ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 9, 2003 




Վնաս ջրից. գյուղում բռնկված համաճարակի պատճառը վարակված ջրամբարն է


Նման տարաներով գյուղացիները ջուր են բերում մոտակա բնակավայրից, որը գտնվում է 3 կմ հեռավորության վրա:

Երևանից 40 կմ դեպի հյուսիս գտնվող Ֆանտան գյուղի մոտ 200 բնակիչներ վարակվել են խմելու ջրի միջոցով տարածված հիվանդությամբ: Նրանցից վեցը ծանր վիճակում են և բուժվում են Երևանի և Չարենցավանի ինֆեկցիոն հիվանդանոցներում:

Համաճարակը սկսվել է մարտի վերջին, սակայն Կոտայքի մարզի բժիշկներն այդ մասին միայն մեկ ամիս հետո են տեղեկացրել առողջապահության նախարարությանը: Ֆանտանն ունի շուրջ 1100 բնակիչ:

«Իմ ընտանիքից երեք հոգի երեք ամիս է ծանր վիճակում են, - պատմում է 63-ամյա Մարգո Հովհաննիսյանը: - Մեր եղած-չեղածը վաճառեցինք, դեղերի տվեցինք, հետո էլ պարզվեց, լրիվ ուրիշ հիվանդություն է»:

Բժիշկների հավաստմամբ դա տուլարեմիա է՝ հիվանդություն, որն ազդում է մարսողական համակարգի վրա:

«Տուլարեմիան կենդանիներից, հիմնականում կրծողներից՝ դաշտային, տնային մկներից, ջրային առնետներից մարդուն փոխանցվող հիվանդություն է, - պարզաբանում է պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանը: - Իսկ Ֆանտանում, ինչպես ցույց են տալիս մեր ուսումնասիրությունները, համաճարակի բռնկման պատճառը խմելու ջուրն է հանդիսացել»:

Մարգո Հովհաննիսյանի դուստրը, հարսը և թոռը դեռևս հիվանդանոցում են և չգիտեն, թե իրենց ինչ է սպասում:

Մասնագետի հավաստմամբ, տուլարեմիայի հարուցիչներ են հայտնաբերվել խմելու ջրից և շրջակայքում թափառող մկներից վերցված նմուշներում:

«Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ համաճարակի բռնկման և տարածման աղբյուրը եղել է Գութանասարից Ֆանտանի համայնքին մատակարարվող խմելու ջուրը, որի ակունքների մոտ հայտնաբերվել են դաշտային մկների հազարավոր բներ, - ասում է Հակոբյանը: - Ամենայն հավանականությամբ, ջրամբարում եղել են տուլարեմիայով վարակված դաշտամկների դիակներ, որոնք էլ դարձել են հիվանդության պատճառը»:

Առողջապահության մասնագետները նշում են, որ միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է տեղական իշխանությունների վրա, քանի որ նրանք պետք է ապահովեին մատակարարվող խմելու ջրի ստերիլությունն ու անվտանգությունը՝ ժամանակ առ ժամանակ մաքրելով ջրամբարը:

Գյուղացիները հավաստում են, որ չեն հիշում, թե վերջին անգամ, երբ է մաքրվել ջրամբարը:

Գյուղացիներից մեկն ասում է, որ համաճարակը սկսվել է այն բանից հետո, երբ էլեկտրաէներգիայի չվճարված պարտքերի պատճառով անջատվել են ջրամբարից ջուր մղող պոմպերը: Ֆանտանի գյուղապետ Վալերի Իվանյանը հավատացնում է, թե ինքն անձամբ է վնասազերծել Գութանասարի ջրամբարը, և որ նման վարակն այնտեղ բացառվում է:

«Ես նամակ եմ գրել վարչապետին, որ օգնի գյուղացիներին, - ասում է Իվանյանը: - Այս դժվարին սոցիալական պայմաններում ապրող գյուղը չի կարող ամսական 288 հազար դրամ վճարել պոմպերով ջուր ստանալու համար, որի պատճառով էլ օգտագործում էինք Գութանասարի ինքնահոս ջուրը, այն անհամեմատ ավելի էժան է: Միգուցե մեզ օգնե՞ն»:

Բժիշկներն ասում են, որ հիվանդությունից լրիվ ապաքինվելու համար 24-ամյա Խաչիկ Բարսեղյանից կպահանջվի երեք ամիս:

Սակայն մինչև սպասվելիք օգնությունը հասնի, վիճակը գյուղում մնում է լարված:

«Տղաս ծանր էր, Երևան տարանք, սակայն 40 օր անց էլ ոչ մի տեղաշարժ չկա, - ասում է Զոյա Բարսեղյանը՝ նայելով 24-ամյա Խաչիկին: - Մեզ մնացին պարտքերն ու անհույս ժամանակները»:

Առողջապահության նախարարության մասնագետները հավատացնում են, որ տուլարեմիա հիվանդությունը հակաբիոտիկներով բուժվում է 10 օրվա ընթացքում, սակայն անհաջող բուժման պարագայում կարող են ախտահարել հիվանդի լյարդը, երիկամները և ավշային հանգույցները:

«Թերևս 15 օրվա ընթացքում կպարզվի, համաճարակը լիովին վերացել է, թե ոչ: Ամեն դեպքում, հետագայում նման միջադեպերից խուսափելու համար միջոցառումներ են իրականացվում, - ասում է Հակոբյանը: - Պատվաստվել են գյուղի բնակիչները, ջուրը մատակարարվում է ցիստեռններով, բացի այդ ջուրը վարակազերծելու համար բնակչությանը հաբեր են բաժանվել»:

Սակայն գյուղացիներից մեկն ասում է, որ ջուր այլևս չեն բերում:

Գյուղապետ Վալերի Իվանյանը ցույց է տալիս ջրամբարի խորությունը:

«Երեք օր է գյուղում մի կաթիլ ջուր չկա, - ասում է գյուղաբնակ Զինան: - Սկզբում մի երկու օր մեքենաներով բերեցին, հետո դա էլ մոռացան, ու հիմա ամեն տուն առավոտից իրիկուն ոտքով Չարենցավանից ջուր է կրում, որը գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա է գտնվում: Թե ինչ է լինելու ժողովրդի վիճակը, պարզ չէ: Ով է մեղավոր, որ պատասխան տա այս ամենի համար՝ նույնպես»:

Գյուղապետը հավաստում է, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, և շուտով գյուղը կապրի իր սովորական կյանքով:

Սակայն գյուղացիները միաձայն պնդում են, որ տուլարեմիայի պատճառով գյուղը վարկաբեկվել է:

«Գյուղից դուրս բոլորը խուսափում են մեզանից, ասում են՝ դուք բոլորդ վարակված եք, - ասում են նրանք: - Եվ մենք այսօր տուժում են երկու կողմից, քանի որ բացի ջրի խնդրից, չենք կարողանում վաճառել ոչ մեր կաթը, ոչ մածունը և ոչ էլ, առհասարակ, նորմալ վերաբերմունքի ենք արժանանում: Երբ ասում ենք Ֆանտանից ենք, բոլոր դռները փակվում են մեր առաջ»:


  Inside
 

Water Damage: Village disease outbreak linked to contaminated reservoir

Full story

 
 
 
 

Starting Over: Tree planting project aimed at undoing destruction

Full story

 
 
 
 

Place of Honor: "Mother" watches over her people on Victory Day and all others

Full story

 




  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Day of Remembrance

May 9 is Victory Day, when Armenia remembers its war veterans with ceremonies that include laying carnations and standing in formation near the Eternal Flame above Yerevan.

 





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.