ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 28, 2003 




Անհանգստացնում են հանգուցյալներին. մեծանում է մտահոգությունն Ադրբեջանում գտնվող հայկական գերեզմանատների համար


Thousands of khachkars used to stand in Jugha, but no more.Հայաստանի հասարակայնությունը վրդովված է Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական գերեզմանատների և պատմական հուշարձանների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքից:

Չորեքշաբթի օրը Հայաստանի ազգային ակադեմիայում կայացած գիտաժողովի ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննադատեց հայկական հուշարձանների, մասնավորապես՝ գերեզմանատների, շարունակական և սիստեմատիկ ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը:

Գիտաժողովը հրավիրել էին Հայաստանի ազգային ակադեմիան, «Հայկական ճարտարապետության հետազոտություններ» և «Երկիր և մշակույթ» կազմակերպությունները՝ Նախիջևանի հարավում գտնվող Ջուղայի հին հայկական գերեզմանատան խաչքարերի ոչնչացման կապակցությամբ:

Հայ պատմաբանները համարում են, որ Ջուղայի գերեզմանոցները համաշխարհային մշակութային ժառանգության մասն են կազմում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուղայի տապանաքարերի մի մասը թվագրված են 9-րդ դարով:

17-րդ դարում Ջուղայում կար շուրջ 10 հազար խաչքար: 20-րդ դարի սկզբին այնտեղ պահպանվել էին շուրջ 5000 խաչքար, ինչպես նաև երեք եկեղեցի և մի մատուռ:

Այժմ Ջուղայում մնացել են միայն խաչքարերը, մյուս հուշարձանները ոչնչացվել են:

Գերեզմանատունը ներկայումս փակ է այցելուների համար: Լուսանկարիչ Զավեն Խաչատրյանը վերջին հայ այցելուն էր, որ մի քանի տարի առաջ եղել է այնտեղ և լուսանկարել է պահպանված փոքրաթիվ խաչքարերը:

Գիտաժողովի մասնակիցները դիմեցին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին՝ կոչ անելով գերեզմանատան ոչնչացումը կանխելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ստեղծել միջազգային հանձնաժողով:

«Հայկական մշակութային գանձերի պահպանումը Հայաստանի արտաքին քաղաքականության մասն է կազմում», - ասաց Օսկանյանը:

Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը նշեց, որ բարձր է գնահատում միջազգային հանրության ուշադրությունը հայկական հուշարձանների վրա հրավիրելու Հայաստանի կառավարության ջանքերը:

«Նախարարի ներկայությունը գիտաժողովին ապացուցում է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պաշտպանելու Հայաստանի ժառանգությունն իր սահմաններից դուրս», - ասաց արքեպիսկոպոսը:

Ադրբեջանից վերաբնակեցված շատ հայեր մտահոգված են Բաքվի Մոնտինսկոյե գերեզմանատան ճակատագրով: Ղարաբաղյան պատերազմի շատ փախստականներ այդ գերեզմանոցում թաղված ազգականներ ունեն:

Գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանը, որի ազգականները թաղված են Մոնտինսկոյե գերեզամոնցում, համոզված է, որ գերեզմանատների ոչնչացումը պարզապես վանդալիզմ չէ:

«Հայկական գերեզմանոցների ոչնչացումն Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է խեղաթյուրել պատմական փաստերը և ոչնչացնել տարածաշրջանում հայկական ներկայության բոլոր վկայությունները», - ասաց Մանասյանը:

Մոնտինսկոյե գերեզմանատունը Բաքվի հնագույն գերեզմանատներից մեկն է:

Ադրբեջանից փախստական Լիդա Հարությունյանը, որի ծնողները թաղված են այնտեղ, ասում է, որ դա շատ մեծ գերեզմանոց է և այնտեղ կան 18-րդ դարի հայկական գերեզմաններ:

Greta Mirzoyan«Այնտեղ կային նաև ռուսական և հրեական գերեզմաններ, իրականում դա միջազգային գերեզմանատուն էր, - ասում է նա, - Հայկական գերեզմանները երևում էին հեռվից, որովհետև դրանց վրա մեծ խաչեր կային»:

Այս տարվա հունվարին Բաքվի քաղխորհուրդը հայտարարեց, որ Նարիմանովսկի շրջանում մայրուղի է կառուցվելու, և որ Մոնտինսկոյե գերեզմանատան մի մասը տեղափոխվելու է մեկ այլ գերեզմանատուն:

Այդ հայտարարությունը հրապարակվեց տեղական թերթերում: Այն նաև փակցրեցին գերեզմանատան մուտքի մոտ:

Բաքվի իշխանություններ հայտարարեցին, որ Մոնտինսկոյե գերեզմանատանը թաղված մարդկանց ազգականները կարող են դիմել քաղխորհուրդ վերաթաղման համար:

«Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը որակել է այդ հայտարարությունը որպես ծիծաղելի:

«Այնտեղ տասնյակ հազարավոր հայեր են թաղված, սակայն ներկա հանգամանքներում Բաքու գնալը, իհարկե, անհնար է»:

Միրզոյանը, որն անցյալ տարի հնարավորություն էր ստացել այցելել գերեզմանատունը, երբ «Հարավային Կովկասի կանայք» գիտաժողովի շրջանակներում գտնվում էր Բաքվում, ասում է, որ այնտեղ փաստորեն այլևս գերեզմանոց չկա:

«Այն մասը, որտեղ հայկական գերեզմաններն էին, ամբողջովին ոչնչացված է: Ոչ մի հայկական գերեզման չի պահպանվել, իսկ այնտեղ աճող հին մեծ ծառերը կտրել են: Դեռ ավելին, ակնհայտ էր, որ այնտեղ բուլդոզերներ են աշխատել»:

Միրզոյանն ասում է, որ գերեզմանոցի կողքին տեղակայված էր Հայաստանից եկած ադրբեջանցի փախստականների ճամբարը: Նա ասաց, որ այդ մարդիկ նույնպես շատ գերեզմաններ են պղծել՝ փնտրելով ոսկյա զարդեր կամ ոսկյա ատամնապսակներ:

Միրզոյան ասում է, որ այժմ արդեն իմաստ չունի դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին կամ մշակութային հուշարձաններով զբաղվող այլ կազմակերպությունների, որովհետև գերեզմանատանն արդեն փրկելու բան չի մնացել:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաճախ են անդրադառնում գերեզմանատան հարցին:

Ադրբեջանական «Էխո» լրագրի թղթակից Զարեմա Վելիխանովան գրում է.

«Ադրբեջանի իրավապաշտպաններն այն կարծիքին են, որ քաղաքային խորհուրդը շտապել է նման որոշում ընդունելու հարցում, և հայկական գերեզմանների ոչնչացումը կարող է վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում»:

«Մայրուղու շինարարությունը պետք էր հետաձգել մինչև Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը», - գրում է ադրբեջանցի իրավապաշտպան Էլդար Զեյնալովը:

«Այժմ, երբ Լեռնային Ղարաբաղի հարցը թևակոխել է խաղաղ կարգավորման փուլը, ցանկացած գործողություններ, որոնք կարող են լարվածություն առաջացնել, կարող են ազդել կարգավորման խաղաղ ընթացքի վրա»:

Գրետա Միրզոյանն ասում է, որ ծաղիկներ էր վերցրել, երբ գնացել էր այցելելու իր տատի և պապի գերեզմանները:

«Ես հույս ունեի, որ նրանց գերեզմանները կարող են պահպանված լինել, բայց երբ մոտեցա գերեզմանատանը, հասկացա, որ երբեք չեմ գտնի դրանց տեղը, որովհետև տապանաքարեր չկային: Արդեն ուզում էի գնալ, երբ մի նոր գերեզման տեսա: Վրան ցուցանակ չկար: Ծաղիկները դրեցի այդ գերեզմանի վրա»:


  Inside
 

Crackdown or Crime?: Arrests continue to follow Presidential Election

Full story

 
 
 
 

Disturbing the Dead: Concern grows for fate of Armenian cemeteries in Azerbaijan

Full story

 
 
 
 

Cybervision: Work of Iraqi-Armenian and American-Armenian meets in the net

Full story

 





  Photo of the week
  Snowball
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Snowball

At today's Under-21 football match between Armenia and Northern Ireland, played in Abovian, the match had to be delayed for nearly an hour while workers cleared the pitch of snow. When the field was cleared, the home team played to a 2-0 victory.

 




Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.