Ամեն տարի մայիսի 19-ին երևանաբնակ ազգությամբ
հույն Ֆրունտիկ Նիկոլաիդին մայրաքաղաքի Կիևյան կամրջի
հարևանությամբ իր ազգակիցների հետ հանդիպելով` այցելում
է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ծաղկեպսակ դնելու:
Հունական դրոշներով զինված Երևանի «Պոնտի» հունական
համայնքը, որի ղեկավարը 57-ամյա Ֆրունտիկն է, դանդաղ
բարձրանում է հուշահամալիր տանող արահետով: Շուրջ
մեկ ամիս առաջ` ապրիլի 24-ին, նրանք հարգանքի տուրք
էին մատուցում 1915 թվականին թուրքական յաթաղանին
զոհ դարձած հայերի հիշատակին:
![](/2003/may23/features/sharedsuffering/001.jpg) |
Ամեն
տարի մայիսի 19-ին հայաստանցի հույները հավաքվում
են Եղեռնի հուշահամալիրում, որպեսզի հարգանքի
տուրք մատուցեն 1922 թվականի կոտորածների զոհերին: |
«Մայիսի 19-ը մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական
օրն է», - ասում է Հայաստանում Հունաստանի գործերի
ժամանակավոր հավատարմատար Գեորգես Ալամանոսը:
Սև ծովի հարավային ափերին բնակվող Պոնտոսի բազմահազարանոց
հույն ազգաբնակչությունը 1922 թվին արժանացել է
նույն ճակատագրին, ինչ 1915-ին Արևմտյան Հայաստանի
հայերը: Ըստ որոշ պատմական աղբյուրների, ավելի քան
350 հազար պոնտոսցի հույներ են նահատակվել այդ տարիներին:
![](/2003/may23/features/sharedsuffering/002.jpg) |
Ինչպես
ապրիլին 24-ին հայերը, այնպես էլ մեկ ամիս հետո
հույները դեպի հուշահամալիր քայլերթով հիշում
են իրենց մերձավորներին: |
Այդ օրը հույների վիշտը կիսում էին նաև շատ հայեր:
Նրանցից է Հունաստան-Հայաստան մշակութային կենտրոնի
տնօրեն Ալբերտ Ստեփանյանը:
«Ավարտելով հայոց ցեղասպանությունը 1915 թվին,
որը կարծես նրանց հաջողվեց, 1919-ից (թուրքերը)
նույն գործողությունները սկսեցին հույների նկատմամբ,
- ասում է Ստեփանյանը: - Օսմանյան Թուրքիայի կառավարության
կեցությունը ցեղասպանության միջավայր էր, որի ներքո
այսպիսի բռնարարքներ են իրականացվել տարբեր ժողովուրդների
նկատմամբ»:
«Այսօր իրար են փարվել ապրիլի 24-ն ու մայիսի
19-ը, - ասում է Երևանի ցեղասպանության թանգարանի
և ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը: - Այս
փոքր ու համեստ հուշարձանի տարածքում աշխարհի երկու
հնագույն ժողովուրդները հիշում են ողբերգություններ,
որոնք երբեք չենք մոռանա»:
Հայաստանում բնակվում են շուրջ 5000 հույներ,
որոնցից մոտ 2000-ը՝ Երևանում: Խորհրդային տարիներին
նրանց թիվը մի քանի անգամ ավելի մեծ էր, կային նույնիսկ
ամբողջությամբ հունական գյուղեր:
1990-ականներին Հունաստանի կառավարությունը սկսեց
աջակցել հետխորհրդային երկրներից հայրենիք տեղափոխվող
հույներին:
«Հայաստանում մի քանի հունական ընտանիքներ կան,
որ զտարյուն հույներ են, իսկ մյուսներն արդեն խառնվել
են հայերի հետ, - ասում է Ֆրունտիկը: - Հայն ու
հույնը թե արտաքինով, թե ներքինով, իսկ նախորդ դարից
նաև ճակատագրով շատ նմանություններ ունեն»:
![](/2003/may23/features/sharedsuffering/003.jpg) |
Ֆրունտիկ
Նիկոլաիդին առաջնորդում է հունական համայնքը
դեպի հուշահամալիր: |
ֆրունտիկի հավաստմամբ համայնքը փորձում է հնարավորինս
պահպանել բոլոր հունական ավանդույթները, որոնցից
մեկն էլ սա է:
Հայաստանում մինչ այժմ չկա հունական ուղղափառ
եկեղեցի, այդ իսկ պատճառով նրանք օգտվում են ռուսական
ուղղափառ եկեղեցուց: Սակայն ներկայումս բանակցություններ
են ընթանում հունական եկեղեցու կառուցման մասին:
Հունաստանի դեսպանության հովանավորությամբ հույն
երեխաները շաբաթը երկու անգամ անվճար հունարենի
դասեր են ստանում: Իսկ 9-12 տարեկան հույն երեխաներն
ամառային արձակուրդներին անվճար այցելում են Հունաստան:
Կա նաև հունական պարի խմբակ, որը ղեկավարում է
Ֆրունտիկի ազգությամբ հայ կինը` Ագապի Խուրշուդյանը,
որը ծագումով Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքից է:
«Ջարդի տարիներին 58 հոգանոց գերդաստանից կենդանի
է մնացել միայն հայրս. պատկերացնո՞ւմ եք վայրագության
չափը, - ասում է Ագապին: - Կա մի հունական ֆիլմ,
որը պատմում է 1922 թվի հույների կոտորածի մասին,
ես այն միշտ համեմատում եմ «Արարատ» ֆիլմի հետ,
քանի որ երկու դեպքում էլ խոսքը միևնույն երևույթի
մասին է:
«Այդքանից հետո ես չեմ կարող անտարբեր մնալ հունական
կոտորածի նկատմամբ, մանավանդ, որ արդեն կեսս հույն
է և հույն եմ ծնել, որի տատերն ու պապերն արժանացել
են նույն բախտին»:
|