 |
...
|
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի օրենք, որը պետք է սահմանի հայ ընտանիքների կենսապահովման նվազագույն կարիքները:
«Սպառողական նվազագույն զամբյուղի և կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքը հիմք կհանդիսանա անապահով խավերին պետական օգնություն ցույց տալու և այնպիսի ցուցանիշների համար, ինչպիսիք են նվազագույն աշխատավարձը և թոշակները:
Ըստ նախագծի «սպառողական զամբյուղի կազմը և կառուցվածքը սահմանվում է օրենքով»: Իսկ կենսապահովման նվազագույն բյուջեի չափը պիտի հաշվարկվի տարին մեկ անգամ՝ «նվազագույն սպառողական զամբյուղի կազմում ներառված պարենային և ոչ պարենային ապրանքների և ծառայությունների սպառողական գների վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա»:
Սակայն մինչ Ազգային ժողովը համաձայնության է եկել օրենքի գաղափարի առումով, նախնական տարբերակում բացակայում են կոնկրետ ցուցանիշները և, ինչպես նշում են նախագիծը քննադատողները, կարևոր մանրամասները: Մասնավորապես, նախագծում նշված չէ, թե որը պետք է լինի նվազագույն կենսապահովման բյուջեյի ստորին սահմանը:
Դրա փոխարեն առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակում արձանագրված է, որ կառավարությունը պետք է օժանդակի սոցիալապես անապահով խավերին՝ «հիմնվելով միջազգայնորեն ընդունված ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմերի վրա»:
Խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե այս օրինագիծը կոալիցիայի կողմից ստորագրված հուշագրի այն դրույթի իրականացումն է, որի համաձայն «կառավարության տնտեսական քաղաքականությունը պետք է ունենա ընդգծված սոցիալական ուղղվածություն»:
Առաջարկված օրենքով «սպառողական զամբյուղի» պարունակությունը պետք է որոշվի այլ օրենքով, որը կոալիցիոն ուժերը խորհրդարանին են ներկայացնելու 2004 թվականի կեսերին:
Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար և օրենքի նախագիծը քննադատող Վիկտոր Դալլաքյանի բնորոշմամբ այս նախագիծը «օրենք է օրենքի մասին»:
Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկեց փոփոխություններ մտցնել նախագծի մեջ՝ կառավարությանը պարտավորեցնելով զամբյուղի մեջ ընդգրկել մի շարք ապրանքների և վճարովի ծառայությունների տեսականին (ջուր, գազ, էլեկտրականություն): Բացի այդ, կառավարությունը, կենսապահովման նվազագույն բյուջեի չափը հաստատելուց բացի, այն պետք է ներկայացնի նաև տվյալ տարվա բյուջեում:
Ըստ նախագծի նվազագույն սպառողական զամբյուղի կազմը պետք է վերահաշվարկվի հինգ տարին մեկ անգամ:
«Եթե ԱԺ-ն օրենքով որոշակի չափ սահմանի, և տվյալ կառավարությունը չկարողանա կատարել այն, ապա կառավարությունը պետք է հրաժարական տա», - հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը:
Օրինագիծը ներկայացնող Լևոն Մկրտչյանը (ՀՅԴ) նախապես ընդունելի համարեց Դալլաքյանի առաջարկները, սակայն դրանք տեղ չգտան քվեարկության դրված օրենքի նախագծում, որի հետևանքով խորհրդարանական երկու խմբակցություններ՝ «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը», հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը (հնարավոր է, որ դրանք քննարկման նյութ դառնան մինչև երկրորդ ընթերցումը):
Դալլաքյանը նաև ներկայացրեց ժողովրդի կենսամակարդակի վերաբերյալ մի շարք թվեր:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանի բնակչության 1,5 միլիոնի սննդի 70 տոկոսից ավելին կազմում են հացն ու կարտոֆիլը, ինչը նշանակում է, որ բնակչության 70 տոկոսը օրական ստանում է միջազգային չափանիշներով սահմանված 2100 կալորիայից պակաս:
Պատգամավորը հատուկ շեշտեց Հայաստանի անապահով խավերի ծանր վիճակը՝ բերելով հետևյալ թվերը. 530000 կենսաթոշակառու, 114000 հաշմանդամ, 42000 որբ երեխա և 40000 բազմազավակ (4 և ավելի երեխա ունեցող) ընտանիք:
ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում «չքավոր» են նրանք, ովքեր ունեն օրական 1 դոլարից պակաս եկամուտ, իսկ «աղքատ»՝ օրական 2 դոլարից պակաս վաստակողները: Ըստ Դալլաքյանի այս խավը կազմում է Հայաստանի բնակչության 80 տոկոսը: Պաշտոնական տվյալներով դրանք բնակչության ընդամենը 50 տոկոսն են:
1997 թվականին Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկելու մասին, սակայն այն հրապարակային բնույթ չէր կրում, և բնակչությունը տեղեկացված չէր, թե ինչ թվերից են ելնում նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ, նպաստ վճարելիս, երկրի բյուջեում՝ մեկ շնչի հաշվարկով ծախսված եկամուտը հաշվարկելիս:
Ըստ այդ որոշման Ազգային վիճակագրական ծառայությունը ամեն եռամսյակ հաշվարկում էր նվազագույն զամբյուղի արժեքը և ներկայացնում կառավարությանը: Ինչպես քննարկումների ընթացքում պարզվեց, 2003 թվականի երկրորդ եռամսյակի համար հաշվարկվել է 2100 կալորիա, որը մեկ շնչի համար կազմում է 15030 դրամ (մոտ 26 դոլար), որի միայն պարենային մասը կազմում է 9221 դրամ (մոտ 16 դոլար):
Ներկայումս աղքատության սահման է համարվում 22 դոլարը:
Անկախ իր վերջնական տեսքից նոր օրենքը չի տարածվելու 2004 թվականի բյուջեի վրա:
«Շատ ժամանակ կունենանք քննարկելու նվազագույն զամբյուղի կառուցվածքն ու հաշվարկման մեթոդիկան», - ասաց Մկրտչյանը:
Նախատեսվում է, որ օրենքը ուժի մեջ է մտնելու 2004 թվականի հունվարի 1-ին (և ազդելու է հաջորդ բյուջեների վրա), սակայն խորհրդարանի դահլիճից դուրս օրենքը քչերին է հայտնի:
Կենսաթոշակառու Նորա Հարությունյանն ասում է, որ չի հետևում քննարկումներին և դրական փոփոխությունների ակնկալիքներ չունի: Նա գիտե միայն սպասվող թանկացումների մասին (հացի, ջրի և այլն):
«Ի՞նչ ենք անելու: Առանց այդ էլ թաղված ենք պարտքերի մեջ, - ասում է նա: - Չենք կարողանում վճարել անգամ գազի ու ջրի կուտակված պարտքերը»:
Ուսուցչուհի Սեդա Սարգսյանն ուշադրությամբ հետևել է նվազագույն զամբյուղի վերաբերյալ քննարկումներին: Մանկավարժներին խոստացել են աշխատավարձի հավելում մինչև 30000 դրամ (մոտ 60 դոլար): Նվազագույն զամբյուղի ամրագրումը նրան հույսեր է ներշնչում, սակայն՝ «Միայն մի բան հասկացա, որ օրենքն անկատար է, իսկ թե երբ այն իրականություն կդառնա, ինձ համար պարզ չդարձավ»:
|