|
Հաղթանակի զբոսայգու թանգարանը մինչև 1950 թ.
վերջը պսակում էր Ստալինի արձանը: |
Բլրի վրայից Երևանին է նայում «Մայր Հայաստան»
հուշարձանը, որը խորհրդանշում է ուժով երաշխավորված
խաղաղություն: Նրա ուշադիր հայացքի ներքո այսօր
հազարավոր մարդիկ անցան հարգանքի իրենց տուրքը մատուցելու
պատերազմին զոհ գնացած հայ զինվորներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մոտ
600 հազար հայեր են կռվել դաշնակից զորքերի կազմում:
Նրանց կեսը տուն չի վերադարձել: Մեծ հայրենական
պատերազմի ժամանակ, ինչպես այն կոչում են այստեղ,
հայ մարտիկներից 106-ն արժանացել են Խորհրդային
Միության հերոսի բարձրագույն կոչմանը: Երեք հայեր
դարձել են մարշալ, իսկ մեկը՝ ծովակալ:
Ամեն տարի մայիսի 9-ին ազգը հարգանքի իր տուրքն
է մատուցում նրանց «Հաղթանակի զբոսայգում»:
Հուշարձանի 3000 քմ հսկայական տարածքի 50 մ բարձրությամբ
պատվանդանի շինությունում գործում է պաշտպանության
նախարարության «Մայր Հայաստան» թանգարանը: Այստեղ
ցուցադրվող մասունքները պատմում են 2-րդ աշխարհամարտում
և 80-90-ական թվականներին Արցախյան ազատամարտում
հերոսացած հայորդիների մասին:
«Քանի որ հայ ժողովուրդն արդեն ունի իր սեփական
պատերազմն ու հաղթանակը, որոշվեց թանգարանի հարկաբաժիններից
մեկն ամբողջությամբ նվիրել Արցախյան ազատամարտին,
- պատմում է թանգարանի պետի տեղակալ, կապիտան Ասքանազ
Աբրահամյանը: - Մեր աշխատաքները նպատակաուղղվեցին
այդօրինակ նյութերի որոնմանը, և այսօր թանգարանում
ներկայացված են ավելի քան 5000 արժեքավոր ցուցանմուշներ»:
Այստեղ ներկայացված են հերոսների անձնական իրերը,
զենքերը և փաստաթղթերը, պատերը զարդարում են նրանց
դիմանկարները: Այստեղ է այն պատմական քարտեզը, որի
վրա Շուշիի ազատագրման պլանն է մշակել Կոմանդոսը՝
Արկադի Տեր-Թադևոսյանը: Քարտեզն ու Շուշիի ազատագրումն
անգամ անվանում ունեն՝ «Հարսանիք սարերում»: Դա
ունի իր պատմությունը. Շուշիի ազատագրման պլանի
վրա աշխատելիս Վազգեն Սարգսյանը խոստում է տալիս.
- «Տղերք, եթե Շուշին գրավեցինք, ամուսնանում եմ,
հարսանիքս էլ Շուշիի եկեղեցում եմ անում»:
Թանգարանի այցելուները կարող են գտնել փոքրիկ
ցուցանմուշներ, որոնք անհատականացնում են պատերազմը:
Սակայն մարդկանց այստեղ ձգողը 23 մետրանոց «Մայրն»
է: Նա նույնպես ունի իր հաղթական պատմությունը:
«Մայր Հայաստանը» կանգնած է այնտեղ, որտեղ ժամանակին
կանգնած էր ահասարսուռ դեմքով Ստալինը: Ավելի քան
կես դար առաջ հուշակոթողի այս բլուրը շինարարական
մեծ հրապարակ էր: Խորհրդային երկրի այդ ժամանակների
համար կարևորագույն կառույցի շինարարությանը ուշիուշով
հետևում էին Հայաստանի կոմունիստական կուսակցության
կենտկոմի 1-ին քարտուղար Գրիգոր Հարությունյանը,
կառավարության անդամներ և նախագծի հեղինակ, ականավոր
ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը:
1950 թ. նոյեմբերի 29-ին այստեղ բացվեց «ժողովուրդների
առաջնորդ» Ստալինի արձանը, և «Մոնումենտ» անվանումը
տարածվեց ամբողջ թաղամասի վրա:
Արձանը, անկախ թե ում էր մարմնավորում, Սերգեյ
Մերկուրովի կերտած քանդակագործության գլուխգործոց
էր:
Գիտակցելով, որ քանդակը կարող է երկար չմնալ պատվանդանի
վրա՝ Իսրայելյանը նախագծել է պատվանդանը հայկական
եկեղեցու տեսքով, առնվազն ներսից: Ի հակադրություն
պատվանդանի սառը, մռայլ, ուղղանկյուն ձևերի՝ նրա
ներսը լուսավոր ու աչք շոյող է, և իր բոլոր մանրամասներով
հիշեցնում է 7-րդ դարում Էջմիածնում կառուցված Հռիփսիմեի
տաճարը: Խորհրդային բռնապետության և աթեիզմի տարիներին,
երբ եկեղեցիներն ամենուր քանդվում էին, Ստալինի
արձանի պատվանդանը եկեղեցու ձևով կառուցելը չափազանց
մեծ համարձակակություն էր:
Հանճարեղ ճարտարապետի կանխատեսումը տարիներ անց
իրականություն դարձավ:
«Հիշում եմ՝ գիշեր էր, քաղաքի լույսերն անջատեցին
ու ահավոր դղրդոցով մարդասպանին տապալեցին գետնին»,
- ասում է Ստալինի օրոք Սիբիր աքսորված Գենադի Առաքելյանը:
Արձանի տապալման ժամանակ 2 զինվոր մահացան, որի
պատճառով քաղաքում տարածվեց արտահայտություն. «Ստալինը
քարացած էլ է իր հետևից մարդկանց տանում»:
Բռնակալի արձանի տեղում 1967 թվականին տեղադրվեց
Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» հուշարձանը:
|