|
Ոմանք
ասում են, որ Վերջին զանգը դարձել է նորաձևության
ցուցադրում: |
Մայիսի 23-ի այսօրը Հայաստանում նշանավորվեց ևս
մի ավանդույթով, երբ Վերջին զանգն ազդարարեց դպրոցի
ավարտը:
Ավանդաբար աշակերտներն այդ օրը հագնում են իրենց
լավագույն զգեստները, զինվում ծաղիկներով և հատուկ
արարողությամբ նշում են այն իրենց դպրոցներում:
Աղջիկները կապում են սպիտակ գոգնոցներ, որոնց վրա
նրանց դասընկերները գրում են իրենց լավագույն մաղթանքները
կամ հրաժեշտի քնքուշ խոսքեր:
Տասներորդ դասարանն ավարտողների համար Վերջին
զանգն ավետում է նրանց մուտքը հասուն կյանք:
Մեր օրերում այս ավանդույթը Երևանում ձեռք է բերել
մեկ այլ երանգ: Վերջին զանգը դարձել է մեծ բիզնես,
որը հիշեցնում է Միացյալ Նահանգների ավարտական հանդեսը:
Նվերները, արտասովոր զգեստները, բարձրակարգ ռեստորանները
և լիմուզիններով զբոսանքները սովորական երևույթ
են դառնում: Սակայն ոմանց համար այդ միտումը դարձրել
է տոնական օրը օտարացման և հուսախաբության օր:
Տասնհինգամյա Գեղամ Մուրադյանը չի մասնակցելու
իր Վերջին զանգին, քանի որ պետք է վճարի 150 դոլար՝
գումար, որի մասին նրա ընտանիքը կարող է միայն երազել:
«Մի ամբողջ տասնամյակ սովորում ես, անհամբեր սպասելով
Վերջին զանգին ու հետո չես մասնակցում, որովհետև
փող չունես, - ասում է Գեղամը: - Իսկ ո՞վ ասաց,
որ վերջին զանգը միայն ուտելու ու նվեր տալու համար
է»:
|
Ժամանակին
մանկության ավարտը խորհրդանշող ավանդույթն այսօր
դարձել է չափահաս կյանքի սկիզբ: |
Նա խոսքը կիսատ թողած դուրս է թռչում սենյակից,
որ ցույց չտա արցունքները: Մոր հավաստմամբ արդեն
մեկ ամիս է Գեղամը դպրոց չի գնում, «քանի որ անընդհատ
վերջին զանգի փորձեր են անում, խոսում են ապագա
քեֆերից, թե ով ինչ շոր է հագնելու, ով ինչ մեքենայով
է գալու»:
«Նախորդ շաբաթ երկու անգամ «Շտապ օգնություն»
ենք կանչել տղայիս համար: Այս մտածմունքներից, վիրավորանքից
սարսափելի գլխացավեր է ունենում և նյարդային համակարգի
խախտումից ծայրանդամները փայտանում են», - ավելացնում
է նա:
Անցյալ տարի համար 77 դպրոցի մի աշակերտուհի Վերջին
զանգից երկու օր առաջ ինքնասպան է եղել: Աղջիկն
ապրում էր դպրոցի դիմաց և կախվել է իրենց պատշգամբից՝
ի տես համադասարանցիների:
Իր կյանքին վերջ տալուց առաջ նա երկտող է գրել
ծնողներին, որ չի ուզում բեռ դառնալ նրանց համար:
Նա գրել է, որ գիտի, որ ծնողներն ի վիճակի չեն վճարել
Վերջին զանգի գումարը, և նա վերջ է տալիս իր կյանքին,
որպեսզի նրանք պարտքի տակ չընկնեն:
|
Սկսելով
պարզ տոլմայից՝ ավարտում են գեղեցիկ զարդարված
տորթերով: |
Իրենց նոր կյանքի շեմին նման դժվար կացության մեջ
հայտնված երեխաները շատ են: Իսկ Վերջին զանգն ավանդույթից
վերածվում է շուկայական երևույթի:
Քաղաքի ճանաչված դպրոցներում Վերջին զանգի գումարները
սկսվում են 150 դոլարից: Պուշկինի անվան դպրոցում
ոմանք 200 դոլար են վճարում: Քաղաքի ծայրամասերում
գտնվող դպրոցների աշակերտները կարող են գլուխները
պրծացնել 70-100 դոլարով, որը, այդուհանդերձ, երեք-չորս
անգամ գերազանցում է Հայաստանի միջին պաշտոնական
աշխատավարձը:
Այդ գումարով աշակերտները վարձակալում են դահլիճ,
պատվիրում են դասարանի լուսանկար-ալբոմը և կազմակերպում
են երեկույթը: Բայց ամենամեծ ծախսը նվերներն են
ուսուցիչներին: Կախված նրանից, ուսուցչի առարկան
քննական է, թե ոչ, սովորաբար նվերների տեսականին
տատանվում է ծաղիկներից մինչև ոսկե շղթաներ: Դասղեկին
սովորաբար նվիրում են ադամանդյա ոսկե զարդ:
Այդ ամենին ավելանում է նվերը դպրոցի տնօրենին:
Շատ դպրոցներում յուրաքանչյուր ավարտական դասարան
50 դոլար տալիս է տնօրենին: Չորս-հինգ ավարտական
դասարանների դեպքում այդ օրը բավականին շահութաբեր
է դառնում որոշ դպրոցների տնօրենների համար:
Վերջին զանգի կարևոր մասն են կազմում դպրոցների
կողմից կազմակերպված համերգները և միջոցառումները:
Անցյալում աշակերտներն իրենք էին գրում իրենց ծրագրերը
և ելույթները: Այժմ ոմանք ռեժիսորներ են վարձում
և սցենարներ են գնում:
«Վերջին զանգի միջոցառման ամենամեծ հաճույքը հենց
այն է, որ երեխան ինքն իր ստեղծագործությամբ հանդես
գա, - ասում է ուսուցչուհի Ռիմա Քերոբյանը, - թող
լինի մի քիչ թույլ, բայց նրանց ստեղծածը միշտ էլ
առավել հուզիչ ու գեղեցիկ է»:
|
Վերջին
զանգը կարող է 200 դոլարից ավելի արժենալ: Որոշ
ընտանիքներ պարտք են անում, որպեսզի վճարեն
իրենց երեխաների մասնակցության համար: |
Քերոբյանն ասում է, որ այսօրվա միջոցառումները
վերածվել են «ինքնացուցադրման, զգեստների նորաձևության
օրվա, երբ ամեն մեկն իր ճոխ հանդերձանքն է ի ցույց
դնում: Նա, ով չունի, նստում է դասարանի մի անկյունում
և արցունքները հազիվ զսպելով անհամբեր սպասում,
թե երբ է այս ամենն ավարտվելու»:
Լրագրող Արևիկ Ավագյանը վերհիշում է, որ տասնամյակներ
առաջ Վերջին զանգը բոլորովին այլ էր:
«Մենք տոլմա էին պատրաստել, - ասում է նա, - երեխաներից
մեկը միս էր հայթայթել և տոլմայի մի փոքր մասը,
որը մսով էր, դրել էինք ուսուցիչների առջև: Սա էր
մեր քեֆը, որը մեզ միայն ուրախություն պատճառեց,
այսօր կարևորը ձևն ու ցոփությունն է»:
Որոշ ծնողներ պարտք են անում, որպեսզի ապահովեն
իրենց երեխայի մասնակցությունը Վերջին զանգին:
«Երեխաս ամեն տարի չի ավարտելու, դրա համար էլ
տոկոսով փող եմ պարտք արել, որ շոր ու կոշիկ առնեմ
ու միջոցառման վարձը տամ», - ասում է Նազելի Սաղաթելյանը:
Այսօր Հայաստանի շրջաններից էլ են երեխաներն ավտոբուսներով
Երևան գալիս: Սովորաբար հավաքվում են Հանրապետության
հրապարակում, սակայն հրապարակի վերանորոգման պատճառով
այս տարի շրջանավարտների հավաքատեղի կդառնա Մատենադարանի
տարածքը: Նրանց մայրաքաղաքը փոխվում է, փոխվում
են նաև ժամանակները:
|