Այբուբենի
ամեն տառի արտասանություն, բառերի պատկերներ՝ բանաստեղծությունների
վերևում, երգեր և հատվածներ Աստվածաշնչից՝ այս ամբողջը
պարզապես ևս մեկ հայերենի դասագիրք էր, մինչև որ
երկու հայեր՝ այսօրվա ոխերիմ թշնամի երկրներից,
տեղադրեցին այդ էջերն ինտերնետում:
Իրաքում ծնված Շիրակ Ավագյանը և Միացյալ Նահանգներում
ապրող Ալեք Բաղդասարյանը գտան իրենց հասակակիցներին
միևնույն կիբեռտարածքում հավաքելու ձևը՝ տեղադրելով
հայերենի դասագիրքն ինտերնետային ցանցում:
Անվճար www.learnarmenian.com
էջը նախ և առաջ նախատեսված է այն հայ երեխաների
համար, ովքեր ցանկանում են սովորել իրենց նախնիների
լեզուն, սակայն այն նաև հնարավորություն է ընձեռում
չափահաս սփյուռքահայերին ավելի շատ տեղեկություններ
ստանալ իրենց հայրենիքի և այնտեղ ապրող մարդկանց
մասին:
Դպրոցական ուսուցիչների կազմած կիբեռդասընթացը
բաժանված է 7 մակարդակների: Այբուբենի տառերը, բառերը
և փոքր տեքստերը ձայնագրված են վեբ դիզայներ Շիրակի
ընտրած երեխաների կատարմամբ, իսկ մի շարք հայրենասիրական
երգեր, որոնք նաև տեղադրված են էջում, կատարում
է հայկական մի երգչախումբ:
Էջի 5-ից 40 տարեկան այցելուները կարող են նաև
վայելել հայկական պոեզիան, մանկական աստվածաշունչը,
ստանալ Հայաստանի մասին տեղեկություններ, ծանոթանալ
Երևանի պատկերներին, ինչպես նաև ճարտարապետության
և արվեստի պատմությունը:
«Երբ տեսա, թե ինչպես է այդ ծեր կինը թոռան հետ
միասին նայում իմ էջը, ինձ զգացի երջանիկ և մեջս
ցանկություն առաջացավ առաջարկել ավելին», - իր զգացմունքներով
կիսվում է Շիրակը:
Հայաստան այցելելը Շիրակի ամբողջ կյանքի երազանքն
էր, սակայն նաև պարտքի զգացում՝ թելադրված այն գաղափարով,
որ ցանկացած հայ պետք է մի օր վերադառնա իր հայրենիք:
Բաղդադի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ
Շիրակը 23 տարեկանում արդեն ղեկավարում էր մի փոքր
տպարան:
Նա ասում է, որ իր բիզնեսը սկսել է մի փոքր գրասենյակում՝
ընկերներից պարտքով վերցրած գումարով, և կարողացել
է ծածկել իր ծախսերը՝ միջոցները ռացիոնալ օգտագործելով:
«Եթե հայրս ինձ 10 դոլար էր տալիս, ես դա ծախսում
էի գրքերի վրա, երբեք անիմաստ չէի վատնում»:
Սակայն Շիրակը որոշեց փոխել իր ուղին, չնայած
նրա գործը լավ եկամուտ էր բերում: Իսկ Հայաստանի
ճանապարհը հեշտ չէր:
«Երբ առաջին անգամ եկա Հայաստան, տեսա, որ կյանքն
այստեղ շատ ուրիշ է, և պետք է ամեն ինչ սկզբից սկսեմ»,
- ասում է նա:
Նա սկսեց համակարգչային գործ սովորել և մոտ 4
տարի առաջ տեղափոխվեց Երևան: Սկզբում աշխատեց համակարգչային
ձևավորման մի փոքր գործակալությունում, իսկ հետո
հայտնաբերեց Տեղեկատվության ինտեգրացիայի գրուփը
(ՏԻԳ)՝ ամերիկյան մի ընկերություն, որն իր երևանյան
մասնաճյուղում աշխատանք առաջարկեց նրան:
ՏԻԳ-ի տնօրեն Ալեք Բաղդասարյանը ֆինանսավորեց
Learnarmenian.com ծրագիրը, որն ամբողջությամբ ձևավորել
և այժմ իրականացնում է Շիրակը:
«Սկզբում մենք չէին ենթադրում, որ մեր էջը հանրահայտ
կդառնա, - ասում է Շիրակը, - բայց երբ տեսանք մեր
այցելուների աճող թվերը, որոշեցինք ընդլայնել ծրագիրը»:
Շիրակը, որն անսահման նվիրված է Հայաստանին և
կրքոտ սիրում է երեխաներին, նախատեսում է թողարկել
կիբեռդասընթացի կոմպակտ սկավառակը, իսկ դրա վաճառքից
գոյացած գումարները տրամադրել Հայաստանի դպրոցների
վերանորոգմանը: Նա ասում է, որ ստացված առաջին միջոցները
հատկացնելու է այն դպրոցին, որի ուսուցիչներն օգնել
են ստեղծել հայերենի դասընթացը:
Շիրակի մյուս երազանքն է ամբողջ աշխարհի հայ երեխաների
խմբերի փոխանակում կազմակերպել և բերել նրանց ճանապարհորդելու
Հայաստանով:
Քանի որ Learnarmenian.com էջն իր այցելուների
շփման համար ունի նաև զրուցասրահ (chat room), այն
դարձել է մի իսկական «կապող օղակ Հայաստանի հայ
երեխաների և ամբողջ աշխարհի հայ երեխաների միջև»՝
ինչպես Շիրակն է խոսում իր երազանքի մասին՝ համախմբել
էջի միջոցով իրար հետ ծանոթացած երեխաներին:
|