կարող ենք եզրահանգում անել, որ ամենաառաջին
րոպեից իր բղավոցներով ու հայտարարություններով
մարդասպանը դրդում էր մեզ սխալ որոշումներ կայացնելու»:
Արմեն Ռուստամյան՝ Հայ հեղափոխական դաշնակցության
գերագույն մարմնի անդամ. այն կարծիքին է, որ հետաքննությունն
իրականացնող մարմինները որոշակի քաղաքական դիրքորոշում
ունեն:
«Ես այնպիսի զգացում ունեմ, որ դատարանը չի պատասխանի
բոլոր հարցերին: Սակայն ես չէի ուզենա, որ մնար
որևէ կասկած, հատկապես մի հարցի կապակցությամբ՝
եղել են, թե՝ ոչ այս գործի կազմակերպիչներ: Որոշ
մարդիկ այս ընթացքում պարզապես սեփականաշնորհել
են գործը և կարծում են, որ միայն իրենք իրավունք
ունեն խոսելու խորհրդարանի սպանությունների հետ
կապված որևէ բանի մասին և որ միայն իրենք են կատարվածի
զոհերը: Սակայն ո՞վ է ասել, որ այս քաղաքական շրջանները
կասկածից դուրս են, եթե իրենք իրենց զոհ են հայտարարել:
Դատավարությունը պետք է այնքան թափանցիկ և ճիշտ
ընթանա, որ հաշվի առնվեն բոլոր հնարավորությունները»,
կարծում է Ռուստամյանը: «Իսկ հիմա մենք Հունանյանին
հնարավորություն ենք տվել դառնալու մենակատար: Դատավարությունը
քաղաքականացնելով՝ մենք նրան տվեցինք բոլոր հնարավորությունները»:
|