ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 28, 2003 




Պատերազմ և ուսում. հայ ուսանողները հետևում են իրաքյան պատերազմին և անհանգստանում են Բաղդադում մնացած իրենց ընտանիքների համար


Mihran Sedrakyan watches and worries.Իրաքյան պատերազմը վատ է անդրադարձել Հայաստանում սովորող առնվազն երեք ուսանողների դասերի վրա, ովքեր անհանգստանալու լուրջ հիմքեր ունեն Երևանից 800 կմ հեռավորության վրա ծավալվող իրադարձությունների կապակցությամբ:

Անցյալ շաբաթվանից իրաքահայ Միհրան և Անդրանիկ Սեդրակյան եղբայրները և նրանց իրաքահայ ընկեր Արա Վարդանն ամբողջ օրն անց են կացնում հանրակացարանում՝ դիտելով «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հաղորդումները, որոնք ցույց են տալիս ռմբահարվող Բաղդադը:

Բաղդադը նրանց տունն է: Եվ նրանք գիտեն, որ երբ իրենք դիտում են այդ հաղորդումները, Բաղդադում մնացած իրենց ընտանիքները հրթիռներից պատսպարվում են նկուղներում:

«Վերջին անգամ մեր ծնողների հետ հեռախոսով խոսել ենք ավելի քան մեկ շաբաթ առաջ, որից հետո նրանցից լուր չունենք, - մտահոգ ասում է 23-ամյա Միհրանը, - Խոսելուց երկու օր անց սկսվեց պատերազմը, և հեռախոսային կապը կտրվեց»:

Տղաները քնում են ցերեկը՝ դասի գնալու փոխարեն (Միհրանը սովորում է Երևանի կոնսերվատորիայում, իսկ մյուս երկուսը՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում): Գիշերներն իրենց արաբ հարևանի սենյակում արբանյակային հեռուստատեսություն են նայում:

«Դա միակ կապն է Իրաքի հետ, - ասում է Միհրանը, - Ամեն օր մինչև առավոտյան ժամը 6-ը դիտում ենք արաբական հեռուստաընկերությունների լուրերը, քանի որ միայն նրանք են ցուցադրում այն, ինչ իրականում կատարվում է Իրաքում, իսկ մյուսները միայն ամերիկյան կողմին վերաբերող կադրեր ու լուրեր են հաղորդում»:

Վերջին 15-րոպեանոց հեռախոսային խոսակցության ընթացքում Միհրանը և նրա 24-ամյա եղբայրը փորձել են համոզել իրենց հորը, որ վերջինս իրենց մոր և 13-ամյա եղբոր հետ թողնի Իրաքը և Սիրիայով անցնի Հայաստան:

«Ինչ ուզում է լինի, մենք պետք է մնանք Բաղդադում», - ասել է հայրը:

62-ամյա հոր պատասխանը Միհրանը բացատրում է ընդամենը հինգ բառով. «Նա շատ է սիրում Իրաքը»:

«Մի ասացվածք կա՝ «Եթե պիտի մեռնեմ, թող տանս մեջ մեռնեմ», հայրս այլ կերպ չէր էլ ասի, - ասում է նա,- Իհարկե, հայերի մեջ էլ կլինեն ընտանիքներ, որոնք կտեղափոխվեն հարևան երկրներ, բայց շատ քիչ: Բաղդադի իմ բոլոր հարազատները մնացել են այնտեղ:

(Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների, Բաղդադում բնակվում են շուրջ 20 հազար հայեր, որոնց մեջ գաղթածների թիվը մեծ չէ):

Փորձելով հանգստացնել տղաներին՝ ծնողները խոստացել են, որ ամեն ինչ լավ կլինի: Ասել են, որ անհրաժեշտ քանակությամբ ջուր և սնունդ են պահեստավորել, որպեսզի իրավիճակի վատացման դեպքում խնդիրներ չունենան:

Հանրակացարանում բնակվող նրանց սիրիացի ընկերներն ասում են, որ տղաներն անհանգստանում են իրենց ընտանիքների համար, բավական փոխվել և գրեթե անճանաչելի են դարձել: Նրանց ասելով, մինչ այդ հումորով և ուրախ տղաների դեմքերին այսօր դժվար է ժպիտ տեսնել:

Մինչ պատերազմը հանրակացարանի այս հարկում եռում էր ուսանողական ուրախ կյանքը: Սակայն ավելի թեժ պատերազմը սառեցրել է երիտասարդ տղաների դեմքի ժպիտները: Սիրիացիք մշտապես փորձում են փոխել տղաների տրամադրությունը, սակայն հաճախ դա նրանց չի հաջողվում:

«Մենք արդեն սովոր ենք պատերազմական վիճակին. նշանակություն չունի պատերազմ է, թե ոչ, Իրաքում ռազմական օդանավերի հռնդյունը սովորական է դարձել, - ասում է Միհրանը, - Արդեն վախ չկա այնտեղի բնակչի մոտ: Օրինակ, փոքր եղբայրս հեռախոսով ասաց՝ խաղում եմ, հեծանիվ եմ քշում»:

Սեդրակյան եղբայրները մեծացել են պատերազմի և պատերազմի սպառնալիքի պայմաններում: Միհրանը հստակ կարծիք ունի իր երկրի և նրա ղեկավարի մասին:

«Սադդամը վատ մարդ չէ, - ասում է նա, - Այդ երկրում մենք միշտ էլ լավ ենք ապրել: Իրաքցին ամեն ինչով ապահովված է եղել, և մինչ այժմ էլ Իրաքում որևէ մեկը սոված չի մնացել:

«Իրաքցու միակ ցանկությունն իր երկրի հանդեպ արտաքին սահմանափակումների վերացումն ու աշխարհի հետ հարաբերությունների հաստատումն է: Միայն դա է մեզ խանգարում, թե չէ փոխել վարչակազմը՝ մենք չենք ուզում»:

Ինչպես տղաներն են ասում, Իրաքի հայերը վայելում արաբների առանձնահատուկ հարգանքը:

«Երբևիցե որևէ մեկը մեզ չի ասել՝ դուք քրիստոնյա եք, ուրեմն վատն ենք», - ասում են նրանք:

Իրենց հոր տարիքն արդեն զինակոչային չէ, սակայն տղաները համոզված են, որ իրաքցի զինվորների շարքերում կան նաև իրաքահայ մարտիկներ, քանի որ, ինչպես իրենք են ասում, նման պայմաններում անկախ ազգությունից, եթե դա քո երկիրն է, պետք է պաշտպանես այն:

Այս երեք տղաներից 21-ամյա Արան ողջ զրույցի ընթացքում լուռ մնաց: Նա չցանկացավ խոսել պատերազմի մասին, սակայն փոխարենն ամեն ինչ ասացին նրա թախծոտ աչքերը:

«Ուսումն ավարտելուց հետո, անկախ պատերազմի արդյունքներից, մենք ուզում ենք վերադառնալ Իրաք: Այնտեղ Հայաստանի պես չէ, որ մի օր չաշխատես ու սոված մնաս, այնտեղ ես կարող եմ մի օր աշխատել և մի շաբաթ վայելել աշխատածս, - ասում է Միհրանը, - Հայաստանում աշխատած գումարով նույնիսկ ինձ չեմ կարող ապահովել, իսկ Իրաքում վաստակած գումարով մի ընտանիք կարող եմ պահել»:

Տղաները հույս են հայտնում, որ այս պատերազմը վերջինը կլինի:

«Դժվար է ասել, ինչ կլինի արդյունքում, քանի որ Սադդամ Հուսեյնը շատ ուժեղ մարդ է: Բաղդադն այս մի քանի գյուղերի կամ փոքր քաղաքների պես հեշտ չի լինի գրավել: Թեժ մարտերը դեռ առջևում են», - ասում են նրանք:

Եվ Սեդրակյան եղբայրները հույս ունեն, որ եթե իրենց ծնողները վերապրեն այս թեժ օրերը, ապա այս ամառ կիրականացնեն Հայաստան գալու իրենց երազանքը: Նրանք Հայաստանում միայն մեկ անգամ են եղել՝ 1978 թվականին այնտեղ են անցկացրել իրենց մեղրամիսը:


  Inside
 

Crackdown or Crime?: Arrests continue to follow Presidential Election

Full story

 
 
 
 

Disturbing the Dead: Concern grows for fate of Armenian cemeteries in Azerbaijan

Full story

 
 
 
 

Cybervision: Work of Iraqi-Armenian and American-Armenian meets in the net

Full story

 





  Photo of the week
  Snowball
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Snowball

At today's Under-21 football match between Armenia and Northern Ireland, played in Abovian, the match had to be delayed for nearly an hour while workers cleared the pitch of snow. When the field was cleared, the home team played to a 2-0 victory.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.