ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 23, 2003 




Լեգենդ սիրո փոխարեն. հին առասպելները թույլ չեն տալիս ամուսնանալ «վատ» ամսին


Մայիսին հարսանիք անելու մեջ ոչ մի սարսափելի բան չկա, սակայն շատերը հավատում են, որ այդ ամսին ամուսնանալը վատ հետևանքներ կարող է ունենալ:

Սովորաբար շաբաթավերջին Երևանի Հանրապետության հրապարակով պտույտ տվող ավտոմեքենաների ազդանշաններն ազդարարում են երիտասարդ զույգերի ամուսունության տոնակատարությունը:

Սակայն վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ազդանշաններ չեն լսվում: Պատճառը հրապարակը փակած շինարարական աշխատանքները չեն:

Պատճառն ամիսն է՝ մայիս «վատ» ամիսը:

«Մայիսին մեր հաճախորդները քիչ են, դա անմիջապես նկատվում է: Ու զարմանալի է, գեղեցիկ ամիս է, բայց ամուսնանալուց խուսափում են», - ասում է «Նարցիս» հարսանյաց սրահի ձևավորող Արփի Հակոբյանը:

Այո, «խուսափում» են:

Գարնան գագաթնակետն է, բողբոջների ու ծաղկման շրջանը՝ ուղղակի և փոխաբերական իմաստով, իսկ ամուսնական խոստումներ չեն լսվում սնոտիապաշտական հավատալիքների պատճառով:

Երևանի սիրված հարսանյաց սրահներից մեկի՝ «Սվետլանայի» տնօրենն ասում է, որ մայիսը մեռյալ ամիս է բիզնեսի համար: Ինչու՞:

«Հին, նախնադարյան սովորություն է, որ մտել է մարդկանց մեջ, - ասում է Սվետլանա Պետրոսյանը: - Հավատում են «Մայիս՝ վայիս» ասույթին: Ամեն տարի այս ամսին մեկ զույգից ավելի չենք ունենում»:

Ամուսնությունների մայիսյան բոյկոտը Հայաստանում մասամբ բացատրվում է նաև ռուսական միջավայրից անցած արտահայտությամբ. «Մայիսին ամուսնանաս, ամբողջ կյանքում կտառապես»:

Այնպես որ հայերի մեծ մասն իրենց ամուսնական արարողությունների համար պարզապես ընտրում են տարվա մյուս 11 ամիսներից մեկը, որը չի առնչվում որևէ անեծքի հետ:

Իրականում նրանք 11 ամսվա ընտրութուն չունեն: Հայ օրթոդոքս եկեղեցին արգելում է պսակը մեծ պահքի ժամանակ՝ մարտ-ապրիլ ամիսներին:

Պատմական գիտությունների թեկնածու Արմինե Ստեփանյանն ասում է, որ մայիսին հարսանիք չանելը կապված է ընդհանրապես գարնանը հարսանիք չանելու հետ: Այդ շրջանում Հայաստանում հարսանիքներ չէին լինում, և դա բնորոշ էր բոլոր հին ժողովուրդներին:

«Հարսանիքները սկսվում էին աշնանը և շարունակվում էին ողջ ձմեռ, մինչև սկսվում էր մեծ պահքը: Դադարը շարունակվում էր ամբողջ գարուն, հարսանիքները վերսկսվում էին ամռանը», - բացատրում է Ստեփանյանը:

Հայ առաքելական եկեղեցին չի արգելում ամուսնանալ մայիսին: Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Եղիշե Կարսյանն ասում է, որ դա սխալ ավանդույթ է, որ մարդիկ պահպանում են անմտորեն և անգիտակցորեն:

«Պսակն արգելվում է պահքի օրերին, սակայն արվում է հակառակը: Մայիսին, որը պահքի շրջան չէ, չեն ամուսնանում, իսկ գարնան սկզբին, երբ սովորաբար սկսվում է պահքը, սկսվում են նաև հարսանիքները»:

Այնպես որ ստացվում է, որ Հայ առաքելական եկեղեցու օրհնանքը բավական չէ ռուսական ավանդույթի անեծքը հաղթահարելու համար, որից այդ «վատ» ամսին փողոցները քիչ ավելի խաղաղ են դառնում, իսկ քահանաների, զգեստարարների, տեսանկարիչների, հարսանյաց սրահների և նորապսակների համար նախատեսված հյուրանոցային շքեղ համարների զբաղվածությունը կտրուկ ընկնում է:

«Ես սարսափում եմ, երբ հիշում եմ 1996 թվականի մայիսի 28-ը, - ասում է 27-ամյա Մարինե Գրիգորյանը: - Ծնողներս իմ կամքին հակառակ, որոշեցին այդ օրն անել հարսանիքս: Կյանքս չդասավորվեց: Մեկ տարի հետո ծնվեց անդրանիկ զավակս, բայց չապրեց: 1998-ին ծնվեց երկրորդ տղաս: Սակայն ես այդպես էլ չզգացի ընտանեկան կյանքի քաղցրությունը»:

Երեք տարվա համատեղ կյանքից հետո Մարինեն բաժանվում է: Ամուսնանում է երկրորդ անգամ, սակայն կյանքը նորից չի դասավորվում: Նա կուրորեն հավատում է, որ իր դառը ճակատագրի միակ պատճառը մայիսին ամուսնանալն էր:

Խոր արմատներ ունեցող այս մոլորությանն այստեղ այնքան մարդ է հավատում, որ դա իր ազդեցությունն է ունենում հարսանյաց բիզնեսի վրա:

Հարսանյաց սրահներն անշուշտ երջանիկ կլինեին, եթե վախը մայիսյան պսակների հանդեպ վերանար:

«Մայիսին ամուսնանում են նրանք, ովքեր ազատամիտ են և հասկանում են, որ մայիսն է հարսանիքների իսկական ամիսը, - ասում է Պետրոսյանը: - Ծաղկում է ամեն ինչ, այդ թվում՝ նաև զգացմունքները: Մարդիկ վերջապես իրենց լավ են զգում երկար ձմեռվանից հետո»:

Այդուհանդերձ, Հայաստանի հարսանյաց սրահներում այս մայիսը խաղաղ էր:


According to Agnes
  Click to enlarge.
Click to enlarge.
 

  Inside
 

Age and Wage: New law offers social change but also social concern

Full story

 
 
 
 

Healthy Outlook: Visitors to Day Center find new view on mental disorder

Full story

 
 
 
 

Space to Grow: US cooperation gives boost to astro research

Full story

 




  Photo of the week
  Click to enlarge.
Click to enlarge.
 
 
 
  Happy Birthday Chuck

 
 

Charles Aznavour was in Yerevan Thursday to celebrate his 79th birthday. The French recording artist (and "Ararat" film star) was welcomed by fans and dignitaries.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.