Բռնցքամարտ
Երևանցի
Արթուր Պետրոսյանը շարունակում է իր ելույթները
երկրորդ կիսամիջին քաշային կարգում Նևադա նահանգի
Լաս Վեգաս քաղաքում: Պետրոսյանը տարել է 10 հաղթանակ,
կրել է 4 պարտություն և 1 մենամարտ ավարտել է ոչ-ոքի:
Այս ամսվա սկզբին Պետրոսյանը հասավ մի շատ տպավորիչ
հաղթանակի: Երկրորդ ռաունդում հակառակորդի հարվածը
նրան գետին տապալեց, սակայն չնայած դրան, Պետրոսյանը
հաղթեց Ֆրանսիսկո Կորալեսին տեխնիկական նոկաուտով
(9-2), երբ վերջին՝ 8-րդ, ռաունդի ավարտին մնացել
էր ընդամենը 18 վայրկյան:
Ֆուտբոլ (Եվրո-2004)
Ըստ www.sport-express.ru
ինտերնետային էջի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան
(ՀՖՖ) պաշտոնական նամակ է ստացել Հյուսիսային Իռլանդիայի
ֆուտբոլի ֆեդերացիայից, որտեղ ասվում է, որ Հյուսիսային
Իռլանդիայի ազգային հավաքականը Հայաստան չի ժամանի,
եթե Իրաքում պատերազմ սկսվի:
Իռլանդացիները պետք է հանդիպեն Հայաստանի ազգային
հավաքականի հետ մարտի 29-ին՝ Եվրոպայի 2004 թ. առաջնության
նախնական փուլի խաղում:
Հյուսիսային Իռլանդիան նամակ է ուղարկել էր նաև
ՈՒԵՖԱ-ին, սակայն վերջինիս ղեկավարությունը պնդել
է, որ իրաքյան դեպքերի պատճառով խաղեր չհետաձգվեն:
Այս դեպքում հնարավոր է, որ Հայաստանի օգտին գրանցվի
3-0 հաշվով հաղթանակ՝ հակառակորդի խաղին չներկայանալու
պատճառով:
Ֆուտբոլ (Հայաստանի բարձրագույն խումբ)
Մարտի 12-ին «Արարատը» վերադարձավ Ադլերից, որտեղ
երկշաբաթյա մարզումներ էր անցկացնում:
«Արարատի» ղեկավարությունը շարունակում է պնդել,
որ ՀՖՖ-ի ընդունած որոշումն ակումբի որակազրկման
մասին անօրինական է:
«Արարատը» տեղեկացնում է, որ ՀՖՖ-ն ստեղծվել է
2002 թվականի դեկտեմբերին, և որ ՀՖՖ-ի ու ակումբի
միջև ոչ մի իրավական փաստաթուղթ չի ստորագրվել:
Այդ պատճառով ՀՖՖ-ն ակումբը որակազրկելու իրավական
հիմք չունի:
Չնայած արգելքին՝ «Արարատը» պատրաստվում է կազմակերպել
իր սեփական մրցաշարը:
«Արարատը» նաև պատրաստվում է շարունակել իր մարզումները
և ընկերական խաղեր անցկացնել արտասահմանում: Ակումբը
նախատեսում է կազմակերպել գավաթի իր սեփական պրոֆեսիոնալ
լիգան:
|