Առնվազն 72 քաղաքացի է ձերբակալվել մարտի 5-ին
կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլից
հետո ընկած ժամանակահատվածում: Տպավորությունն այնպիսին
է, կարծես ընդդիմության կողմնակիցների շուրջկալ
է հայտարարվել: Ձերբակալվածների թիվը կարող է ավելի
մեծ լինել՝ 103:
Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են,
որ ձերբակալությունները սահմանադրական ազատությունների
ոտնահարում են, իսկ ընդդիմադիր ուժերին մտահոգում
է այն, որ ձերբակալությունները նպատակ ունեն ահաբեկել
նրանց կողմնակիցներին մայիսին կայանալիք խորհրդարանական
ընտրությունների նախօրեին:
Անցյալ ուրբաթ օրը՝ մարտի 21-ի գիշերը, ընտրությունների
դեմ ուղղված բողոք- հանրահավաքից հետո կալանավորվել
են ավելի քան 30 հոգի: «Հանրապետություն» կուսակցության
և Հայաստանի ժողովրդական կուսակցության տվյալներով,
ձերբակալվել են 70-ից 80 քաղաքացի:
«Շահումյանի շրջանի ոստիկանները ձերբակալեցին
ամուսնուս մարտի 22-ին՝ առավոտյան ժամը 7-ին, -
ասում է Ամուր Պետրոսյանի կինը՝ Նաիրան, - Երեքով
մտան տուն ու միանգամից կանգնեցին ամուսնուս կողքին՝
ասելով, որ հագնվի ու պատրաստվի գնալ: Հարցրեցի՝
ինչու՞ եք տանում, պատասխանեցին, թե ամեն ինչ նորմալ
է, մի անհանգստացիր, նրան միայն կտուգանենք ու տուն
կգա»:
Սակայն շատերի նման Պետրոսյանին 15-օրյա կալանքի
ենթարկեցին՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած
ընդդիմադիր հանրահավաքին մասնակցելու մեղադրանքով:
Նաիրա Պետրոսյանն ասում է, որ «գլխացավանքից ազատվելու
համար» տանտերը նրան երկու երեխայի հետ բնակարանից
դուրս է արել:
Ձերբակալվածների հարազատներից պահանջում են վճարել
6000 դրամ կալանավորների սննդի համար և 1000 դրամ
ոստիկանությունում անձնական գործի համար նրանց լուսանկարելու
համար:
Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ
Դուստրիկ Մխիթարյանը պնդում է, որ այդ գումարները
չեն ծախսվում սննդի վրա:
Ընդդիմության կողմից ձերբակալությունների ընթացքին
հետևող Մխիթարյանն ասում է, որ մարտի 17-ից ի վեր
103 մարդ է ձերբակալվել՝ ներառյալ նրանք, ում վերաբերյալ
«տվյալներ չունենք»:
Միավորված 10 ընդդիմադիր կուսակցությունների «Արդարություն»
դաշինքն անվճար իրավաբանական խորհդատվություն է
առաջարկում այն մարդկանց, ովքեր պնդում են, որ ձերբակալությունների
ժամանակ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություններ
են գործադրել:
Ձերբակալված կանանց մեծ մասին տուգանում են 1-5
դոլարի չափով և ազատ են արձակում, մինչդեռ տղամարդկանցից
շատերը ենթարկվում են 5-15-օրյա կալանքի:
Ըստ ՀԺԿ լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանի,
երկուշաբթի օրը նրա գրասենյակ է եկել 62-ամյա Սուրեն
Սարգսյանը և բողոքել է, որ մարտի 18-ին նրան տարել
են տնից՝ նույնիսկ թույլ չտալով հագնել կոշիկները:
Նորք թաղամասի բնակիչ, թոշակառու Սարգսյանը, որը
երկու անգամ կաթված է տարել և վատառողջ է, Խաչատրյանին
պատմել է, որ ոստիկանությունում թույլ չեն տվել
իրեն զանգահարել տնեցիներին, որ կոշիկ բերեն, և
այդ պայմաններում նրան պահել են մինչև հաջորդ օրը
դատարան տանելը:
Սարգսյանը նաև պնդում է, որ երբ ինքը հրաժարվել
է ցուցմունք տալ, իբր խուլիգանության մասնակից է
եղել, ոստիկանության պետի տեղակալը խփել է նրա գլխին:
Արագած գյուղի բնակիչ Սուրեն Հովհաննիսյանը վնասվածքներ
է ստացել, երբ ոստիկանությունը կանգնեցրել է մարտի
21-ի ցույցին մասնակցելու նպատակով Երևան ուղևորվող
ավտոբուսը, և այժմ գտնվում է հիվանդանոցում: Վկաների
հավաստմամբ, ոստիկանությունը փակել է Երևան մտնող
բոլոր մայրուղիները: Հովհաննիսյանը վնասվածք է ստացել,
երբ փորձել է փախչելով ազատվել իրեն հետապնդող ոստիկանության
աշխատակիցներից:
Իրավապաշտպան կազմակերպությունների հավաստմամբ,
ոստիկանության գործողություններն ու ձերբակալության
հրամանները խախտում են Եվրոխորհրդին անդամակցելու
կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները՝
բարձրացնել քաղաքացիների իրավունքների պաշտպանվածության
մակարդակը:
Սակայն արդարադատության նախարարության մամլո խոսնակ
Արա Սաղաթելյանը հայտնել է, որ քաղաքացիները վարչական
պատասխանատվության «ենթարկվել են, ենթարկվում են
և կենթարկվեն»՝ հասարակական կարգը խախտելու և ձերբակալությանը
դիմադրելու համար:
«Այս տեսակետից, նույնիսկ Խորհրդային Միությունն
ավելի իրավական պետություն էր, քան ներկայիս Հայաստանը»,
- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ
Ավետիք Իշխանյանը՝ ավելացնելով, որ Ղարաբաղյան շարժման
ժամանակ կալանավորվեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները,
և ոչ թե հանրահավաքների մասնակիցները:
|