|
Ջեֆրի Թուֆենկյանը և Օձունի գյուղապետ Մելիք
Այվազյանը ծառատունկի ակտիվ մասնակիցներից էին: |
Մայիսի 2-ին հայկական ավանդական նվագարանների երաժշտության
ներքո 70-ամյա Բորիս Ղահրամանյանը վեր բարձրացրեց
ծառի տնկին, և Լոռվա սարերում մի նոր կյանք սկսվեց
զուռնա-դհոլի ձայնի հետ:
Ղահրամանյանը միացել էր Օձունի իր համագյուղացիներին,
ու միասին նոր անտառ էին հիմնում՝ կարիքի և անհոգության
արդյունքում ոչնչացվածի փոխարեն:
Թուֆենկյան հիմնադրամի «Հայաստանի անտառներ» ծրագրի
շրջանակներում գյուղացիների, պաշտոնյաների, ուսանողների,
միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների
մասնակցությամբ գյուղում հիմնվում էր հանրապետության
առաջին համայնքային անտառը:
«Հրաշալի է տեսնել, թե ինչպես է մարդը ծառերի
տնկիներով պարում երաժշտության տակ: Կարծում եմ,
Օձուն գյուղում շատ բան է փոխվելու, - ասում է ծրագրի
ղեկավար Ջեֆրի Թուֆենկյանը: - Հիմնվում է Օձունի
ապագան, անտառ է հիմնվում»:
Օձունի գյուղապետ Մելիք Այվազյանը հավաստում է,
որ մեկ տասնամյակ առաջ էներգետիկ ճգնաժամի պայմաններում
անասելի վնաս է հասցվել Օձուն գյուղի անտառային
տարածքներին:
|
Նույնիսկ երեխաները ջանք չեն խնայում հանուն
նոր անտառի: |
Գյուղի 6000 բնակիչներն անարգել կտրել են ծառերը
ցրտից պատսպարվելու համար՝ ոչնչացնելով մոտավորապես
200 հա անտառ:
«Վնասը շատ մեծ է, - ասում է Այվազյանը, - սակայն
այսօր մեզ համար իսկական տոն է, քանի որ թեև ինքներս
ենք կտրել, այսօր հնարավորություն ենք ստանում ուղղել
մեր սխալները»:
Բնապահպանության նախարարության գիտափորձարարական
կենտրոնի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանն ասում է,
որ իրենք լիահույս են, որ այս քայլը շատ բան է փոխելու
գյուղի բնապահպանական ոլորտում:
«Տնկվելու են ավելի խոշոր ծառեր՝ թխկի, կաղնի,
հացի, հաճարի, անտառային ընկուզենի, սոճի, վայրի
տանձենի և այլ ծառեր, որոնք վերականգնելու են և՛
գյուղի կանաչ գոտին, և՛ անտառը»:
Մեկ գյուղի անտառահատումը արտացոլում է ամբողջ
Հայաստանում տարածված խնդիրներից մեկը: «Հայաստանի
անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը հավաստում
է, որ Օձունի ընտրությունը պատահական չի եղել, որ
հաշվի են առնվել մի շարք կարևոր հանգամանքներ:
Վարդանյանն ասում է, որ ծառահատման արդյունքում
տուժել է Օձունի ամբողջ էկոհամակարգը: Օրինակ, ցամաքել
են աղբյուրները, հողը ենթարկվել է էրոզիայի, հետևաբար
մեծացել է սելավների վտանգը:
«Մեկ ամսվա ընթացքում 100 հա տարածքում կտնկվի
125 հազար ծառ, Հայաստանում կհիմնվի առաջին համայնքային
անտառը, - ասում Վարդանյանը: - Համայնքը դառնում
է անտառի սեփականատերը, ստանում այն կառավարելու,
տնօրինելու, շահագործելու իրավունքը: Անտառը կունենա
և՛ բնապահպանական, և՛ առողջարարական, և՛ տնտեսական
լուրջ նշանակություն»:
|
Այս ամայի 100 հեկտարը մի քանի տարուց կվերածվի
հիասքանչ անտառի: |
Ծառատունկի և անտառի կառավարման աշխատանքները աշխատանքով
կապահովեն մոտ 250 գյուղացիների:
«Գյուղը գազիֆիկացված է, սակայն շատ գյուղացիներ
հնարավորություն չունեն վճարել գազի համար, - ասում
է Վարդանյանը: - Այս ծրագրի միջոցով գյուղացին կարող
է նաև իր այդ հարցը լուծել և չմտածել ծառահատումների
մասին»:
Օձունցի Գարեգին Դավթյանն ուրախ է նման նախաձեռնությանը
մասնակցելու համար:
«Այս ծրագիրը մի մեծ լույս է մեր կյանքում, -
ասում է նա: - Ծառ տնկելը աստվածահաճո գործ է, իսկ
օրական վճարվող 1200 դրամով ես հնարավորություն
ունեմ հոգալու իմ բազմանդամ ընտանիքի օրահացի հոգսը»:
Գյուղացի Գագիկ Նաջարյանը 11 հոգանոց գերդաստանի
հայր է և անտառը համարում է ժառանգություն:
«Մենք երախտապարտ ենք, որ մեր գյուղը նման ուշադրության
է արժանացել, - ասում է նա: - Մենք հրաշալի բնություն
ենք ունեցել, իսկ հիմա աշխատում ենք, որ բնություն
ու անտառ տեսնեն նաև մեր թոռնիկները ու վայելեն
իրենց պապերի աշխատանքի արդյունքը»:
|