|
Խմբակային
մկրտությունը կազմակերպել էր «Օրինաց երկիր»
կուսակցությունը: |
Քահանան կանգնում է դեմքով դեպի հավատացյալները
և տալիս է մի հարց, որը կապում է հայկական ավանդույթները
Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում անցկացվող ժամանակակից
արարողությանը:
«Կնքահայրն ի՞նչ է խնդրում մկրտվողից»:
Ի պատասխան քավորները երեք անգամ կրկնում են.
- «Հույս, հավատ, սեր և մկրտություն»:
Հայ Առաքելական եկեղեցու այս արարողությունը պարունակում
է մեղքերից ազատվելու և հոգևոր վերածննդի խորհուրդը:
Մայիսի 6-ի երեքշաբթի օրը մկրտվեցին Էրեբունու
համայնքի տարբեր տարիքի 40 երեխաներ, որոնցից 14-ը՝
Սուրբ Զորավոր եկեղեցում:
Երկամյա Գայանեն հուզմունքից ճչում է, երբ քահանան
մոտեցնում է նրան ջրով լի ավազանին: Նրա մայրը՝
Մարինե Խաչատրյանը, եկեղեցի է բերել իր երեք երեխաներին:
Այդ օրը մկրտվելու են նաև Գայանեի եղբայրները՝ իննամյա
Պատվականը և ութամյա Դավիթը:
«Երբ մարդ մկրտվում է, անկախ տարիքից անդամագրվում
է մեր եկեղեցուն ընդունելով նրա դավանաբանությունը»,
- ասում է Տեր Եղիշե քահանա Կարսյանը:
Երեխաների կնքահայրերն էին Գևորգ Գևորգյանը և
Արմեն Կալիվանջյանը: Այդ օրվանից նրանց դերը կլինի
ներկայացնել եկեղեցին իրենց սանիկների կյանքում:
Կնքահայրերը պետք է լինեն այն հոգևոր դաստիարակները,
որոնք հոգալով իրենց սանիկների մասին հոգևոր սնունդ
են տալիս նրանց, որպեսզի նրանք մեծանան և դառնան
ճշմարիտ քրիստոնյաներ:
«Երեխայի կնքահոր միջոցով փոխանցում ենք այն դավանաբանությունը,
որի հիմքի վրա էլ նա դաստիարակվելու է: Կնքահայրը
եկեղեցու վստահված անձն է», - ասում է Տեր Եղիշեն:
Մկրտությունը բաժանվում է երկու մասի՝ բուն մկրտություն
և դրոշմ: Բուն մկրտության ժամանակ քահանան երեխային
դեմքով դեպի արևելք պահած երեք անգամ ընկղմում է
ջրի մեջ՝ ասելով. - «Հանուն հոր, որդու և սուրբ
հոգու»:
|
Երեխաների
մայրերը և ազգականները եկել են տեսնելու երեխաների
մկրտության արարողությունը: |
Տեր Եղիշեն բացատրում է. - «Ասել է, թե մկրտվում
են Սուրբ երրորդության անունով: Երեք անգամ ջրի
մեջ ընկղմվելը նշանակում է Քրիստոսի թաղումը և համբարձումը:
Ջրի միջից ելնելով մկրտվողը նոր մարդ է դառնում՝
ամրանալով Քրիստոսի հարությամբ»:
Տասնհինգամյա Լիլիթ Առաքելյանն ափսոսում է, որ
մինչև այժմ մկրտված չէր: «Ես ինձ նոր մարդ եմ զգում,
հավատս էլ ասես ավելի զորացավ րոպեների ընթացքում»:
Օրհնված ջրով լվացվելուց հետո, տեր հայրը սրբալույս
մյուռոնով դրոշմում է մկրտվողներին: Տեր Եղիշեն
ասում է, որ դրոշմը Քրիստոսի խորհրդանիշն է, իսկ
մյուռոնը՝ սուրբ հոգու:
«Տեր հայրը մյուռոնով օծեց ճակատս, ականջներս,
աչքերս, բերանս, ձեռքերիս ափերը և ծնկներս: Հետո
մեջքս և սիրտս: Ես գիտեմ, որ դա արվում է, որպեսզի
ես ծառայեմ լավ ու բարի գործերին», - ասում է Լիլիթի
եղբայրը՝ 11-ամյա Վահե Առաքելյանը:
Երեքշաբթի օրվա միջոցառումը կազմակերպել էր «Օրինաց
երկիր» կուսակցությունը: Ըստ կուսակցության փոխնախագահ
Գագիկ Մխեյանի, չորս տարվա ընթացքում կուսակցության
ջանքերով ողջ հանրապետությունում մկրտվել են 50
հազար երեխաներ:
Կուսակցության Էրեբունու տարածքային կազմակերպության
նախագահ Թամարա Իշխանյանն ասում է, որ այս տարի
իրենց համայնքում արդեն մկրտվել են 120 հոգի և դեռ
40 հոգի էլ պետք է մկրտվեն:
Յուրաքանչյուր մկրտվող ստանում է մեկ գրամանոց
ոսկյա խաչ:
|
Քահանան
մյուռոն է քսում 14 երեխաներից մեկի այտերին: |
«Մեր նպատակն է կանխել աղանդների տարածումը, -
ասում է մանկավարժ Իշխանյանը, - իսկ մկրտվելով նրանք
արդեն սկսում են գաղափար ունենալ Հայ Առաքելական
եկեղեցու մասին: Անգամ դպրոցներում կան աղանդավոր
ուսուցիչներ, որոնք շեղում են երեխաներին»:
Մկրտության վերջում տեր հայրն օրհնում է նարոտը
(խաչի թելը) և վրան անցկացնում օրհնված խաչը: Այնուհետև
կնքահայրն անցկացնում է այն մկրտվողի պարանոցին:
Տեր Եղիշեն ասում է. - «Նարոտը բաղկացած է սպիտակ
և կարմիր թելերից: Խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Երբ նրան խաչի վրա ծակում են, սկզբում արյուն է
գալիս, իսկ հետո՝ սպիտակ ջուր»:
Արարողության ավարտից հետո Սուրբ Զորավոր եկեղեցու
բակը լցված է երեխաների աղմուկ-աղաղակով: Օծված
Սուրբ մյուռոնով՝ բոլորի դեմքերը փայլում են: Մկրտվածների
թվում է նաև երկու երեխաների մայր Լուսինե Մխիթարյանը:
«Ճիշտ է մի փոքր ուշ է, բայց օգտվեցի առիթից ու
ես էլ երեխաներիս հետ մկրտվեցի: Թվում է, հոգեպես
մաքրվել եմ»:
Տեր հայրը հիշեցնում է, որ մկրտվածները երեք օր
չպետք է լվացվեն և լողանան, քանզի օծված են մյուռոնով:
Երրորդ օրը միայն քահանան օրհնած ջրով պետք է մաքրի
մարմնի այն մասերը, որոնց մյուռոն է քսվել:
«Ջուրը, որով կմաքրվի մյուռոնը, անպատճառ պետք
է մաքուր տեղ լցվի: Վերջապես մկրտվելով՝ մարդիկ
սրբվում են մեղքերից, վերստին ծվում: Իսկ դրոշմը
զորացնում է նրանց հոգիները, ուժ տալիս դիմակայելու
կյանքի բոլոր դժվարություններին», - բացատրում է
Տեր Եղիշեն:
|