|
Պատերազմի
վետերան և թոշակառու Արշալույս Վարդանյանը կանգնած
է իր նախագծած շենքի առաջ, որտեղ և ապրում է: |
«Առավոտյան ժամը չորսն էր, երբ տագնապով արթնացրին
մեր ջոկատին և յուրաքանչյուրիս 15-ական փամփուշտ
տալով տարան ամայի դաշտ: Երեք ժամ անց, երբ բախվեցինք
թշնամուն, հասկացանք, որ պատերազմը սկսվել է»:
Գրեթե 62 տարի է անցել այն օրվանից, երբ Լիտվայի
հարավ-արևմտյան սահմանին 19-ամյա Արշալույս Վարդանյանի
համար սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը:
Նրանց ջոկատում ընդամենը 50 հոգի էր, և նրանց առաջադրանքն
էր մաքրել Կիբարտի քաղաքը գերմանացիներից:
«Անգամ խրամատ չունեինք, - ասում է նա: - Մեզնից
յուրաքանչյուրը պաշտպանվում էր, ինչպես կարող էր,
իսկ թշնամին բարձունքից մեզ մաղելով գալիս էր»:
Այսօր` մայիսի 9-ին, երբ աշխարհի շատ երկրներում
նշում են Հաղթանակի օրը, Վարդանյանը մյուս վետերանների
հետ կրկին գնացել է Հաղթանակի զբոսայգի` երկու կարմիր
մեխակ դնելու Անհայտ զինվորի հուշակոթողին:
Մինչդեռ ժամանակին անհայտ կորածների ցուցակում
էր նաև Վարդանյանի սեփական անունը:
Պատերազմի առաջին օրը` 1941 թ. հունիսի 22-ին,
Վարդանյանը և երկու ռուս զինվոր գերի ընկան:
Պատերազմի հետագա չորս տարիների ընթացքում Աշիկի
(այդպես են նրան դիմում բարեկամները) հարազատները
նրանից այլևս ոչ մի լուր չստացան:
«Ուսիցս վիրավոր ընկած էի, երբ գերմանացի զինվորները
հավաքում էին սպանվածների զենքերը: Ինձ էլ շրջեցին,
որ զենքս վերցնեն, աչքերս բացեցի», - ասում է նա:
Ավտոմատն ուղղելով շարքային Արշալույս Վարդանյանի
վրա՝ գերմանացի զինվորը հրամայում է բարձրացնել
ձեռքերը: Վերջինս բարձրացնում է միայն մի ձեռքը,
մյուսն արյունաշաղախ էր:
«Այդ պահին կարծես վախն անհետացել էր, - հիշում
է նա:- Մտածում էի` սպանելու են, թող սպանեն, բայց
վստահում էի ճակատագրիս և հավատում, որ դա չէ իմ
վերջը: Ես միշտ համոզված էի, որ այդ պատերազմում
Սովետն է հաղթելու»:
Աշիկին խուզարկելով գերմանացիները հայտնաբերում
և առգրավում են հարազատների նամակները, սակայն չեն
նկատում գրպաններից մեկում մնացած կոմերիտական տոմսը,
որը գնդակահարություն կնշանակեր նրա համար: Երկու
օր անց նրան հաջողվում է թաղել տոմսը հողի մեջ:
«Ինձ փրկեց իմ բնավորությունը, - ասում է 81-ամյա
երևանցի թոշակառու ճարտարապետը: - Մինչև զորակոչվելս
շատ ակտիվ կոմսոմոլ էի և նույն ակտիվությունն էլ
ցուցաբերում էի ծառայության ընթացքում: Երբեք ոչ
մի իրավիճակում չէի ընկճվում: Երբ պատերազմը սկսվեց,
ընդամենը վեց ամսվա ծառայող էի, սակայն հասցրել
էի այնպես դրսևորել ինձ, որ արդեն ջոկատի հրամանատար
էի»:
Իսկ պատերազմի ընթացքում գերմանացիներն էին, որ
դարձան Աշիկի հրամանատարները: Գերության առաջին
ձմռանը նրան ուղարկեցին աշխատանքային ճամբար: Այսօր
նա վերհիշում է, թե ինչպես էին գերմանական քաղաքում
քաղցած և ցրտահարված գերիներին ստիպում ավտոմատի
փողի տակ - 20 աստիճանում փոսեր փորել ջրագծերի
համար:
Անգամ այդ պայմաններում, ըստ Աշիկի, կալանավորները
փորձում էին պայքարել ֆաշիստների դեմ:
«Մի օր, երբ մեզ աշխատացնում էին, կողքիս կանգնած
գերմանացի զինվորն այնքան հայհոյեց Ստալինին, որ
չդիմանալով ասացի՝ սպասեք, Ստալինը դեռ ձեզ ցույց
կտա: Նա վերցրեց բահը, որ գլխիս խփի, բայց մեկ այլ
զինվոր հասցրեց իր հրացանով պահել բահը:
«Այդ ժամանակ ես չէի կարող չհավատալ Ստալինի գաղափարախոսությանը,
քանի որ փոքրուց նրան էի տեսել որպես երկրի ղեկավար»:
1942-ին Աշիկին տեղափոխում են աշխատելու զինգերիների
լազարեթ: Երկու տարի հետո, գտնելով, որ նա վտանգ
է ներկայացնում, նրան տեղափոխում են կենտրոնական
ճամբարի մենախուց:
Նրա հավաստմամբ, պատճառն այն էր, որ ինքը գերիների
ստեղծած ընդհատակյա կազմակերպության անդամ էր:
«Դա լուրջ կազմակերպություն էր, մենք ունեինք
ծածկանիշ, կազմակերպում էինք փախուստներ, խափանում
էինք թշնամու գործունեությունը: Փախչող գերիներին
տրամադրում էինք ինքնաշեն քարտեզներ, կողմնացույց
և մոտակա պարտիզանական ջոկատների հասցեները»:
Աշիկի հակաֆաշիստական գործունեության պատիժը մեկամսյա
տանջանքներն էին, որից հետո նրան 30 այլ առավել
վտանգավոր գերիների հետ աքսորում են:
«Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ բան է իսկական
աքսորը», - հիշում է Աշիկը:
Այս անգամ արդեն լուսաբացից մայրամուտ նրանք կամ
հանքափոր էին, կամ հնձվոր, կամ էլ ծառահատ:
«Ամբողջ օրը մի կտոր հաց, մի կտոր մարգարին և
մի աման ճաշ էին տալիս` «բալանդա» էր կոչվում:
«Երբ տանում էին հացահատիկ հավաքելու, վերադառնում
էինք գրպաններս ցորեն լցրած: Գիշերը ցորենը լցնում
էինք ջրով լի մետաղյա տարաները և դնում պատի վառարանի
մեջ: Առավոտյան ուտում էինք արդեն եփված ցորենը
և կրկին գնում աշխատելու»:
Գաղտնի ճաշկերույթը հայտնաբերելով` գերմանացիները
բոլոր կալանավորներին ներքնազգեստով շպրտում են
դուրս և խուզարկում բարաքը:
|
Արշալույսի
թոռը՝ Լևոնը, կարդում է ռազմաճակատից պապի ուղարկած
նամակը, և ծեր մարդը չի կարողանում զսպել արցունքները: |
«Դա մի սարսափելի օր էր՝ անտանելի ցուրտ: Հիշում
եմ, թե ինչպես էին կալանավորներից երկուսը ձնով
երկար շփում ոտքերիս ցրտահարված թաթերը»:
Միայն 1945-ին, երբ գերմանացիներն արդեն սկսել
էին էվակուացնել զինգերիների ճամբարները, Աշիկին
հաջողվում է մի խումբ կալանավորների հետ փախչել
գերությունից և միանալ խորհրդային զորքերին:
«Երազ էի տեսել, որ վերադառնում եմ տուն, և հայրս
ինձ տեսնելով՝ ձեռնափայտը բարձրացրացնում և զայրացած
ասում է՝ ո՞ւր էիր այսքան ժամանակ, այ տղա, իսկ
ես, թե՝ մի անհանգստացի, հայրիկ, գործերով էի զբաղված»:
Համարելով, որ դեռևս չի մասնակցել պատերազմին,
տուն չվերադարձած նա կրկին մեկնում է ռազմաճակատ`
ոչ մի լուր չուղարկելով իր հարազատներին:
«Ես դեռ պետք է ապացուցեի, որ դիտավորյալ չեմ
գերի ընկել և երբեք դավաճանելու մտադրություն չեմ
ունեցել»:
1945-ի ապրիլի 20-ին` Հաղթանակի օրվանից 19 օր
առաջ, Աշիկը կրկին ծանր վիրավորվում է և այս անգամ
ընկնում խորհրդային հոսպիտալ, որտեղ մնում է մինչև
նոյեմբեր: Առաջին նամակը հարազատներին կարողանում
է ուղարկել հենց այնտեղից:
58 տարի առաջ ռուսերենով գրված խունացած նամակը
շարունակում է նրա պատերազմական հիշողությունների
մասը կազմել.
Բարև ձեզ, սիրելիներս,
Ես ողջ-առողջ եմ և գտնվում եմ գործող Կարմիր բանակում:
Մանրամասները կգրեմ ձեր պատասխանը ստանալուց հետո:
Գուցե չհավատաք, քանի որ գրում եմ ռուսերեն, բայց
դա միայն այն պատճառով, որ հայերեն խոսքս չի կապակցվում.
Համարյա չորրորդ տարին է, հայերեն չեմ խոսել:
Որպեսզի իսկապես հավատաք, որ ես եմ, մի քանի խոսք
կգրեմ հայերեն:
Այնուհետև շարունակում է հայերեն.
Ես ձեզ խնդրում եմ, որ գրեք ձեր կյանքի մասին,
բոլորդ սաղ եք ու առո՞ղջ, Գերվասյան արդեն բանակում
է, թե՞ ոչ: Գրեցեք նույնպես ընկերներիս և ընդհանրապես
բոլոր հարազատներիս մասին: Իմ հասցեն հետևյալն
է.
Դաշտային փոստ 49497, Վարդանյան Արշալույս Ալեքսեյի
Եվ կրկին՝ ռուսերեն.
Եվ այսպես, առայժմ հաջողություն: Կարծում եմ,
որ դուք շատ զարմացած եք, բայց և շատ ուրախ, այնպես
որ բառերով հնարավոր չէ արտահայտել: Սպասում եմ
ձեր պատասխանին:
Ձեր որդի Աշիկ:
Նրա գերության չորս տարիների ընթացքում Վարդանյանների
ընտանիքը երկու անգամ մահվան սև թուղթ էր ստացել:
Հոսպիտալից ստացված նամակը նոր հույսեր է ծնում:
Վերջ ի վերջո, նա վերադառնում է տուն:
«Ես հասկանում էի, որ նրանք ինձ տեսնելու հույսն
արդեն կորցրել են, դրա համար վերադառնալուց առաջ
նախապես մարդ ուղարկեցի, որ անակնկալի չգան»:
Պատերազմից հետո նա կարողանում է իրականացնել
իր վաղեմի երազանքը և ուսումն ավարտելով դառնում
ճարտարապետ՝ աշխատելով այնպիսի ճարտարապետների հետ,
ինչպիսին է Գեորգի Թամանյանը` Ալեքսանդր Թամանյանի
որդին:
Իր աշխատանքային գործունեության ընթացքում նախագծում
և շահագործման է հանձնում մի քանի տասնյակ բնակելի
և վարչական շենքեր, որոնցից ավելի քան մեկ տասնյակն
այսօր կանգուն են Երևանում: Այժմ նա իր մասնագիտական
փորձն է փոխանցում 20-ամյա ապագա ճարտարապետ թոռանը:
«Զղջում եմ, որ կորցրել եմ այդ տարիները, - ասում
է ծեր զինվորը, - բայց միևնույն ժամանակ ապացուցեցի
ինքս ինձ, որ մարդ կարող է դիմակայել ցանկացած դժվարությունների:
Եթե ունի նպատակ, ապա պետք է մինչև վերջ պայքարի
դրան հասնելու համար»:
Իսկ այսօր, Հաղթանակի զբոսայգուց վերադառնալով,
նա կրկին կսպասի իր հարազատներին, որպեսզի միասին
տոնեն հաղթանակի օրն այն շենքի բնակարանում, որը
շուրջ 45 տարի առաջ նախագծվել և կառուցվել է անձամբ
Աշիկի ղեկավարությամբ:
|