Լոռու մարզի դպրոցները այս շաբաթ փակվել են: Պատճառը
էպիդեմիկ պարոտիտի բռնկումն է (ժողովրդի մեջ առավել
հայտնի է «խոզուկ» անունով): Այս մանկական վարակիչ
հիվանդությամբ վարակվել են ավելի քան 200 երեխաներ
Վանաձորի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններում:
«Տարվա կտրվածքով Լոռու մարզում արձանագրվել է
հիվանդության 520 դեպք, - ասում է Լոռու մարզային
հիգիենիկ և հակահամաճարակային վարչության պետ Կարինե
Միրզոյանը, - սակայն հիվանդության կտրուկ աճում
գրանցվեց հոկտեմբեր ամսին, ինչը մի քանի պատճառ
ունի»:
Խոզուկը միտում ունի տարածվելու աշնան վերջում,
սակայն վերջին բռնկման պատճառը Միրզոյանի հավաստմամբ
պատվաստումների բացակայությունն է:
Համաճարակաբանները պնդում են, որ վերջին տարիներին
կանոնավոր պատվաստումներ են կատարվել, սակայն Միրզոյանն
այլ տեսակետ ունի:
«Այս հիվանդության հանդեպ առավել խոցելի են դպրոցահասակ
երեխաները, որոնց իմունային համակարգը ավելի փխրուն
է, - ասում է Միրզոյանը: - Հիվանդության կանխարգելման
համար պետք է պարբերաբար պատվաստումներ կատարվեն,
սակայն 4-5 տարի առաջ հանրապետությունում պարոտիտի
պատվաստանյութի խիստ պակաս էր նկատվում, որի հետևանքով
էլ երեխաների զգալի մասը չի պատվաստվել: Արդյունքն
էլ սա է»:
Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային
հսկողության վարչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանի
հավաստմամբ պատճառը երեխաների իմունային համակարգի
թուլությունն է և հիվանդության հանդեպ ընկալունակությունը:
«Անկախ ամեն ինչից պարոտիտը 4-6 տարին մեկ գլուխ
է բարձրացնում, - ասում է նա: - Կան երեխաներ, որոնք
պատվաստում ստացել են, սակայն կրկին վարակվել են
այս հիվանդությամբ»:
Կարինե Միրզոյանն ասում է, որ պարոտիտը վտանգավոր
հիվանդություն է, և բուժաշխատողները լուրջ աշխատանք
են տանում հիվանդներին հայտնաբերելու և մեկուսացնելու
համար:
«Էպիդեմիկ պարոտիտը հետագայում տղաների մոտ կարող
է հանգեցնել բարդությունների՝ մենինգիտի, ամլության,
իսկ աղջիկների մոտ՝ սեռական խանգարումների, - ասում
է Միրզոյանը, - ուստի կարևոր է ժամանակին բուժել
հիվանդությունը՝ միաժամանակ կանխելով դրա տարածումը:
|