Մինչ
պատերազմի սպասման մեկ շաբաթը հասավ իր գագաթնակետին
երեկ Բաղդադին հասցված հարվածով, վախեցած բնակիչները
հեղեղել են Իրաքի հատկապես հյուսիս տանող ճանապարհները:
Իրաքից փախչողների այլընտրանքը մեծ չէ: Սահմանները
թշնամաբար տրամադրված հարևանների՝ Իրանի և Քուվեյթի
հետ, փակ են, իսկ Սիրիա կամ Սաուդյան Արաբիա հասնելն
ու այնտեղ ապրելը չափազանց թանկ է շարքային իրաքցիների
համար:
Այս առումով Բաղդադից ընդամենը 480 կմ հեռավորության
վրա գտնվող Հայաստանի սահմանն ընդունելի տարբերակ
է դառնում Իրաքի որոշ բնակիչների՝ հատկապես շուրջ
20-հազարանոց հայ համայնքի համար:
Իրաքի Հայկական համայնքի ադմինիստրացիայի կենտրոնական
կոմիտեի նախագահ Վահագն Մեսրոպյանն ասում է, որ
վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստան են մեկնել
մոտ 25 ընտանիքներ: Մյուս կողմից, հունվար 1-ից
մինչև մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում արտաքին
գործերի նախարարությունն ընդամենը 31 տուրիստական
վիզա է տվել Իրաքի քաղաքացիներին, իսկ Միացյալ ազգերի
փախստականների գործերով բարձրագույն կոմիսարի հայաստանյան
գրասենյակը ներկայումս քննում է փախստականի կարգավիճակ
ստանալու ընդամենը երեք ընտանիքների դիմումներ:
Մեսրոպյանը վերջերս բնակարան է գնել Երևանում
և երկու շաբաթ առաջ Բաղդադից Հայաստան է մեկնել
կնոջ, դստեր և զոքանչի հետ:
Մեսրոպյանի ընտանիքը մեքենայով մեկնել է Հալեպ
(Սիրիա), որտեղից ինքնաթիռով թռել է Երևան: Ճամփորդությունը
Բաղդադից նրանց վրա նստել է մոտ 1100 դոլար, սակայն
ընտանքին ասում է, որ ապահովությունն ավելի կարևոր
է, երբ պատերազմի սպառնալիքն իրական է դառնում:
Ընտանիքն իրերից իր հետ վերցրել է միայն որոշ հագուստեղեն,
անկողնային սպիտակեղեն և սրբիչներ:
Մեսրոպյանն ասում է, որ հեշտ չէր մեկնել այն երկրից,
որտեղ ծնվել է, սակայն նա վախենում էր, որ հնարավոր
պատերազմը կարող է շատ ավելի մեծ վնաս պատճառել
իր ընտանիքին:
«Իհարկե,
այստեղ գալն ինձ համար դժվար էր, - ասում է նա,
- Ստիպված էի թողնել աշխատանքս, տունս, ընկերներիս,
բայց հույս ունեմ, որ սա ժամանակավոր բան է»:
Վահագնի կինը՝ Սեդան, որն այժմ թոշակառու է, սակայն
նախկինում աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի Բաղդադի
գրասենյակում, ասում է, որ նրան մտահոգում է այն,
ինչ կատարվում է Իրաքում: Նա միայն աղոթում է, իր
ընկերների և հարևանների ապահովության համար:
«Մենք այստեղ ենք և ապահով ենք, սակայն հոգով
և սրտով մենք այնտեղ ենք», - ասում է նա:
Մեսրոպյանների հավաստմամբ, Բաղդադի հայ համայնքում
մթնոլորտն, ընդհանուր առմամբ, խաղաղ ու հանգիստ
է եղել: Իրաքցիները, անկախ էթնիկական ծագումից,
չափից ավելի լավ են ծանոթ պատերազմին, որպեսզի անտեղի
խուճապի մատնվեն:
Սակայն շատերը, ըստ Մեսրոպյանների, ջրի և սննդամթերքի
պաշար են կուտակում, իսկ Իրաքի կառավարությունը
շարունակում է բնակչությանը սննդամթերք և դեղորայք
տրամադրելու իր մարդասիրական ծրագիրը, որը սկսվել
է անցյալ հուլիսին:
«Խուճապ չկա, բայց բոլորն էլ խիստ անհանգստացած
են», - ասում է Վահագնը՝ նկատի ունենալով իր ընտանիքի
մտահոգությունը, թե ինչ ուժեր են կազմելու հաջորդ
կառավարությունը, եթե ներկա վարչակազմը հեռացվի
իշխանությունից: Վահագնը բարձր է գնահատում հայ
համայնքի լավ հարաբերություններն Իրաքի կառավարության
հետ և հույս ունի, որ պատերազմը չի խաթարի այդ հարաբերությունները,
որոնք հնարավորություն էին տալիս հայերին պահպանել
իրենց ազգային ինքնությունը:
Իրաքի հայերի մեծ մասը ցեղասպանությունը վերապրած
այն հայերի հետնորդներն են, ովքեր լքել են Թուրքիան
1915 թվականից հետո: Իրաքում կա ութ հայկական եկեղեցի,
որոնցից չորսը Բաղդադում են, որտեղ կան նաև երկու
հայկական մարզական ակումբներ, չորս մշակութային
կենտրոններ և հայերին պատկանող բազմաթիվ ձեռնարկություններ:
Իսկ արձակված հրթիռներն ըստ ազգային պատկանելության
չեն թիրախ ընտրում: Իրաքի հայ բնակիչների կյանքը
վտանգված է, և Մեսրոպյանների նման ընտանիքների բախտը
բերել է:
«Եթե պատերազմը հիմա սկսվի, ես և իմ ընտանիքը
չենք կարող վերադառնալ», - ասում է Վահագնը:
|