Բացառությամբ «հարկեր»
և «Ջոն Էշքրոֆթ» բառերի, քիչ արտահայտություններ են
ինձ այնպիսի սարսափ պատճառում, ինչպես «ատամի արմատուղիները»:
Մեր հայ ընթերցողների համար ատամնաբուժական այս
գործողությունն ավելի պարզ կարելի է ձևակերպել այսպես՝
«Shat, shat, shat vat. Shat»:
Դա է պատճառը, որ երբ դոկտոր Սեդրակն արտաբերեց
այդ բառերը, իմ անութները վերածվեցին շատրվանների,
իսկ ոտքերիս թաթերը կծկվեցին փոքրիկ սաղմերի նման:
Նա ասաց, որ պետք է բուժվեն չորսը: (Shat, կամ նման
մի բառ):
Ես տառապում եմ լայնորեն տարածված, սակայն մեծահասակների
կողմից հազվադեպ խոստովանվող մի հիվանդությամբ,
որը հայտնի է որպես «ուժեղ արտահայտված հիպոակտիվ
մշտառկա տրավմատիկ չկարգավորվող էգոֆոբիա»:
«Ավելի լավ է սպանեք» տեսակի զոհերը տառապում
են ատամնաբույժների նկատմամբ ահավոր սարսափով: Այդ
պատճառով է, որ ես առաջին անգամ եմ հանդիպում դոկտոր
Սեդրակին, թեև բնակվում եմ այստեղ արդեն երրորդ
տարին:
Ատամնաբույժի մոտ ես գնում եմ այնպես, ինչպես
եկեղեցի, այսինքն, երբ ինչ-որ սարսափելի բան է կատարվում
(թաղում, արմատուղիներ): Նայեք «Նյու իմիջ» ատամնաբուժական
կլինիկայում նոր բացված իմ գործին և կտեսնեք դրա
տագնապալի հետևանքների ապացույցները՝ հանված ատամներ,
ատամնապսակներ, ատամնապրոտեզներ, բութակներ, պտուտակներ...
Բժիշկը նույնիսկ առաջարկեց ջարդել իմ ծնոտը և նորից
վերականգնել իմ ատամնանստվածքը, որը պարզապես զմայլել
էր նրան:
Ես ըմբոշխնում էի Զատկի ավանդական ձուկն ու բրնձով
փլավը, երբ քառատամ կամուրջս, որ կրում էին մանուկ
տարիքից, ծամելիս կոտրվեց ու չնայած զգալի ցավին,
մտքովս անցավ, որ պետք է արագ սովորել, թե ինչպես
են ասում «եթե ես մեռնեմ, խնդրում եմ, մի կարծեք,
որ պատճառը ճաշն էր»:
Հաջորդ օրը գնացի դոկտոր Սեդրակի մոտ: Այսուհետ
ես տեսնելու եմ նրան պարբերաբար ՝ առաջիկա վեց ամսվա
ընթացքում:
Որպես «Ավելի լավ է սպանեք» տեսակի հիվանդ, ես
ինձ առանձնապես չեմ կոտորել հայաստանյան ատամնաբուժությանը
ծանոթանալու համար: Սակայն փողոցներում հաճախ եմ
հանդիպել հետիոտների, երբ վերջիններս իրենց ծամածռված
դեմքերը փաթաթած դուրս են եկել մեծ ատամով ցուցանակներ
կրող այդ տանջախցերից:
Ես ձգտում չունեի անձամբ տեղեկանալու, թե ինչպես
է այս գիտությունը կիրառվում մի երկրում, որտեղ
տառապանքներ կրելը համարվում է ազնվականին վայել:
Սակայն ես շատ ուրախ եմ հայտնելու, որ «Նյու իմիջ»
ատամնաբուժական կլինիկան ձեր պապիկների «atamnabuzharan»-ը
չէ:
Հաստատությունը, որը ես այցելեցի, կարող էր լիներ
մարզա-առողջական կենտրոն՝ այն մեծ բացառությամբ,
որ այստեղ կային սուր առարկաներ և գործիքներ, որոնք
էմալը շաղափող մետաղի շատ որոշակի ձայներ են արձակում:
40 տարվա յուղազարդ պատերով «պերաշկու» տաղավարի
հարևանությամբ գտնվող ատամնաբուժական կլինիկայի
հատակն այնքան մաքուր է, որ դրա վրայից կարելի է
տառացիորեն բան վերցնել և ուտել (իսկ ուտելը հենց
իմ այստեղ գալու նպատակն է):
Կլինիկան հիմնադրել են Կալիֆոռնիայի հայ ատամնաբույժները,
և այն այնպիսի տպավորություն է թողնում, կարծես
ինչ-որ մեկը պարզապես պոկել է այն Լոսի Սանսեթ բուլվարից
և «ճպպացրել» է Եզնիկ Կողբացու փողոցի վրա:
Ես պառկած եմ անթերի մաքուր կաշվե բացովի բազկաթոռի
վրա, երբ քույրը սաթագույն մթնեցրած ակնոց է դնում
աչքերիս՝ պայծառ լույսից պաշտպանելու համար (ու
թերևս, որպեսզի մտածեմ, որ ամեն ինչ վարդագույն
է): Բժիշկն ինչ-որ դոնդողանման նյութ է քսում լնդերիս,
և ես նույնիսկ չեմ զգում, թե ինչպես է ասեղը գտնում
իր թիրախը:
Քիչ անց բերանս վերածվում է ատամնա-վիրաբուժական
գործիքների տուփի: Էլ ինչ ասես, որ այստեղ չկա՝
թուլացած կտրիչը բռնած աքցան, լեզվիս վրա ոստնակի
նման նստած ռետինի շերտով ինչ-որ սարք, ծնոտներիս
միջև տեղադրված հաստ ռետինե մի հարմարանք՝ որպեսզի
առանց որևէ ջանքի բերանս բաց պահեմ:
Այս պատկերը շատ հեռու է նրանից, ինչ կարող է
թվալ ձեր երևակայությանը՝ Հայաստանը և բերանի խոռոչի
վիրաբուժությունն իրար կապելիս: Հնարավոր է, որ
ես զգայապատրանքների գրկում էի, սակայն պատրաստ
էի երդվել, որ ատամնաբուժական բազկաթոռից նույնիսկ
դասական երաժշտության հնչյուններ էին գալիս:
Իմ ֆոբիան մասամբ բացատրվում է նրանով, որ ատամնաբույժները
համառորեն քայլ առ քայլ նկարագրում էին իրենց գործողությունները:
Երբ Նահանգներում ինձ զոռով գամում էին ատամնաբուժական
բազկաթոռին, բժիշկը միշտ սկսում էր մոտավորապես
այսպես. - «Իսկ հիմա, Ջոն, մենք կսղոցենք հետին
չգիտեմինչը և կթափանցենք անդրաեսիմինչագագաթը, հետո
կկարենք հիպոթորաքսը հետքթային էպիմանդուլային»:
Կարծես թե՝
Ա. Դա ինձ հետաքրքրում է:
Բ. Դրանից թեկուզ մի բառ հասկանում եմ:
Ձեզ դա նույնպե՞ս անհանգստացնում է: Ահա մի խորհուրդ.
բուժեք ձեր ատամները մի երկրում, որի լեզուն չեք
հասկանում: (Թեև դոկտոր Սեդրակը վարժ խոսում է անգլերեն,
նա ինձ պարզապես խնայեց):
Ձեզ, իհարկե, հետաքրքրում է գինը: Անկեղծ ասած,
տեղաբնակների մեծ մասը ցավոք չեն կարող թույլ տալ
իրենց օգտվել այս կլինիկայից: Սակայն կարող եմ ասել
ձեզ, որ վեց ամիս հետո ես հաստատ կարող եմ հինգ
տարով մոռանալ իմ ատամների մասին և դրա համար ես
վճարել եմ ավելի քիչ, քան դա ապահովագրությամբ կնստեր
ինձ վրա Նահանգներում:
Ճիշտն ասած, ես մտածում եմ այն մասին, որ կարելի
է միանալ դոկտորի հետ և նոր ճամփորդական ընկերություն
բացել: Ըստ իմ հաշվարկների, սփյուռքի հայերը, օրինակ
Ֆրեզնոյից, կարող են երկու շաբաթով գալ Երևան, օթևանել
որևէ լավ հյուրանոցում, ենթարկվել բերանի խոռոչի
մանրակրկիտ զննման ու բուժման, տեսնել ազգականներին,
շրջագայել Հայաստանով և վերադառնալ տուն՝ ծախսելով
ավելի քիչ, քան կարժենա մի լուրջ ատամնաբուժական
գործողությունն Արևմուտքում: Գումարի տարբերությունը
կարող է գնալ անվճարունակ խավի ատամնաբուժական սպասարկման
հիմնադրամի ֆինանսավորմանը:
Կարծում եմ, կաշխատի: Իսկ գուցե և գլուխս դեռ
նովոկայինի ազդեցության տակ է:
|