«Ես
միշտ պատրաստ եմ խոսել իմ հայրենիքից և մնալ այստեղ,
բայց այսօրվա հայրենիքն այսպես չեմ պատկերացնում»,
- ասում է 32-ամյա Ժաննա Մարկոսյանը, որը հավաքում
է ճամպրուկները և պատրաստվում տեղափոխվել Մոսկվա:
«Ի՞նչ հայրենիքի մասին է խոսքը, եթե ես ինձ Հայաստանում
լիարժեք չեմ զգում», - ասում է նա:
Մոտ օրերս Ժաննան մեկնելու է Հայաստանից, որովհետև
նրա ընտանիքը չի կարողացել կյանքի բավարար պայմաններ
գտնել այստեղ: Վերջին ութ տարում սա արդեն երկրորդ
անգամն է, որ նրանք զղջումով լքում են հայրենիքը:
1995 թվականին՝ հիասթափված Հայաստանում տիրող
կյանքի պայմաններից, ընտանիքը տեղափոխվեց Բուլղարիա:
Սակայն մի քանի տարի հետո սկսեցին լսել, որ Երևանում
վիճակը լավանում է՝ նոր փողոցներ, նոր աշխատատեղեր,
ընդհանուր տնտեսական աճ:
Սոֆիայում Մարկոսյանները դիտում էին Հայաստանի
հանրային հեռուստատեսությունը և անչափ ուրախանում
էին՝ տեսնելով գործարանների վերաբացման, աշխատատեղերի
ստեղծման և բարգավաճող Հայաստանի մասին հաղորդումները:
Եվ այդպես, մոտ մեկ տարի առաջ, նրանք վերադարձան:
«Բայց եկանք այստեղ, պարզվեց, օրական 1000 դրամ
աշխատավարձ են տալիս: Ին՞չ կարելի է գնել այդ գումարով
նորմալ սնվելու համար: Իսկ զվարճանքների մասին խոսելն
ավելորդ է», - ասում է նա դառնացած:
«Ին՞չ է մինչ այժմ ավելացել իմ հայրենիքում՝ ոչ
մի լավ բան, - ասում է նա, - միայն ռեստորաններ
և գիշերային ակումբներ»:
Հաճախ է պատահում, որ ընտանիքը լքում է Հայաստանը
տնտեսական դժվարությունների պատճառով: Սակայն Ժաննայի
ընտանիքն այն հազվագյուտ դեպքերից է, երբ ընտանիքը
վերադարձել է, քանի որ կյանքը բարելավվել է ոմանց
համար:
Սակայն, ինչպես նա հիմա ասում է՝ ոչ բոլորի համար:
«Առաջին անգամ մեկնելիս խիստ հիասթափված էինք
Երևանից: Միշտ հուզվում եմ, երբ հիշում եմ այդ անտանելի
տարիները՝ վառարանների ծուխը, մութը, ամեն ինչի
դեֆիցիտը, - ասում է Ժաննան, - Իսկ մեր վիճակն առավել
անմխիթար էր. աշխատանք չունեինք, քաղցած էինք, ինչ
էլ հայթայթում էինք՝ եռակի գնով: Եթե մնայինք, շատերի
նման սովի կմատնվեինք»:
«Երբ հարցնում են՝ ինչո՞ւ հենց Բուլղարիա, ամուսինս
կատակում է՝ «աչքերս փակեցի և մատս գլոբուսին դրեցի,
որտեղ դիպավ, այնտեղ էլ գնացինք»:
Մարկոսյանները մեկնեցին Հայաստանից իրենց ունեցվածքի
վաճառքից ստացված 980 դոլարով:
«Նախ որոշեցինք գնալ Լեհաստան, բայց այդ տարի
Լեհաստանը հայերին չէր ընդունում: Այնուհետև մեզ
ասացին, որ հայերի համար Հունաստանում է լավ, սակայն
մեր գումարը բավարար էր միայն Բուլղարիա հասնելու
համար», - ասում է Ժաննան:
Ընտանիքին Բուլղարիա ճանապարհելով՝ Կարենը մեկնում
է Ռուսաստան՝ նրանց քիչ ավելի ուշ միանալու մտադրությամբ:
Հինգ օր շարունակ Ժաննան երկու տարեկան երեխան
գրկին՝ մոր և նույն ճակատագրին արժանացած շուրջ
երեք տասնյակ հայերի հետ ավտոբուսով ուղևորվում
էր դեպի «անհայտ պայծառ ապագա»: 3500 կմ ձգվող ճանապարհը՝
Վրաստանի և Թուրքիայի միջով մինչև Բուլղարիա, դժոխային
էր:
«Սարսափելի օրեր էին, - ասում է Ժաննան, - Ավտոբուսի
մշտական ընթացքից երեխան հիվանդացավ, կոշիկս պոկվեց,
և երեխայի հետ վայր ընկանք: Անօգնական կանգնած՝
լաց էինք լինում»:
Նոր երկրում՝ նոր կյանք և նոր անվանում՝ «փախստականներ»:
«Սկզբում
մեզ չէին վստահում և նայում էին հեգնանքով, - ասում
Ժաննան, - Տանտիրուհին մեզ ալբանցի էր համարում՝
ասելով, որ երկու բառերն էլ «ա»-ով են սկսվում,
և իր համար նշանակություն չունի՝ «արմենցի ենք»,
թե «ալբանցի»: Դա վիրավորական էր:
«Սուտ է, երբ ասում են, թե հայերը Հայաստանից
գնում ու անմիջապես «դրախտում» են հայտնվում: Մենք
շատ դժվարություններ ենք կրել»:
Ի վերջո, Մարկոսյանները կարողանում են բանջարեղենի
խանութ բացել, և կյանքը սկսում է բարելավվել:
«Եկել էր վերելք ապրելու պահը, - ասում է Ժաննան,
- Ունեինք մեքենա, կենցաղային և տեխնիկական սարքեր:
Դրանք այն տարիներն էին, երբ մենք կարողանում էինք
ամեն ինչից օգտվել և մեզ մարդ զգալ: Սակայն, ավաղ,
նրանց դավաճանում են իրենց իսկ ազգակիցները, երբ
մի խումբ թափթփուկներ կործանման են հասցնում նրանց
սկսած գործը:
«Նրանք մարզիկներ էին՝ ծանրամարտիկներ, և ով իրենց
չէր ենթարկվում՝ ծեծում էին, - ասում է Ժաննան,
- Նրանց հայտնվելով թաղամասում բնակվող հայերի համար
ամեն ինչ վերջացավ: Ես երբեք չէի հանդիպել այդպիսի
ահավոր հայերի:
«Մեզ չծեծեցին, բայց ամենամեծ վնասը մենք կրեցինք:
Մեկ անգամ տունը և երկու անգամ խանութը բարբարոսաբար
թալանեցին: Բայց մենք ապացույց չունեինք, բացի այդ
վախենում էինք, որ երեխային կվնասեն»:
Ընտանիքը տեղափոխվում է Սոֆիայի մեկ այլ թաղամաս,
սակայն նրանց այլևս չի հաջողվում սեփական գործ սկսել:
Իսկ հետո գալիս են հուսադրող լուրեր Հայաստանից:
«Երբ վերադառնում էինք Հայաստան, Սոֆիայի հայերն
ասում էին՝ մի վերադարձեք, կհիասթափվեք, - ասում
է Ժաննան, - Բայց միևնույն ժամանակ խնդրում էին,
որ անպայման իրենց էլ հաղորդենք, լավ է այստեղ,
թե ոչ: Մենք բոլորին հեռախոսով ասել ենք՝ ոչ»:
Եվ այսպես, այս շաբաթ՝ Երևանում թողնելով տղային
և մորը, Ժաննան մեկնում է Մոսկվա, ուր աշխատանք
գտնելու հույսով արդեն մեկնել է Կարենը: Նա ասում
է, որ Հայաստանում մնացողները «հերոսներ» են:
«Շատ եմ ցավում, որ այդքան չարչարանքներից հետո,
արդյունքում ոչնչի դեռ չենք հասել, բայց այնքան
պիտի փորձենք, մինչև մեր նպատակներն իրականանան»,
- ասում է Ժաննան:
|