Ես չեմ պատրաստվում ինձ պատերազմի զոհ հայտարարել,
սակայն պետք է ասեմ, որ այն ամենն, ինչ կատարվում
է Իրաքում, արդեն կողմնակի հոգեբանական վնաս է հասցնում
ինձ:
Եթե դուք ուշադիր եք եղել անցյալ շաբաթվա սույն
էջում ներկայացված աշխարհագրության դասին, ուրեմն
գիտեք, որ Հայաստանն ավելի մոտ է Իրաքին, քան Սպիտակը
տունն իր սեփական արտաքնոցին:
Եվ երեկ երեկոյան, երբ այստեղից ոչ շատ հեռու
հրթիռները էին թռչում, ես մտա իմ կիբեռ-փոստարկղը,
որտեղ ինձ սպասող ուղերձ կար՝ «Պահապան» մակագրությամբ
(բառախաղ է, warden բառն ունի նաև «բանտապան» իմաստը):
Մենք բոլորս էլ անցյալ ունենք, չէ՞: Այն չէ, ինչ
անցնում է ձեր մտքով, բայց իմը «պահապան» բառի հետ
կապված տհաճ ասոցիացիաներ ունի:
Եթե կարճ ասեմ՝ ինչպես «հարկային ոստիկանություն»
կամ «ճիճվի անալիզի արդյունքներ» արտահայտությունները:
Էկրանին հայտնված քիչ բան կարող էր ինձ ավելի քիչ
ուրախացնել, մինչ ես նավարկում էի Յահուով մոտավորապես
այն տարածաշրջանում, որտեղ Ջորջ դաբլյուն (Բուշը)
նավարկում էր իր սկադներով:
(Եվ, քանի դեռ այս թեմայի վրա ենք՝ վերջերս Հայաստանում
իրականացվել է չափավոր հայտնի մի անձի սպանություն՝
մեկ միակ գնդակով և ինչպես ենթադրում են, 50000
դոլարով: Ի հակադրություն, Բուշի վարչակազմը 40
միլիոն դոլար ծախսեց անհամար հրթիռներ արձակելով
մի շինության վրա, որտեղ, ինչպես իրենք էին «կարծում»,
հաճելի ժամանակ էր անցկացնում աշխարհի ամենատխրահռչակ
և ճանաչելի մարդը, և այդուհանդերձ վրիպեց: Հետևություն՝
տվեք հային մի ատրճանակ և շահագրգռեք նրան, և շատ
չանցած Սադդամ Հուսեյնն այլևս չի լինի այն հակամարտության
առանցքը, որը ստիպում է ամերիկացիներին գետը լցնել
ֆրանսիական գինին և արգելք դնել ֆրանսիական համբույրի
վրա (վերջինս դեռ սպասվում է): Եվ բոլորն էլ ավելի
էժան կպրծնեն:)
Ինչևէ՝ պահապան:
Պարզվում է, որ ես պահապան ունեմ: Երևի Հայաստանում
ապրող բոլոր ամերիկացիներն էլ ունեն: Ուրախ եմ հայտնել,
որ տվյալ դեպքում սույն բառն ավելի շուտ նշանակում
է «հոգացող», «խնամող», այլ ոչ թե «բանտապան»: Պահապանն
այն մարդն է, որը վերցնում է հեռախոսը կամ կապվում
է ինտերնետով և բղավում է «վազի՛ր», երբ տագնապի
գունակոդավորված վահանակը թույլ դեղնից հասնում
է մուգ կարմրի, որը կարծես ասում է՝ հիմա չե՞ս զղջում,
որ տեղափախվել ես այստեղ:
Ինձ թվում է, որ այս «պահապաններն» ԱՄՆ պետդեպարտամենտի
մշակած ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն
է ինձ նմաններին դուրս հանել նման վայրերից, երբ
խաղահրապարակի վատ տղաները սկսում են սպառնալ Ամերիկյան
ապրելակերպին, անկախ նրանից, թե Ամերիկայից որքան
հեռու դա կարող է լինել: (Իրականում, ոչ այնքան
ինձ նմաններին, որքան ինձ այն նմաններին, որոնք
«Լեքսուսի» կարգի ամերիկյան փողեր են աշխատում «Լադայի»
կարգի հայկական դրամային տնտեսությունում:)
Իմ պահապանն ուզում էր տեղեկացնել ինձ, որ թեև
դոկտոր Սթրեյնջլավի Երկրի ներքին ապահովության սպառնալիքի
մակարդակը հասել է նարնջագույնի (ինչ էլ որ դա նշանակի),
այստեղ՝ Սկադավանից 800 կիլոմետրի վրա, ամեն ինչ
խաղաղ է:
Այս ուղերձի պատճառն «ինչ-որ կոնկրետ սպառնալիքներ
չեն Հայաստանում բնակվող ամերիկացիների համար: Այն
պարզապես կոչ է զգույշ լինել...»:
Եվ հենց այդ օրը՝ ուշ երեկոյան, երբ դուրս էի
գալիս Երևանում բնակվող ամերիկացիների սիրած սրճարաններից
մեկից՝ հայկական 3 դոլարանոց գինով լիքը փորով,
աստիճաններով բարձրանալիս ես լրացուցիչ զգուշություն
ցուցաբերեցի: Իմ պահապանը կարող էր հպարտանալ ինձնով:
Այդ օրն ավելի ուշ ես էլնամակ ստացա Հյուսիսային
Ամերիկայում ապրող մի ընկերուհուց, որը հարցնում
էր, արդյոք ես իմ պատուհանից լսում եմ այն, ինչ
նա տեսնում է իր հեռուստացույցով՝ Մարտյան հրթիռները:
Ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ լսում իմ հակագազի
դիմակի միջից: Սա այնպիսի մի պատասխան է, որ կարող
ես քեզ թույլ տալ, երբ ապրում ես մի վայրում, որի
մասին մարդիկ պատկերացում են կազմում, միայն երբ
այն հայտնվում է պաշտպանության նախարարության քարտեզների
վրա: Կամ էլ երբ լսում են, թե ինչպես են կամուֆլյաժավորված
ու մազերի փոխարեն այտամորուս պահող տղաներն ասում.
«Մեր հետախուզությունը հայտնել է մեզ...», երբ իրականում
պիտի ասեին. «Անցյալը օրը լսեցի «ՍիԷնԷն»-ով...»:
Արդյունքում՝ նման վայրերին վերագրվում է շահարկումների
ենթակա էկզոտիկ բնութագիր, որին դրանք բոլորովին
արժանի չեն:
Իրաքի դեպքերին առնչվող իմ ամենասիրած հիպեր-սարսափը
հետևյալն է.
Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը
հրաժարվել է մասնակցել մյուս շաբաթ Երևանում Հայաստանի
հավաքականի հետ կայանալիք խաղին: Հյուսիսային Իռլանդիան
մի երկիր է, որտեղ գինետներ են պայթում, որտեղ փոստարկղերի
մեջ սիրում են ռումբեր դնել, և ահա այդ երկրի մարզիկները
վախենում են գալ Հայաստան, որովհետև այն չափազանց
մոտ է այն երկրին, որը ռմբակոծվում է (հիմնականում)
գերճշգրիտ զենքերով:
Ամերիկացի իմ ընկերներից մեկն ասաց ինձ, որ իրենց
կազմակերպությունը հետաձգել է մայիսին Հայաստան
այցելելու ծրագրերը: Այ սա ես, իսկապես, չեմ հասկանում:
Մանավանդ, որ ես ասացի, որ կլինեմ իրենց պահապանը:
|