 |
Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից: |
Երեկ՝ մայիսի 8-ին, կառավարության նիստերի դալիճի
նախասրահում տեղի ունեցավ «Ոսկեգործություն-2003»
վեցերորդ միջազգային ոսկերչական ցուցահանդեսի բացումը:
Ավանդույթի համաձայն այդ 4-օրյա միջոցառման բացման
ժապավենը կտրեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի
կողմից հանրապետության կառավարության աջակցությամբ
կազմակերպված այս ցուցահանդեսին մասնակցում են շուրջ
70 ընկերություններ և անհատ ձեռներեցներ 8 երկրներից:
Ներկայացված էին թանկարժեք մետաղներից պատրաստված
ոսկերչական իրեր, յուրահատուկ զարդեր, ադամանդներ,
ժամացույցներ, հուշանվերներ, արհեստագործական իրեր,
սարքավորումներ և գործիքներ, անվտանգության համակարգեր:
 |
Ցուցահանդեսի բազմաթիվ այցելուներից մեկը հիանում
է ներկայացված ցուցանմուշներով: |
Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիայի
մամլո քարտուղար Վոլոդյա Կիրակոսյանը նշեց, որ ի
տարբերություն անցյալ տարվա, այս տարի ավելի ակտիվ
էին փոքր և միջին ձեռնարկությունները: Ներկայացվել
էին շատ հայտեր, սակայն սրահի փոքրության պատճառով
հնարավոր չէր ընդգրկել բոլորին:
«Նպատակը մեր գործարարներին ներկայացնելն է: Այս
տարի բավականին շատ այցելուներ կային, - ասում է
Կիրակոսյանը: - Ակնկալում ենք գտնել համագործակցության
նոր եզրեր և հնարավորություններ, պայմանագրեր կնքել
առևտրային կազմակերպությունների հետ: Մեր խնդիրը
ցուցահանդեսն ազատ առևտրային գոտի դարձնելն է՝ մի
վայր, որտեղ կկնքվեն նոր գործարքներ»:
«Արփեգ» հայ-կանադական ընկերությունը երկրորդ
անգամ է մասնակցում ցուցահանդեսին: Նրա գործադիր
տնօրեն Արմեն Հովեյանն ասում է. - «Այս տարի ցուցադրում
ենք նոր հավաքածու՝ էմալով ավանդական գործեր, նոր
դիզայնով մոդելներ սպիտակ ոսկուց, մարգարիտից և
բնական կաշվից: Նպատակը մեր աշխատանքը ներկայացնելն
է, նոր պատվերներ ստանալը, նոր գործընկերներ գտնելը»:
Ցուցահանդեսը մեկ ու կես ժամ դիտելուց հետո, Քոչարյանն
ասաց լրագրողներին.
«Ոսկերչությունը, ադամանդագործությունը տնտեսական
ոլորտում համարել ենք գերակայություն և ամեն ինչ
արել ենք, որ օրենսդրական դաշտն այս ճյուղի զարգացման
համար բարենպաստ լինի: Այսօր արդեն տեսնում ենք
արդյունքը»:
 |
Բացմանը ներկա էր նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը: |
Ըստ նախագահի, Ազգային ժողովը նախատեսում է սեպտեմբերին
ընդունել առևտրի վերաբերյալ նոր օրենք, որով լուծում
կստանան ազատ առևտրային գոտու հետ կապված բոլոր
խնդիրները: Նա կարևորեց ավելի խոշոր առևտրային կազմակերպությունների
ձևավորումը, որոնք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին
կկապեն արտաքին շուկաների հետ:
«Մեր արտադրանքի իրացման համար հարկավոր է ավելի
շատ աշխատել այլ երկրներում, և Համաշխարհային առևտրի
կազմակերպությանն անդամակցելն այսօր այդ ուղղությամբ
աշխատելու ավելի մեծ հնարավորություն է տալիս»:
Նախագահն ասաց, որ գնումներ չի կատարել և ոչ էլ
ընդունել է ցուցահանդեսի թանկարժեք նվերները: Սակայն
ասաց, որ ընդունել է ուսանողական տաղավարի կողմից
մատուցած բնական քարերից պատրաստված համեստ վզնոցը:
«Սակայն կան արհեստավորներ, որոնց հետ համագործակցում
ենք, և պաշտոնական այցելությունների ժամանակ, երբ
նվերներ ենք փոխանակում, սովորաբար գնումներ կատարում
ենք մեր ոսկերիչներից», - ասաց նախագահը:
|