Ինչպես
կյանքի գրեթե բոլոր այլ ասպարեզներին, այնպես էլ
համալսարաններին վերաբերող տեղեկությունները, Հայաստանում
ձեռք են բերում ոչ թե անմիջականորեն, այլ հիմնվելով
ուրիշներից ստացած լուրերի վրա:
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ուսանողներին
գրավելու համար այլ մոտեցում է ցուցաբերել: Վերջին
տասը տարվա ընթացքում ՀԱՀ-ը կազմակերպում է «Բաց
դռների» ամենամյա օր, որը հնարավորություն է տալիս
ապագա ուսանողներին և նրանց ընտանիքի անդամներին
սեփական աչքերով տեսնել, թե ինչ է առաջարկում համալսարանը:
Վերջին անգամ դա տեղի ունեցավ անցյալ շաբաթ օրը:
«Սա մի օր է, որով նաև մենք տարբերվում ենք Հայաստանի
մյուս ուսումնական հաստատություններից, - ասում
հասարակության հետ կապերի կոորդինատոր Էլմիրա Դանիելյանը,
- Ի տարբերություն ընդունված հայկական տարբերակի,
երբ ուսանողներն ազգականներից ու ծանոթներից են
տեղեկություն ստանում այս կամ այն ֆակուլտետի մասին
ու նոր որոշում ընդունում, որը շատ դեպքերում սխալ
է լինում, մեզ մոտ կազմակերպված բաց դռների օրերին
յուրաքանչյուր ցանկացող կարող է լիարժեք ու սպառիչ
պատասխաններ ստանալ իր բոլոր հարցերին»:
Այդ պատասխանները ստանալու համար, անցյալ շաբաթ
օրը ՀԱՀ-ի դահլիճում էին հավաքվել Հայաստանի մյուս
բուհերի մի քանի հարյուր շրջանավարտներ: Ներկաների
մի մասը համալսարան էր եկել զուտ հետաքրքրությունից
դրդված, մյուսները՝ առավել բարձրակարգ մասնագիտական
կրթություն ստանալու ակնկալիքով:
«Ամերիկյան համալսարան ընդունվելու համար անհրաժեշտ
է անգլերենի լավ իմացություն, իսկ հետո, որքան տեղյակ
եմ՝ համբերություն ու սովորելու կամք, - ասում է
տնտեսագետ Լուսինե Հարությունյան, - Քանի որ այստեղ
կրթությունը խիստ է, ակնկալիքները բարձր են: Սակայն
հանուն կայուն գիտելիքների, հնարավոր է ամեն ինչ
անել: Այդ իսկ նպատակով էլ այստեղ եմ»:
ՀԱՀ-ի 2001 թվականի շրջանավարտ Արսեն Ստեփանյանը,
որն աշխատում է ԱՄՆ-ի Զարգացման գործակալությունում,
պատրաստ էր կիսվել շրջանավարտի իր փորձով:
«Գործատուն աշխատանքի ընդունելիս նախ և առաջ հաշվի
է առնում մասնագետի հմտություններն ու գիտելիքները,
և ոչ թե վկայականը կամ դիպլոմը, - ասում է Ստեփանյանը,
- Իսկ եթե նման կարծիք է ստեղծվել, ուրեմն մեր համալսարանն
արժանավոր շրջանավարտներ ունի»:
Ամերիկյան համալսարանի ներկա ուսանողներից ոմանց
էլ այլ պատճառ է այստեղ բերել:
«Թեև շատերը կարծում են, թե Ամերիկյան համալսարանն
ավարտելով, լավ վարձատրվող աշխատանք են գտնելու,
ես այստեղ եմ եկել առաջին հերթին գիտելիքի համար,
- ասում է առաջին կուրսի ուսանողուհի Արմինե Անտոնյանը,
- Ես ավարտել եմ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը
և շատ մեծ տարբերություն եմ զգում: Այստեղ ուսանողը
շատ ակտիվ միջավայրում է, ձևական բան շատ քիչ կա:
Եվ, թերևս, ամենակարևորն այն է, որ ուսանողին շատ
լուրջ են վերաբերվում և պահանջում են, որ ինքն էլ
իր արածին լուրջ վերաբերվի»:
|