|
ºñ¢³ÝáõÙ
ùã»ñÁ ·Çï»Ý,
áñ É»½í³µ³ÝáõÃÛ³Ý
¢ ïÝï»ë³·ÇïáõÃÛ³Ý
ÇÝëïÇïáõïÝ»ñÇ
ß»ÝùÇ Ñ»ï¢áõÙ
óùÝí³Í
¿ 13-ñ¹ ¹³ñÇ
»Ï»Õ»óÇ
|
Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթին նստած
ճերմակ աղավնիները ջերմանում են աշնան վերջին ճառագայթներից:
Նրանց մեղմիկ գվգվոցը միախառնվում է եկեղեցու բակում
վառվող մոմերին` համակելով շրջապատը հոգևոր անդորրով:
Երևանում այսօր քչերին է հայտնի, որ Սայաթ-Նովա
և Աբովյան փողոցների խաչմերուկում, ¶իտությունների
ազգային ակադեմիայի լեզվաբանության և տնտեսագիտության
ինստիտուտների շենքի հետևում թաքնված է ս. Կաթողիկե
գողտրիկ եկեղեցին:
«Լեզվաբանության ինստիտուտի շենքը տարիներ շարունակ
մարդկանց աչքից ծածկել է 13-րդ դարի այս կառույցը,
և եկեղեցին չի կարողանում ինչպես հարկն է իրականացնել
իր առաքելությունը», ասում է ս. Կաթողիկե եկեղեցու
քահանա Տեր Ավետիս Դանիելյանը:
«Այստեղ նախ և առաջ պետք է վերականգնել ամբողջ
եկեղեցին: Տարածքն այնքան փոքր է, որ 72 մարդ հազիվ
է տեղավորվում ներսում ժամերգության կամ պատարագի
ժամանակ»:
Երևանում գործող գրեթե բոլոր հին եկեղեցիները
կառուցվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից հետո:
Բացառություն է կազմում ս. Կաթողիկեն, որը ժամանակին
ճակատային մասով նայում էր Աբովյան փողոցին:
1930-ականներին խորհրդային իշխանությունների որոշմամբ
Երևանի կենտրոնում քանդվում եմ մի շարք եկեղեցիներ:
Մյուսները` ս.Կաթողիկեի նման, «թաքցնում» են այլ
շենքերի հետևում:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Հայր Արշակ Վարդապետ
Խաչատրյանը ասում է. «1936-ին, երբ սկսում են քանդել
ս. Կաթողիկեն, պարզվում է, որ այն բաղկացած է երկու
հատվածից՝ գավիթից, որը կառուցվել է 18-րդ դարում,
և բուն շինությունից, որը կառուցվել է 13-րդ դարում:
«Նվիրյալ ճարտարապետների ջանքերով կառույցը փրկվում
է ոչնչացումից: Խնդրին լուծում տալու՝ եկեղեցին
մեկուսացնելու համար, այն փակում են մեկ այլ շենքով՝
դատապարտելով բանտարկության»:
|
ê.γÃáÕÇÏ»
»Ï»Õ»óÇÝ
Ý»ñëÇó
|
Եկեղեցու հյուսիսային պատին արձանագրված է, որ
այն կառուցել է ոմն անեցի 1264 թվականին: Այն Երևանի
ամենահին եկեղեցին է: Վերակառուցվել է 1693 թվականին,
1679-ի երկրաշարժից կործանված 13-րդ դարի ս. Աստվածածին
եկեղեցու հիմքի վրա: 1995 թվականին վերաօծվել է
և այժմ գործող ծխական եկեղեցի է:
Տեր Ավետիսն ասում է, որ ամեն անգամ եկեղեցու
տարածքում ծառեր տնկելիս հայտնաբերել է մի կողմը
մշակված, մյուս կողմը ջարդված քարեր: Այսօր ս. Կաթողիկեի
բակում բաց երկնքի տակ դրված են խաչքարեր, ավերված
եկեղեցու բեկորներ, որոնք բերվել են անգամ հարևան
շենքերի բակերից:
«Մշակված քարը հողի տակ գործ չունի: Կոմունիստները
թաղել են մի ողջ պատմական անցյալ: Եկեղեցու հիմքերը
մենք չենք տեսնում, հարկավոր է առնվազն 4 մ փորել
հատակին հասնելու համար», բացատրում է Տեր Ավետիսը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խորհրդային տարիներին
բռնագրավված եկեղեցիները հետ ստանալու ծրագրի շրջանակներում
սույն թվականի սեպտեմբերի 13-ին դիմել է կառավարությանը,
որպեսզի վերահաստատվի իր պատմական իրավունքը ս.
Կաթողիկե եկեղեցու տարածքի և հարևանությամբ գտնվող
ինստիտուտի շենքի նկատմամբ, որը գտնվում է այն նույն
տարածքում, որը ժամանակին եղել է հայ առաքելական
եկեղեցու սեփականությունը:
Հոկտեմբերի 2-ին կառավարությունը ընդունել է «Հայաստանյաց
առաքելական եկեղեցուն շենք և շինություններ հանձնելու
մասին» որոշման նախագիծ, որով թույլատրվում է ¶ԱԱ-ին
պատկանող շենքը և օժանդակ շինությունները անհատույց
սեփականության իրավունքով որպես նվիրաբերություն
հանձնել Հայ առաքելական եկեղեցուն Երևանում կաթողիկոսական
նստավայր կառուցելու նպատակով:
Ըստ որոշման նախագծի լեզվաբանության և տնտեսագիտության
ինստիտուտները տեղափոխվելու են ¶րիգոր Լուսավորչի
փողոցի վրա գտնվող գրականության ինստիտուտի շենքը:
Դիվանապետն ասում է. «Հասարակության մեջ շահարկվում
է կաթողիկոսական նստավայր կառուցելու իրողությունը:
Սակայն եթե ս. Կաթողիկեն փակող շենքը դուրս է բերվում,
ապա եկեղեցու հետնամասում անպատճառ պետք է շինություն
կառուցվի:
«Այդ կառույցը կծառայի Վեհափառ հայրապետին պաշտոնական
ընդունելություններ կատարելու համար: Մեր պատմության
ընթացքում հոգևոր հայրերը հոգևոր կենտրոնին զուգահեռ
նստավայրեր են ունեցել մայրաքաղաքում»:
Ինստիտուտների 120 գիտաշխատողներն այսօր մտահոգված
են: Լեզվաբանության ինստիտուտի փոխտնօրեն Լավրենտի
Հովհաննիսյանը ասում է. «Այս շենքում է հիմնադրվել
մեր ակադեմիան: Քաղաքակիրթ երկրներում նման օջախները
պահպանվում են: Մեր բողոքը անձնական չէ. որտեղ էլ
լինի, մի գրասեղան կտան, կաշխատենք: Պարզապես ուզում
ենք, որ շենքը ծառայի իր նպատակին և լինի հայագիտության
կենտրոն»:
|
ê.γÃáÕÇÏ»
»Ï»Õ»óáõ
µ³ÏáõÙ
¹ñí³Í ˳ãù³ñ»ñÝ
áõ µ»ÏáñÝ»ñÁ
³ÝóÛ³ÉÇ
§Í³Ýñ¦
ÑÇß³ï³ÏÝ
»Ý
|
Խնդրո առարկա շենքը կառուցվել է 1938 թվականին:
Սկզբում եղել է դպրոց, պատերազմի տարիներին ծառայել
է որպես հիվանդանոց: 1943 թվականին այստեղ հիմնադրվում
է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին
նախագահներն են եղել Հովսեփ Օրբելին, ապա Վիկտոր
Համբարձումյանը: Այս շենքում են գործել ակադեմիական
համակարգի բոլոր ինստիտուտները:
«Այսօր փաստի առաջ են կանգնեցրել մի ամբողջ գիտական
աշխատակազմի: Սա նշանակում է անտեսել գիտական նվաճումները:
Ի վերջո, կան արժեքներ, որոնց չի կարելի դիպչել,
նվիրաբերել», դժգոհում է ինստիտուտի գիտաշխատող
¶այանե Մխիթարյանը:
Անցյալ շաբաթ գիտնականները բողոքի լուռ ակցիա
էին կազմակերպել շենքի առաջ: Հոկտեմբերի 27-ին նրանք
դիմել էին Երևանի քաղաքապետարանին ցույց անելու
թույլտվություն ստանալու համար:
Արևելագետ Ժոզեֆ Ավետիսյանն ասում է, որ կցանկանար
քաղաքի պատմական հուշարձանները տեսնել վերականգնված:
«¶իտնականները մտահոգ են հայագիտական կենտրոնի
պահպանման համար, բայց չէ՞ որ մեր լեզուն ու մշակույթը
անբաժան են: Մտածել մեսրոպյան լեզվի, բայց ոչ մեսրոպյան
եկեղեցու մասին՝ անարդար է: Այդ լեզուն առաջին անգամ
հնչեց եկեղեցում, և եկեղեցին է, որ տարածել ու պահպանել
է մշակույթը», ասում է նա:
Տեր Ավետիսը մտահոգված է, որ ս. Կաթողիկեն արևի
երես չի տեսնում: Շենքը արևելքից փակել է եկեղեցին,
ու քարերը խոնավությունից քայքայվում են, ս. Կաթողիկեն
խեղդվում է:
Մայր Աթոռի դիվանապետն էլ նշում է, որ ազատագրված
եկեղեցին իր միջնադարյան ճարտարապետական կերպարով
կդառնա այն խորհրդանիշը, որը կկապի Երևանի անցյալը
ժամանակակից մայրաքաղաքի կյանքի հետ:
«Ե՞րբ պետք է ս. Կաթողիկեն ըստ արժանվույն գնահատվեր
որպես միջնադարյան Երևանի բնորոշ կառույց ու հոգևոր
կյանքի խորհրդանիշ, եթե ոչ անկախ և ազգային պետականության
պայմաններում», ասում է նա:
|