ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 May 9, 2003 




Թարմ հայացք ուսանողական կյանքին. նոր վեպը հեռանում է ավանդական գրելաոճից


Երիտասարդ գրող Կարեն Ղարսլյանը երջանիկ է ինտերնետային տարբերակի կողքին վերջապես տեսնել իր գիրքը նաև տպագիր վիճակում:

«Մենք կմնանք ուտոպիստներ՝ երազելով իդեալի մասին, բայց ըստ էության գարշանք զգալով դրա իրականացումից»։

Այս արտահայտությունը դուրս է քաշված Կարեն Ղարսլյանի «X կադր/ վայրկյան» վեպի հոսքից, ուր հոսում են ու բախվում ընթերցողի ուշադրության ափին լատինատառ հայերեն նամակներ (ինչպիսիք գրում են էլեկտրոնային փոստով), ճմռթված բառեր, որոնք իմաստից դուրս են եկել և վերածվել մեզ շրջապատող հնչյունների, համակարգչային և ապրանքային նշաններ, Երևանում օգտագործվող անգլերեն ու ռուսերեն արտահայտություններ և հայհոյանքներ։

Այս հոսքը որոշակի հուն ունի, որը Բրյուսովի ուսանողի և նրա ընկերոջ՝ Ճիժի թափառումներն են երևանյան փողոցներով («Մաշտոցի պողոտայի վրա գտնվող գրախանութից փսխվելիս շատախոսելով թեքվեցինք Արամի փողոցի ուղղությամբ»):

«X կադր/վայրկյան» վեպի շնորհանդեսը եղավ մայիսի 2-ին ՆՓԱԿ-ում։ Գիրքը, որը կազմված է Կարեն Ղարսլյանի վեպից, «Անձնադրվագներ» շարքից և այլ գործերից, հրատարակել է «Բնագիր» գրական հանդեսը որպես իր չորրորդ համար։ Մինչև տպագրությունը այն արդեն դրված էր էլեկտրոնային էջում (www.bnagir.am

Ղարսլյանը գրել է վեպը 2001 թվին, սակայն դրա մեջ տեղ գտած ոչ ցենզուրային արտահայտությունների պատճառով չէր կարողանում հրատարակիչ գտնել։

«Փորձեցի հրատարակել գրողների միությունում, որտեղ երիտասարդ գրողների առաջին գրքերն են տպում, - ասում է Կարեն Ղարսլյանը: - Գրողների միության նախագահն ասաց՝ ես կողմ եմ, որ տպվի, բայց որպես նախագահ չեմ կարող։ Հետո մի տեղ էլ մերժեցին։ Եթե «Բնագիրը» չլիներ, պիտի փող հավաքեի, ու չգիտեմ երբ կտպվեր»։

«Բնագիրը» Հայաստանում առաջին և միակ գրական պարբերականն է, որտեղ չկա գրաքննություն, և հրատարակվում են տեքստեր, որոնք մասնավորապես ազատ բառապաշարի պատճառով այլ տեղ չեն հրատարակվում։ «Բնագրի» վերջին երկու համարները հրատարակվել են ԱՄՆ դեսպանության դրամաշնորհով։

«Շատ հետաքրքիր է այս գրքի լեզվական անվախությունը. գրականություն է բերված ընթացիկ հայերենի ամենաթարմ ու ամենահում՝ դեռ գրական խոսքի դաշտ բնավ չմտած շերտը», - ասում է բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը:

Պետրոսյանն ասում է, որ ժամանակակից գրականությունը հիմնականում շարունակում է 19-րդ դարի ռոմանտիզմի լեզվական կաղապարները: - «Ցանկացած քաղաքական կամ սոցիալական տեղաշարժ խարխուլ է, եթե չի արտացոլվել լեզվագիտակցության մեջ: Ահա թե ինչու քաղաքական հարցադրումներից հեռու Ղարսլյանի գրականությունը պարադոքսալ կերպով դառնում է հրատապ՝ լեզվագիտակցության իրականացման առումով»։

Վեպի «ակունքը» Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի՝ «Լեզբոսի» մուտքն է: Ղարսլյանը, որը սովորում է համալսարանի ասպիրանտուրայում և անգլո-ամերիկյան գրականություն է դասավանդում, նկարագրում է համալսարանը որպես մի վայր, որտեղ «... դրսում կանգնած աղջիկները տղա կպցնելու ավելի չնչին հույս ունեցողներն էին ներսում դաշտանահոտերի և անտիվամպիրանտ օծանելիքների տհաճ խառնուրդ էր»։

Համալսարանն անվանում են «Լեզբոս», քանի որ խորհրդային տարիներից այն հայտնի էր նրանով, որ ուսանողների գերակշիռ մասն աղջիկներ են:

Գրքի շնորհանդես ՆՓԱԿ-ում:

«X կադր/վայրկյան»-ում համալսարանի մուտքի մոտ (ինչպես և իրականում) աղջիկների հետ ծանոթանալու հույսով շարված տղաների մեջ է նաև Ճիժը, «որի մոտ ամորձիների շրջանում սպանիչ ցավ էր սկսվել քիչ առաջ որոշ աղջիկների ձեռքերը ծանոթանալու ժամանակ սեղմելուց»։

Վեպը ծանրաբեռնված է ուսանողների սեռական ցանկությունների նկարագրություններով՝ ընդգրկելով նաև «Հայաստանում իր համար աննախադեպ ուշադրության կենտրոնում գտնվող միջին տարիքի ամերիկացի John S Cheeks-ին»:

Բրյուսովից տղաներին «հեղեղը» տանում է երևանյան փողոցներով, փողոցներն էլ իրենց հերթին ընկնում են հեղինակի անգիտակցականի անդրադարձման հեղեղի մեջ՝ ռելսերի վերածված մայթերով, «... և նրանց վրայով ընթացող կիսախելառ շվահարը ... մատները խցկում է շվիի աչքաբների մեջ, շալվարը շվի, պիջակը շվի, քիթը շվի, ոռը շվի»։

Ղարսլյանի գրածներին հատուկ է տեքստային անիմացիայի ոճը, մուլտը որպես տեքստ ներկայացնելը։ Ինչպես «Անձնադրվագներ» շարքում, որտեղ բերանը մոտենում է ականջին, որ բան ասի, ու առանց ասելու ականջի վերածվում։

«Միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարել, - ասում է հեղինակը: - Սակայն քանի որ հնարավոր չի, ցանկությունս տեքստի վերածեցի՝ տեքստային կինոյի։ Ֆիլմը թելադրում է մարդուն, թե ինչ արագությամբ նայի այն՝ մի վայրկյանը պարտադիր 24 կադր է։ Դրա համար էլ վեպը կոչվում է «X կադր/վայրկյան», որտեղ X-ը անհայտ ժամանակն է։ Ռեժիսոր Գոդարն ասում է. - «Կինոն ճշմարտություն է վայրկյանում 24 անգամ։ Ես ասում եմ՝ գրականությունը ճշմարտություն է վայրկյանում X անգամ: Գրականությունը չի կարող իմանալ, թե ինչքան ժամանակում իրեն կընթերցեն»։

Ենթագիտակցականից դուրս պրծած հեղեղն իր մեջ է ներառում սփյուռքահայ ընտանիքի դստեր սեռական հիշողությունները, որտեղ մտքերի հեղեղն իր մեջ է առնում հենց իր՝ տեքստի երազը՝ «պինդ կապռտում են ինձ ճկուն ռադիոալիքներից ու մթնոլորտային տեղումներից»։

Վեպն ավարտվում է «You have successfully installed the program» բառերով։

«Կոմպյուտերը, եթե համապատասխան ծրագիրը չունի, ֆայլը չի հասկանա, - բացատրում է Կարենը: - Մարդն էլ վերածվում է կոմպյուտերի, ինչ-որ իրողություն կամ ալտերնատիվ մտածողության ձև մարդու մեջ ինստալացիա է արվում, նա կարդում է և շատ իրողություններ այլ կերպ է պատկերացնում՝ ըստ նոր ծրագրի։ Օրինակ, վեպում փուչիկը մեկ մահվան հետ եմ կապում, ինչպես է նրանից դուրս գալիս օդը, ու նա մեռնում է, մեկ՝ մոր կրծքի։ Կարող է որևէ ընթերցող, որ փուչիկ տեսնի, մահվան տեղ դնի կամ կրծքի։

«Սա ինստալացիայի փաթեթ է, որ էդ կարգի ֆայլերն ընթերցողը հասկանա, իրականությունը պլյուրալիստական ձև ընդունի։ Վեպի վերջում գրածս, որ ընթերցողի մեջ ինստալիացիա է արվել տեքստը, մարդու կոմպյուտեր դառնալը ավելի ցայտուն է դարձնում։ Դա բողոք է կոմպի դեմ։ Ամեն պահ մարդուն պիտի հիշեցնել, որ ինքը մարդ է»։


  Inside
 

Water Damage: Village disease outbreak linked to contaminated reservoir

Full story

 
 
 
 

Starting Over: Tree planting project aimed at undoing destruction

Full story

 
 
 
 

Place of Honor: "Mother" watches over her people on Victory Day and all others

Full story

 




  Photos of the week
  Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
Click here to enlarge.
Click on the photo above to enlarge.
 
 
 
 

Day of Remembrance

May 9 is Victory Day, when Armenia remembers its war veterans with ceremonies that include laying carnations and standing in formation near the Eternal Flame above Yerevan.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.