![](/2003/may23/features/healthyoutlook/001.jpg) |
Կենտրոնի
դիտասենյակում այցելուները կարող են հեռուստացույց
դիտել, թուղթ կամ նարդի խաղալ կամ պարզապես
շփվել: |
Փոքրիկ սպիտակ շենքը ողողված է բնական լույսով,
իսկ նրա բաց տանիքին սկսել են ծլարձակել բույսերի
ծիլերը, այդ թվում՝ բանջարեղենի:
Շենքի սենյակներում տիրում է հանգստության, ուրախությունների
ու տագնապների միախառնված առօրյա:
Ոչ շատ առաջ, իսկ ոմանց համար նույնիսկ այժմ,
անհնար կլիներ պատկերացնել, որ սա կարող է լինել
հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների հայկական կենտրոնը:
Հոգեկան առողջության հիմնադրամի Ցերեկային կենտրոնը
նոր էջ է Հայաստանի բժշկության պատմության մեջ:
Այն հիմնվել է երեք տարի առաջ Բաց հասարակության
ինստիտուտի (ԲՀԻ) օժանդակությամբ և նպատակ ունի
այնպիսի ուշադրություն հատկացնել առողջապահության
այս ոլորտին, որին այն այստեղ երբևէ չի արժանացել:
Նախկինում հասարակությունն անտեսում էր հոգեկան
խնդիրներ ունեցող հիվանդներին. այդ խանգարումները
համարում էին ավելի շուտ անեծք, քան հիվանդություն:
Իսկական հեղաշրջում է այն, որ այցելուները կենտրոնում
չեն գիշերում:
«Հայաստանում գործում են ստացիոնար հիվանդանոցներ,
որտեղ մարդիկ բուժվում են, իսկ թե ինչ է կատարվում
նրանց հետ հետո, անորոշ է, - ասում է ծրագրի ղեկավար
Կարեն Նահապետյանը: - Շատերը հիվանդանոցից հետո
չեն համակերպվում կյանքի պայմաններին և կրկին հետ
են վերադառնում: Մեր նպատակն է հիմնել համայնքային
ծրագրեր և օգնել նմանօրինակ խնդիրներ ունեցող մարդկանց
հիվանդանոցից հետո հասարակության մի մասը դառնալու
և հնարավորինս լիարժեք զգալու իրենց»:
Լիարժեք զգալու համար կենտրոնում գործում են խմբակներ,
անց են կացվում դասընթացներ: Շաբաթը 5 օր այցելուներին
առաջարկում են տարբեր դասընթացներ և հնարավորություն
են տալիս մասնակցելու մշակութային և հասարակական
զանազան միջոցառումների:
Կենտրոնում գործում են հանգստի սենյակ, գրադարան,
հեռուստադիտումների սենյակ, սակայն առավել ժողովրդականություն
են վայելում արտթերապիայի դասերը: Այդ դասերի ժամանակ
այցելուներն իրենց մտքերն ու մտահոգությունները,
հույսերն ու ուրախությունները հանձնում են թղթին
ու կավին:
«Նկարչության և կավագործության միջոցով այցելուները
փորձում են հաղթահարել իրենց մեջ կուտակված խնդիրները,
- ասում է արտթերապիայի ուսուցչուհի Անի Բաղդասարյանը:
- Նրանք շատ են սիրում նկարել, կազմակերպում ենք
նաև ցուցահանդեսներ: Տրամադրություններն ու հոգեվիճակը
արտահայտվում են գույներով. մութ գույները հավաստում
են, որ կա խնդիր, դա նույնպես օգնում է հասկանալու
նրանց»:
![](/2003/may23/features/healthyoutlook/002.jpg) |
Ծրագրի
ղեկավար Կարեն Նահապետյանն ասում է, որ իրենց
հիմնական նպատակն է օգնել հոգեկան խնդիրներ
ունեցողներին հասարակություն վերադառնալուց
հետո իրենց օտար չզգալ: |
Աշխատակիցների հավաստմամբ, այցելուների ամենասիրելի
ժամերից է ինքնաօգնությունը, երբ նրանք խմբով հավաքվում
են, առանց իրար ընդհատելու լսում են միմյանց խնդիրներն
ու հուզող հարցերը և իրենց ուժերով էլ փորձում լուծումներ
գտնել:
«Ես այստեղ ինձ լիարժեք մարդ եմ զգում, - ասում
է մշտական այցելուներից մեկը՝ մի տղամարդ: - Հոգեբուժական
հիվանդանոցում, որտեղ ես բուժվել եմ, ամեն ինչ շատ
վատ էր: Միայն ծեծի ու բռնությունների մասին չի
խոսքը, այլև վերաբերմունքի: Նրանք չէին ուզում հասկանալ
մեզ: Նրանք չէին վերաբերվում մեզ որպես մարդու:
Իսկ այստեղ ամեն ինչ ուրիշ է»:
«Կենտրոնում մեր հանդեպ երբևէ չի կիրառվում «հիվանդ»
պիտակը, որին տարիներ շարունակ սովորել ենք, - ասում
է մի կին: - Կարող ես հանգիստ լինել և խոսել այն
ամենի մասին, ինչը քեզ հուզում է, և ոչ մեկը տարօրինակ
հայացքով վրադ չի նայի: Իսկ եթե ցանկություն կա,
կարող ես զրուցել հոգեբանի հետ՝ առանձին: Դա շատ
սովորական է»:
Ցերեկային կենտրոնում ստեղծվել է մի յուրահատուկ
մթնոլորտ: Նշվում են բոլոր տոներն ու ծննդյան օրերը,
իսկ վերջերս երկու այցելու նույնիսկ ամուսնացել
են:
Կարեն Նահապետյանի հավաստմամբ, կենտրոնում գրանցված
են մոտավորապես 40 տարաբնույթ խնդիրներ ունեցող
25-73 տարեկան այցելուներ, սակայն ցանկացողների
իրական թիվը մի քանի անգամ ավելին է:
«Կենտրոն այցելել ցանկացողների թիվը շատ մեծ է,
մենք նույնիսկ գովազդ կամ հայտարարություն չունենք,
քանի որ չենք կարող ընդունել բոլորին, - ասում է
Կարեն Նահապետյանը: - Մենք ունենք ընկերներ հոգեբուժարաններում
ու պոլիկլինիկաներում, որոնք էլ խորհուրդ են տալիս
մարդկանց գալ մեր կենտրոն: Այլ կերպ աշխատել դեռևս
չենք կարող»:
Նահապետյանն ասում է, որ նման խնդիրներ ունեցող
մարդկանց նախ և առաջ լավ վերաբերմունք է անհրաժեշտ:
Նա նաև ասում է, որ հասարակության վերաբերմունքը
հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ ակնհայտ
է:
![](/2003/may23/features/healthyoutlook/003.jpg) |
Համար
8 շենքի 6-րդ բնակարանում կիրառում են նոր տեսակի
բուժում հոգեկան խնդիր ունեցողների նկատմամբ: |
«Մենք մի քանի վայրերում շենք էինք վարձակալել,
և հասարակության վերաբերմուքը այս խնդիրն ունեցող
մարդկանց հանդեպ պարզ էր դառնում մեր այցելուների
հանդեպ շրջապատի բնակիչների պահվածքից ու վարքից,
- ասում է Նահապետյանը: - Նույնիսկ թաղապետարանները՝
իմանալով մեր գործունեության մասին, խուսափում էին
օգնել մեզ տարածք գտնելու հարցում»:
Նահապետյանը հավաստում է, որ նոր, ավելի ընդարձակ
շենք գտնելու և տեղական իշխանությունների աջակցությունը
ստանալու պարագայում կենտրոնը կարող է ընդլայնել
իր գործունեության շրջանակները և օգնություն ու
հոգեկան աջակցություն ցուցաբերել ավելի մեծ թվով
մարդկանց:
«Այս հաստատության օրինակը հավաստում է, որ նման
կառույցները խիստ անհրաժեշտ են մեր հանրապետությանը,
- ասում է ԲՀԻ օժանդակության հիմնադրամի առողջապահության
ծրագրի համակարգող Անահիտ Պապիկյանը: - Տարեցտարի
ԲՀԻ-ն նվազեցնում է իր ֆինանսավորումը, որպեսզի
տեղական կառույցները մեծացնեն իրենց մասնակցությունը:
Եթե պետությունը հասկանա նման հաստատությունների
կարևորությունը, թերևս հոգածություն ևս լինի: Մենք
դա էլ փորձում ենք ցույց տալ ու հասկացնել: Եթե
առաջ չէին ուզում նկատել այս ոլորտն ընդհանրապես,
ապա այսօր առաջընթացն այն է, որ նրանք ընդունում
են, որ այս ամենը կարևոր է, բայց դեռևս չգիտեն ինչպես
աջակցել»:
|