Այսօր
Հայաստանում մոտ 30 հազար եզդի-քուրդ է բնակվում,
մեծ մասը՝ Երևանից հյուսիս-արևմուտք ընկած Արագածոտնի
մարզի 21 գյուղերում։
Եթե, ինչպես և սպասվում է, պատերազմն Իրաքում
հասնի երկրի հյուսիսային շրջաններին, ապա հավանական
է, որ Հայաստանում քրդերի քանակը կմեծանա, քանի
որ հյուսիսային Իրաքից փախչող քուրդ բնակիչները
կարող են կտրել-անցնել Թուրքիան՝ Հայաստանում ավելի
ապահով հանգրվան գտնելու համար:
Հայաստանում քրդերը բավականին առանձնացված են
հասարակությունից: Նրանցից ոմանք ասում են, որ իրենք
հետապնդումների են ենթարկվում հայերի կողմից, որոնք
չեն հասկանում իրենց մշակույթը: Սակայն մեծ մասն
այն կարծիքին է, որ իրենց «չեն հալածում, սակայն
բանի տեղ էլ չեն դնում»:
Հայաստանում քրդերն ունեն իրենց «Ռյա թազա» («Նոր
ուղի») լատինատառ քրդերեն լրագիրը:
Իրաքյան պատերազմի նկատմամբ Հայաստանի քրդական
համայնքում տարբեր դիրքորոշումներ կան, որոնք անմիջականորեն
բխում են նրա ազգային շահերից և կապված են այն փաստի
հետ, որ համայնքի գլխավոր սրբավայրը՝ Լալըշը, գտնվում
է Իրաքի այն մասում, որը հայտնի է որպես Քուրդիստան։
2001 թվին Քուրդիստանի հայրենասիրական միության
գլխավոր քարտուղար Ջալալ Թալաբանիի հրավերով Երևանի
քրդական «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիր, «Քուրդ
մտավորականների միության» նախագահ Ամարիկե Սարդարն
այցելեց Իրաքյան Քուրդիստան, որը 1991 թվի Ծոցի
պատերազմից հետո դուրս է եկել Սադդամ Հուսեյնի վերահսկողությունից:
«Այնտեղ ամեն քայլափոխի մեզ ցույց էին տալիս այն
վայրերը, որտեղ թափվել էր Սադդամի կոտորած հազարավոր
քրդերի արյունը, - ասում է Սարդարը, - Որպես մարդ,
ես դեմ եմ արյունահեղությանը, բայց Սադդամի ռեժիմը
մի դաժան ռեժիմ է, որին պետք է վերջ տրվի: Լավ կլիներ՝
խաղաղ ճանապարհով, սակայն դա անհնար է»։
Այսօր Հայաստանի քրդերը բոլորն էլ եզդիներ են՝
կրոնական փոքրամասնություն, որոնք խոսում են նույն
լեզվով, ինչ և մահմեդական քրդերը, սակայն այլ կրոն
են դավանում: Նրանք հիմնականում զբաղվում են ոչխարապահությամբ
և ամառներն անց են կացնում Արագած լեռան վրա՝ ապրելով
վրաններում և արածացնելով իրենց հոտերը:
Եզդիականությունն արմատներով զրադաշտից բխող,
արևապաշտական կրոն է, որի հավատացյալների համայնքը
կաստայական կառուցվածք ունի։
Ըստ
«Քուրդ մտավորականների միության» տվյալների, ներկայումս
աշխարհում կան մոտ 500 հազար եզդիներ, որոնց մեծ
մասն ապրում է Իրաքի Քուրդիստանում, իսկ մի մասը՝
Իրաքի այլ հատվածներում։ Եզդների մի մասն էլ տեղափոխվել
է Եվրոպա։
Արևելյան Հայաստանի տարածք առաջին եզդի-քրդերը
եկել են հայ գաղթականների հետ Թուրքիայից 1828 թվին
ռուս-թուրքական պատերզմից հետո՝ մահմեդական միջավայրից
ազատվելու նպատակով։
Հայկական ցեղասպանության տարիներին Թուրքիայից
Հայաստան են եկել մոտ 7000 եզդիներ։
1930-40-ական թվերին Երևանում գործել են քրդական
պետական թատրոնը և Անդրկովկասյան քրդական տեխնիկումը։
Այդ տարիներին է (1930 թ.) հիմնադրվել նաև «Ռյա
թազա» լրագիրը: Գիտությունների ակադեմիայում առ
այսօր գործում է քրդագիտության բաժինը, իսկ Գրողների
միությունում՝ քուրդ գրողների բաժանմունքը։
Խորհրդային տարիներին Հայաստանի Գերագույն խորհրդում
պարտադիր մեկ քուրդ պատգամավոր կար, Գերագույն դատարանի
անդամներից մեկը պետք է քուրդ լիներ։
Սակայն անկախ Հայաստանում ոչ մի քուրդ պաշտոնյա
չկա:
«Մեզ չեն հալածում, բայց բանի տեղ էլ չեն դնում»,
- ասում է Ամարիկե Սարդարը։
Ըստ վերջին մարդահամարի պաշտոնական տվյալների,
1989 թվին Հայաստանում ապրում էին 56127 եզդիներ
և քրդեր, որոնցից 51976-ն իրենց եզդի էին համարում,
իսկ 4151-ը՝ մահմեդական քրդեր: 1988-1990 թվերին՝
Ղարաբաղյան հակամարտության ծավալման տարիներին,
մահմեդական քրդերը լքեցին Հայաստանը (մահմեդական)
ադրբեջանցիների հետ:
Հայաստանի անկախացումից հետո քրդական համայնքում
ազգային պատկանելիության վերաբերյալ լուրջ տարաձայնություններ
սկսվեցին: Համայնքի մի մասը եզդիներին համարում
է առանձին ազգ՝ եզդի, մյուս մասը իրեն համարում
է եզդիականություն դավանող քուրդ։ Իրենց քուրդ համարող
եզդիներն ունեն 3 հասարակական կազմակերպություն,
ևս 2-ն ունեն իրենց միայն եզդի համարողները։
«Քուրդ մտավորականների միությունն» ավելի չեզոք
է արտաքին քաղաքականության նկատմամբ, և գտնում է,
որ Հայաստանի քրդերը պետք է զբաղվեն առավելապես
համայնքի ներքին խնդիրներով։ Կազմակերպությունը
կապեր ունի Իրաքի քրդական համայնքի հետ:
«Թալաբանին շատ ջերմ էր Հայաստանի նկատմամբ, ասաց՝
ինչ էլ անենք, չենք կարող Հայաստանի քրդերի վաստակի
տակից դուրս գալ», - հիշում է Սարդարն իր իրաքյան
այցելությունը։
Սարդարն իրաքյան պատերազմը քրդերի համար շահավետ
է համարում, քանի որ հույս է առաջանում, որ ԱՄՆ-ի
աջակցությամբ Իրաքը կդառնա դաշնային պետություն,
որի 3 լիարժեք անդամներից մեկը կլինի Իրաքյան Քուրդիստանը։
Սակայն մյուս կողմից մտավախություն ունի, որ Թուրքիան
զորք կմտցնի հյուսիսային Իրաք, և բախումներ կառաջանան
քրդերի ու թուրքերի միջև:
«Քրդերն 80-հազարանոց բանակ ունեն ու կարող են
դիմադրել թուրքերին, - ասում է նա, - Բայց, ամեն
դեպքում, բախումը վտանգավոր է։ Եթե ԱՄՆ-ը զսպի թուրքերին,
պատերազմն օգտակար կլինի»։
«Քուրդիստան կոմիտե» հասարակական կազմակերպությունը
Թուրքիայում անլեգալ գործող «Քուրդիստանի ազգային-ժողովրդավարական
վեհաժողով» կուսակցության՝ ԿԱԴԵԿ-ի (նախկին Քրդական
բանվորական կուսակցություն, որի ղեկավարն էր այժմ
Թուքիայում բանտարկված Աբդուլա Օջալանը) քաղաքականությունն
է վարում և կարող է համարվել նրա մասնաճյուղը: Կազմակերպությունը
հրատարակում է «Միջագետք» պարբերականը, որի խմբագիր
հայաստանաբնակ Չարքյազե Ռաշը նույնպես ԿԱԴԵԿ-ի անդամ
է։
«Այս
պատերազմում ոչ Մերձավոր Արևելքի պետություններն
են ներկայացնում տեղի ժողովուրդների շահերը, ոչ
էլ ԱՄՆ-ի դաշինքը, հետևաբար ոչ Սադամը, և ոչ էլ
ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը չեն լուծելու քրդերի
խնդիրները, - ասում է ԿԱԴԵԿ-ի կովկասյան ներկայացուցիչ
Ելմազ Շիարը Թուրքիայի քրդական համայնքից (որը ներկայացնում
է նաև «Քուրդիստան կոմիտեի» տեսակետը):
«Իրաքում քրդերի իրավունքները վաղ թե ուշ հաստատվելու
են։ Մենք կողմ ենք, որ լիներ ավելի ուշ՝ առանց պատերազմի։
21-րդ դարում ազգային խնդիրները պետք է լուծվեն
համերաշխությամբ, փոխըմբռնումով, և խաղաղ ճանապարհով»:
Հայաստանի նախագահի աշխատակազմին կից ազգային
փոքրամասնությունների հարցերով խորհրդի և «Եզդիների
ազգային միության» անդամ, Հանրային ռադիոյի եզդիերեն
հաղորդումների ղեկավար Հասան Թամոյանին այս պատերազմում
հուզում է միայն եզդիների անվտանգության հարցը:
«Եթե այդ երկիրը վտանգի օջախ է , պետք է ինչ-որ
լուծում գտնվի: Ես անտարբեր չեմ կարող լինել այդ
պատերազմի նկատմամբ, քանի որ Իրաքում է բնակվումմեր
ժողովրդի մեծամասնությունը», - ասում է նա:
|