ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 23, 2003 




Տարիք ու կարիք. նոր օրենքն առաջ է բերում սոցիալական փոփոխություններ և սոցիալական մտահոգություններ


Ութսունամյա Աստղիկ Փիրումյանը հույս ունի, որ երբ դուստրը հասնի իր տարիքին, թոշակառուների կենսապայմաններն ավելի լավը կլինեն:

Թոշակների մասին նոր օրենքը կարող է օգնել Հայաստանին սեռային հավասարակշռություն սահմանել աշխատող բնակչության մեջ, սակայն սկզբնական փուլում այն արժանացել է թոշակառուների ոչ միանշանակ գնահատականին:

Մարտի 31-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց թոշակների մասին օրենքը, որը փոփոխություն է մտցնում թոշակային տարիքի մեջ: Կանայք նախկին 59-ի փոխարեն թոշակի են անցնելու 63 տարեկանում, տղամարդկանց թոշակային տարիքը նույնպես հասցվել է 63-ի նախկին 64-ի փոխարեն:

«Նոր օրենքը հնարավորություն է տալիս կանանց աշխատել ավելի երկար և մեծացնել աշխատանքային ստաժը և, հետևաբար, ավելի երկար ստանալ աշխատավարձ, որը թոշակից բարձր է», - ասում է սոցիալական ապահովության նախարարության թոշակների ապահովման վարչության պետ Արտեմ Ասատրյանը:

Ասատրյանն ասում է, որ կանանց թոշակային տարիքի համակարգը ներդրվելու է վեցամսյա փուլերով, որպեսզի մինչև 2011 թվականը կանանց և տղամարդկանց թոշակի տարիքները հավասարվեն:

Սակայն որոշ թոշակառուներ պնդում են, որ փոփոխություններն օրենքում անտեսում են Հայաստանի իրականությունը: Մասնավորապես, շատ քաղաքացիներ, որոնք դեռ չեն հասել թոշակի տարիքի, գործազուրկ են իրենց տարիքի պատճառով, սակայն այնքան տարեց չեն, որ թոշակ ստանան:

Ժաննա Մաթևոսյանը գործազուրկ փախստական է Բաքվից: Նա աշխատել է գրեթե 40 տարի, սակայն թոշակ չի ստանում, որովհետև դեռ 58 տարեկան է:

Նա այլ փախստականների հետ ապրում է «Պրահա» հյուրանոցում 4000 դրամ (մոտ 7 դոլար) հաշմանդամության թոշակով:

«Մինչև այս նոր օրենքը ես հույս ունեի, որ մյուս տարվանից գոնե 5000 դրամ (մոտ 9 դոլար) թոշակ կստանամ, - ասում է Մաթևոսյանը, - իսկ հիմա պետք է սպասեմ ևս երկու տարի:

«Կառավարությունն ավելի է բարձրացնում թոշակի տարիքը, ես չգիտեմ, թե ինչպես պիտի ապրեմ: Քանի՞սը կտեսնեն իրենց թոշակը: Ինչ է, բոլորս պետք է մատնվենք թշվառության, որ նոր թոշա՞կ ստանանք»:

Ասատրյանն ասում է, որ նոր օրենքի ամենաարժեքավոր նորամուծությունը թոշակառուի անհատական գործակիցն է:

Համաձայն նոր օրենքի յուրաքանչյուր թոշակառու ստանալու է անհատական գործակից: Նրանց համար, ում աշխատանքնային ստաժը 25 տարուց պակաս է, անհատական գործակիցը կլինի մեկից փոքր: Դա կնշանակի, որ 3000 դրամ բազային թոշակին կավելացվի 2500 դրամ (100 դրամ յուրաքանչյուր տարվա համար): Նրանց համար, ում աշխատանքային ստաժը գերազանցում է 25 տարին, անհատական գործակիցը կլինի մեկից մեծ: Օրինակ՝ 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների գործակիցը 1,3 է: Դա նշանակում է, որ 3000 դրամ բազային թոշակին ավելացվելու է ևս 100 դրամ՝ բազմապատկած գործակցով, յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար (40 x 100 x 1,3): Այլ խոսքերով, որքան ավելի երկար են աշխատում մարդիկ, այնքան ավելի բարձր է լինում նրանց թոշակը:

Հայաստանում, որտեղ ամսական սպառողական զամբյուղը 28000-35000 դրամ է (50-60 դոլար), թոշակառուներն առավել խոցելի խավն են: Նույնիսկ ամենաբարձր թոշակը չի բավարարում այս ամենահիմնական կարիքները:

Արտեմ Ասատրյանի և թոշակային ծրագրի մյուս իրականացնողների հավաստմամբ տղամարդկանց ու կանանց թոշակային տարիքը կհավասարվի 2011 թվականին:

Մարիետա և Սերգեյ Առուստամյանները թոշակառուներ են և միասին ստանում են 11000 դրամ թոշակ (մոտ 19 դոլար):

«Մենք պարտքեր ունենք էլեկտրականության, ջրի և այլ ծառայությունների համար, - ասում է Մարիետան: - Մեր թոշակը հազիվ բավականացնում է հացին, շաքարին ու կարտոֆիլին»:

Ե՛վ Մարիետան, և՛ Սերգեյը 30 տարվա աշխատանքային ստաժ ունեն: Նրանք հույս ունեին, որ իրենց թոշակները կաճեն: Սակայն գործակիցների նոր համակարգով դրանք կաճեն ընդամենը 1000 դրամով:

Սոցիալական ապահովության նախարարության տվյալներով Հայաստանում կան 543000 թոշակառուներ: Թոշակների այս տարվա բյուջեն կազմում է 38 միլիարդ դրամ (մոտ 65 միլիոն դոլար):

Նվազագույն թոշակը 3000 դրամ է (մոտ 5 դոլար), իսկ միջինը՝ 6200 դրամ (մոտ 10 դոլար): Միջին աշխատավարձը Հայաստանում հավասար է 24000 դրամի (մոտ 40 դոլար):

Ըստ սոցիալական վիճակագրության, թոշակառուների առնվազն 23 տոկոսը գոյատևում է հիմնականում մարդասիրական օգնության հաշվին, որի մեծ մասը գալիս է «Փարոս» ծրագրից, որը լրացուցիչ 4000 դրամ թոշակ է տրամադրում կարիքավոր թոշակառուներին:

Ըստ այլ հետազոտությունների թոշակառուների գրեթե կեսը թերսնվում են: Մեկ հացը Հայաստանում արժե 100 դրամ, մեկ կիլոգրամ միսը՝ 1200 դրամ, շաքարը՝ 200 դրամ (մոտավորապես այդ գնի են նաև ոսպը, բրինձը և կարտոֆիլը): Հինգ դոլար նվազագույն ամսական թոշակով թոշակառուն կարող է գնել միայն 30 հաց:

Ութսունամյա թոշակառու Աստղիկ Փիրումյանն ասում է, որ ձմռանը ստիպված է ընտրութուն անել, հաց գնել, թե տաքացնել բնակարանը: Նա ունի մի դուստր, որն ամուսնացած է, սակայն նա էլ է ապրում սուղ ֆինանսական պայմաններում և չի կարող օգնել մորը:

«Ժամանակին երիտասարդ էի ու առողջ: Երբեք չէի մտածում, որ օր ծերության պիտի գոյատևեմ ուրիշների գթության հաշվին»:

Նրա հարևաններն օգնում են նրան հացով ու բրնձով: Փիրումյանն ասում է, որ չի բողոքում իր կյանքից, սակայն մտահոգված է, թե ինչ է անելու իր դուստրը, երբ ինքն էլ թոշակառու դառնա:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Age and Wage: New law offers social change but also social concern

Full story

 
 
 
 

Healthy Outlook: Visitors to Day Center find new view on mental disorder

Full story

 
 
 
 

Space to Grow: US cooperation gives boost to astro research

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  Happy Birthday Chuck

 
 

Charles Aznavour was in Yerevan Thursday to celebrate his 79th birthday. The French recording artist (and "Ararat" film star) was welcomed by fans and dignitaries.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.