 |
Աստղագետները
վերականգնել են տիեզերքի տեսքը Մեծ պայթյունից
300000 տարի հետո: |
Գիտնականները հույս ունեն, որ անցյալ շաբաթ ԱՄՆ
առևտրի և զարգացման գործակալության (ՄՆԱԶԳ) Երևանում
ստորագրած պայմանագիրը, որը 276 հազար դոլարի ներդրում
է նախատեսում, կվերականգնի Հայաստանի վարկանիշը
տիեզերական հետազոտությունների բնագավառում:
Հայաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնի
(ՀՏՀԿ) տնօրեն Վահե Գուրզադյանի կարծիքով սա բացառիկ
համաձայնագիր է Հայաստանի գիտության ասպարեզում:
«Վերջին 10 տարիներին Հայաստանի գիտությունը գոյատևում
է գրանտերի շնորհիվ, - ասում է նա, - իսկ գրանտերը
հիմնականում մարդասիրական բնույթ ունեն և գիտնականներին
օժանդակելու նպատակ են հետապնդում: Այս ծրագիրը
բացառիկ է նրանով, որ հայկական կողմը՝ ֆինանսական
ներդրում չանելով, համագործակցելու է ամերիկյան
կողմի հետ հավասար իրավունքներով»:
ՄՆԱԶԳ-ը ֆինանասավորում է այնպիսի նախագծեր, որոնք
նպաստում են ժամանակակից ենթակառույցների և արդար
ու բաց առևտրային և տնտեսական միջավայրի զարգացմանը:
Ենթադրվում է, որ ՀՏՀԿ-ի հետ կնքած պայմանագիրը
կխթանի տնտեսական աճը և գիտական հետազոտությունները:
Դեռ խորհրդային տարիներին Գառնիի տիեզերական աստղագիտության
ինստիտուտը (որի տարածքում է գտնվում ՀՏՀԿ-ը) համարվում
էր Միության տիեզերական հետազոտությունների առաջատար
կենտրոններից մեկը: Այդ ինստիտուտը 1970-ականներին
հիմնել է Գուրզադյանի հայրը՝ Գրիգոր Գուրզադյանը:
«Այս ինստիտուտում կատարվել են այնպիսի գիտափորձեր,
որոնք ավելի վաղ պատմություն ունեն, քան ամերիկյան
ՆԱՍԱ-ի գիտափորձերը, - ասում է կրտսեր Գուրզադյանը,
- և այդ մասին գրված է տիեզերքի պատմությանը վերաբերող
ամերիկյան գրքերում»:
Ինստիտուտը հանդիսանում էր խորհրդային տիեզերագնացների
նախաթռիչքային պատրաստման կենտրոն: Այստեղ պատրաստում
են անցել հետագայում ճանաչում ստացած տասնյակ տիեզերագնացներ,
այդ թվում՝ առաջինը բաց տիեզերք դուրս եկած Ալեքսեյ
Լեոնովը:
Հորից տիեզերական գիտելիքներ ժառանգած Վահե Գուրզադյանը
սկսել է «ճեղքել տիեզերական տարածքները» դեռ երիտասարդ
տարիքից: Լինելով Երևանի ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից`
նա նաև Հռոմի համալսարանի պրոֆեսոր է, Մեծ Բրիտանիայի
Թագավորական աստղագիտական ընկերության անդամ և «Ժամանակակից
ֆիզիկայի միջազգային ամսագիր» պարբերականի խմբագիր:
 |
Հայկական
տիեզերական հետազոտությունների կենտրոնի (ՀՏՀԿ)
տնօրեն Վահե Գուրզադյանը: |
Երկու տարի առաջ Գուրզադյանը համագործակցում էր
«Բումերանգ» իտալա-ամերիկյան (ՆԱՍԱ) գիտափորձն իրականացնող
խմբի հետ, որը համարվեց վերջին տարիների ամենահաջողված
գիտափորձերից մեկն աշխարհում:
«Բումերանգի» գիտնականներին հաջողվեց ստանալ տիեզերքի
14 միլիարդ տարի առաջ ունեցած պատկերը, այսինքն,
երբ դեռ գոյություն չունեին ոչ գալակտիկաներ և ոչ
էլ աստղեր:
«Մեր կարծիքով, տիեզերքն առաջացել է մեծ պայթյունի
հետևանքով, որից հետո էվոլյուցիա ապրելով` առաջացել
են գալակտիկաները», - ասում է Գուրզադյանը:
Գիտնականն ասում է, որ այդ պատկերը վերարտադրում
է տիեզերքը Մեծ պայթյունի զրոյական պահից 300 հազար
տարի հետո:
«Մենք գիտենք, որ լույսն արևից հասնում է մեզ
ութ րոպեում, իսկ ամենամոտ աստղից` չորս տարում:
Հետևաբար, այն, ինչ տեսնում ենք տվյալ պահին, ութ
րոպե առաջ է կատարվել արևի վրա: Ստացվում է, որ
որքան հեռուն ենք նայում տիեզերքում, այնքան հետ
ենք նայում ժամանակին»:
ՀՏՀԿ-ի գիտափորձերից բացի կենտրոնը կօգտագործվի
նաև առևտրական նպատակներով, այդ թվում՝ որպես արբանյակային
կապի ապահովման կայան:
Կենտրոնում նաև նախատեսում են տեղադրել ուլտրամանուշակագույն
աստղադիտակ, որը հնարավորություն կտա անցկացնել
տիեզերական մարմինների աստղաֆիզիկական ուսումնասիրություններ:
Ազգությամբ ռուս 60-ամյա Ալեքսանդր Կաշինը, որը
շուրջ 30 տարի Հայաստանում աշխատել է տիեզերական
աստղագիտության բնագավառում, մեծ հույսեր է կապում
այս նախագծի հետ:
«Շատ ողջունելի է նման ծրագրի իրականացումը, քանի
որ ոչ Հայաստանը, ոչ Ռուսաստանը ներկայումս ի վիճակի
չեն ֆինանսավորել նման նախագծեր, - ասում է նա:
- Հայաստանն ունեցել է իր նվաճումները տիեզերական
հետազոտությունների ասպարեզում, և այսօր էլ, օգտագործելով
մեր գիտելիքները, կարող ենք նոր նվաճումների հասնել»:
|