ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 March 7, 2003 




Դրախտ՝ նպատակով. երեխաներն ու ծնողները միասին աճում են պարտեզում


Avetisyan: "We listen to them . . . "Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող համար 44 շենքում իր այցելուներին է սպասում Ծիածանային պարտեզը:

Հեքիաթային զանգի ղողանջներին արձագանքում են ջերմ ընդունելությամբ: Ծիածանային պարտեզ մտնելուն պես՝ զգում և տեսնում ես այն զարմանահրաշ յոթ ծիածանային գույները, որոնցով կառուցվել է պարտեզի իրական հեքիաթը:

«Ամեն օր շուրջ 20 ընտանիք այցելում է մեր կենտրոնը, որտեղ ծնողներն ու երեխաները գտնվում են խաղաղ ու հաճելի միջավայրում», - ասում է Կանաչ հարկ Ծիածանային պարտեզի Երեխայի վաղ սոցիալականացման կենտրոնի տնօրեն Նունե Ավետիսյանը:

Այս պարտեզում երեխաներին թույլատրվում է անել ամեն ինչ: Խաղում են բոլոր այն խաղերը, որ հաճախ արգելում են ծնողները, սակայն պետք է խստորեն պահպանեն երկու կանոն. ջրով լի ավազանին մոտենալիս պետք է գոգնոց կապեն և հեծանիվ քշելիս չպետք է անցնեն նշված սահմանը:

Պարտեզի հոգեվերլուծաբան, Վալերի Բրյուսովի անվան Օտար լեզուների պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ Անժելա Վարդանյանն ասում է. - «Մեզ մոտ «չի կարելի» գոյություն չունի: «Չի կարելի»-ն պարտեզում անում են տրամաբանորեն: Ամեն ինչ կարելի է, սակայն՝ հասկանալով»:

Երևանի Ծիածանային պարտեզը ստեղծվել է 1996 թվականին՝ «Հայաստանի մանկություն» ֆրանսիական կազմակերպության շնորհիվ: Կազմակերպության նախագահ Էրիկ Լեգրոն սկսել է բարեգործական օգնություն ցույց տալ Հայաստանի մանկատներին ու գիշերօթիկ դպրոցներին 1988 թվականի երկրաշարժից շատ չանցած:

«Հայաստանի մանկություն» կազմակերպությունն անդամակցում է «Լը Հաղպ» (քնար) ֆրանսիական ընկերակցությանը, որն էլ Ծիածանային պարտեզի սեփականատերն է: «Լը Հաղպի» նախագահ Ուիլլի Բարալը առ այսօր էլ հովանավորում է պարտեզին, որտեղ նաև վերապատրաստվում է աշխատակազմը: Վարդանյանի ղեկավարությամբ կազմակերպվում են ընթացիկ սեմինարներ:

Ի տարբերություն Հայաստանի այլ մանկական հաստատությունների, Ծիածանային պարտեզ այցելում են ծնողները և նրանց 0-4 տարեկան երեխաները: Այստեղ նրանք ձեռք են բերում նոր մտածելակերպ: Պարտեզը ժամանցի ու հանգստի վայր է:

«Մենք չենք խառնվում երեխաների խաղին, նրանց ազատ ենք թողնում, - ասում է մանկավարժ Աշխեն Նարիմանյանը, - Ծնողները հաճախ են միջամտում, մենք էլ մեղմորեն կանխում ենք նրանց»:

Նարիմանյանը կարևորում է երեխայի ազատությունը, նրա ազատ միտքը: Երեխան իր նախասիրությունների ու խաղի տերն է:

Պարտեզի պատին դրոշմված ծիածանը խորհրդանշում է երկնքի ու երկրի միությունը: Կյանքի մեկ այլ խորհրդանիշ է փոքրիկ շատրվանից ջրավազան թափվող ջուրը: Փայտե դղյակի սանդուղքով երեխաները բարձրանում են երկրորդ հարկ և վերևից դիտում իրենց աշխարհը:

«Այս խիստ քաղաքականացված աշխարհում պարտեզի ծնունդն այն առաջին հեղաշրջող քայլն է, որով վերականգնվում և հաստատվում է երեխա-անձի վստահության իրավունքը», - գրում է կենտրոնի տնօրեն, հոգեբան-մանկավարժ Կարինե Բարիկյանը «Փոքրիկ քայլերի հեղափոխություն» գրքում:

2000 թվականից պարտեզին հովանավորում են նաև Բարիկյանը և նրա ամուսինը՝ Րաֆֆի Սեթյանը:

Երեխաների և ծնողների համար պարտեզը գործում է անվճար: Յոթ տարիների ընթացքում այն ընդունել է մոտ 21000 երեխա: Երբ երեխան մտնում է պարտեզ, գրատախտակին գրանցվում է նրա անունն ու տարիքը:

«Հոգեբանն աշխատանքի այնպիսի մեթոդներ է կիրառում, որ ծնողը խաղի և նկարչության միջոցով կարողանա հասկանալ սեփական երեխայի խնդիրը, - ասում է Ավետիսյանը, - Միշտ հանդիպում են առանձնահատուկ երեխաներ, որոնք երբեք չեն կրկնում միմյանց: Լսում ենք, օգնում ու հասկանում նրանց այնքանով, որքանով նրանք վստահում են մեզ»:

Ծիածանային պարտեզների թիվն աշխարհում հասնում է 300-ի: Առաջինը հիմնադրվել է 1979 թվականին Փարիզում:

«Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում հղի կանանց, նրանց հոգեբանական վիճակին, - ասում է Վարդանյանը, - Չէ՞ որ դեռևս ներարգանդային փուլում երեխան սկսում է հասկանալ ամեն ինչ: Նա արդեն ունենում է իր «եսը»»:

Կենտրոնը նաև դարձել է ամուսնալուծված զույգերի հանդիպման վայր: Այստեղ նրանք հաճախ վերականգնում են իրենց հարաբերություններն ու ընտանիքները:

Պարտեզի 18 հոգուց բաղկացած աշխատակազմն օգնում է երեխաներին զարգացնել նրանց ստեղծագործական աշխարհը՝ մեկնաբանությունները թողնելով ծնողներին:

«Ծնողներն ու երեխաները միմյանցից չեն բաժանվում, - ասում է Ավետիսյանը, - Սա նախ և առաջ շփման վայր է նրանց համար՝ շփում, որ միջնորդվում է հոգեբանի վերլուծությամբ, և հաճախ օգնում է ծնողներին հաղթահարել երեխաների հանդեպ ունեցած իրենց ագրեսիան»:

Երեխաները պարտեզից տուն են գնում ուրախ և ոգևորված: Նրանք անհամբեր սպասում են հաջորդ այցելությանը: Մանկավարժ Նարիմանյանը նշում է, որ ծնողներն ասում են, թե հազիվ են կարողանում երեխաներին տանը պահել մինչև ժամը 11-ը, երբ պարտեզը բացվում է:


  Inside
 

Between the Lines: What local and international press has said this week

Full story

 
 
 
 

Arrests made in death of popular television journalist

Full story

 
 
 
 

Step Forward?: New report another argument for genocide recognition

Full story

 





  Photo of the week
  Head of State
Click on the photo above to enlarge
 
 
 
 

Head of State

President Robert Kocharyan was elected to a second term.

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.