Մենք սկսեցինք հավատով:
Չունեինք ոչ գրասենյակ, ոչ անվանում, ոչ փող:
Ունեինք աշխատակազմ, որը կիսում էր մեր հավատը՝
որ այն, ինչ մենք կարող ենք ավելացնել Հայաստանի
լրատվական համայնքին, իսկապես պետք է:
Անցյալ տարվա այս օրվանից ցայսօր «ԱրմենիաՆաուն»
ձեր ուշադրությանն ¿ առաջարկել շուրջ 600
հոդվածներ և ավելի մեծ թվով լուսանկարներ, ինչպես
նաև մեկնաբանություններ, ընտրությունների լուսաբանումներ,
երգիծանկարներ և հնարավորություն է տվել ձեզ միանալու
մեզ Հյուրերի էջի միջոցով:
Դուք գտել եք մեզ 73 երկրներում, և այն փաստը,
որ մեր ընթերցողների քանակն ավելանում է գրեթե ամեն
շաբաթ, ցույց է տալիս, որ դուք ուրիշներին էլ եք
պատմում մեր մասին:
Սակայն անգամ մեր տարեդարձի օրը թվերը չեն մեր
չափաձողը: Մենք գնահատում ենք մեզ նրանով, թե որքանով
ենք իրականացրել մեր նախնական հավատը՝ որ մենք օգտակար
ներդրում ենք անում մեզ շրջապատող աշխարհի մեջ:
«ԱրմենիաՆաուի» առաջին տարին, անտարակույս, հարուստ
էր իրադարձություններով, և մեկ անգամ չէ, որ կասկածում
էինք, կգոյատևենք արդյոք մինչև մեր տարեդարձը:
Հիմա, որ գոյատևել ենք, անցածի վրա կանգնելու
փոխարեն նախընտրում ենք մտածել ապագայի մասին: Ինչպես
ցույց է տալիս «Ա1+» հեռուստաընկերության հետ կապված
վիճահարույց պատմությունը, Հայաստանում խոսքի ազատության
և բազմակարծության հանդեպ հարգանքի վերաբերյալ լուրջ
հարցեր են ծագում:
Պրոֆեսիոնալ անկախ ժուռնալիստիկաի կարիքը, ինչպես
միշտ, մեծ է: Վերջերս կայացած նախագահական և խորհրդարանական
ընտրություններից հասարակությունը դուրս եկավ ավելի
բաժանված, իսկ նրա մի մասն ավելի օտարվեց կառավարությունից,
քան առաջ էր: Պարադոքս է, սակայն քաղաքական սայթաքումների
ֆոնի վրա ակնհայտ են տնտեսական բարելավումները շատերի
համար, թեև շատ ուրիշները շարունակում են պայքարել
դժվարությունների դեմ:
Լրագրողի գործն է լուսաբանել այս զարգացումները,
արտացոլել հասարակության իրական վիճակը, և ոչ թե
այն վիճակը, որից մարդիկ վախենում են կամ որին ձգտում
են: «ԱրմենիաՆաուի» լրագրողներին մենք սովորեցնում
ենք հրաժարվել պարզունակ սև-սպիտակ բացատրություններից:
Սակայն մենք նաև մերժում ենք ամեն ինչ մոխրագույն
երանգներով ներկայացնելու գաղափարը:
Սա բազմերանգ երկիր է, որի ժողովուրդն ապրում
է զգացմունքների ամբողջ «ներկապնակով» և երբեմն,
թվում , թե նույն օրվա ընթացքում: Դա յուրահատուկ
բարդություններ է ստեղծում լրագրողների համար, ովքեր
փորձում են բանականորեն մոտենալ իրադարձություններին
կամ սառնասրտորեն վերլուծել հաճախ չափազանց թեժ
վիճաբանությունները:
Դժվար է անգամ հաշվել, թե քանի անգամ են տեղացիներն
ու օտարերկրացիները մեզ դիմելիս սկսել իրենց խոսքը
«Բայց սա ոչ մի իմաստ չունի...» արտահայտությամբ:
Սակայն մենք զբաղվում ենք լրագրությամբ հենց մեր
հասարակության գործընթացների իմաստը վեր հանելու
համար: Հակառակ դեպքում մենք պետք է այլ մասնագիտություն
ընտրեինք: Եվ կատարելով մեր գործը, մենք հույս ունենք
օգտակար լինել այդ հասարակությանը:
Ինչպես և անցած 12 ամիսների ընթացքում, առաջիկա
տարվա համար «ԱրմենիաՆաու»-ում մենք հենց այդ առաջադրանքն
ենք դրել մեր առջև: Մենք փորձում ենք կիրառել լրագրության
ԿԼԶ-ն (կրթել, լուսավորել, զվարճացնել) ամեն շաբաթ՝
ձգտելով Հայաստանի և սփյուռքի մեր ընթերցողներին
ներկայացնել այսօրվա Հայաստանի կյանքի ճշմարիտ պատկերը:
Սա առաջ նայող երկիր է, և նրա ժողովուրդը նայում
է ապագային մի վստահությամբ, որը ծնվել է նորանկախ
Հայաստանի առաջին տարիների հսկայական դժվարությունները
հաղթահարելուց: Ներկա դժվարությունները, շատ կարևոր
լինելով հանդերձ, նախկինների համեմատ զարգացման
հարցեր են, և ոչ թե գոյատևման կենաց-մահու պայքար:
Տեղի ճամփորդական գործակալություններից մեկը արկածախնդիր
զբոսաշրջիկների համար ուղևորությունը Հայաստան գովազդում
է որպես «ուղևորություն դեպի արտասովորը»: Մեկ տասնամյակ
առաջ Հայաստանը մի վայր էր, որն այցելելը վեր էր
հյուրերի դիմացկունության սահմաններից՝ չնայած նրա
ժողովրդի անսպառ հյուրասիրությանը:
Եթե փոփոխական լեզուն արտացոլում է ցայսօր անցած
ուղին, ինչպե՞ս կվերափոխի Հայաստանի ընկալումը ևս
մեկ տասնամյակը: Առկա են հիմքեր ինչպես զգուշավոր
լավատեսության, այնպես էլ մռայլ հոռետեսության համար:
«ԱրմենիաՆաուի» լրագրողները գալիք 12 ամիսները
նվիրելու են այս երկու զգացմունքերի միջև պայքարի
ժամանակագրությանը: Մենք խորապես գնահատում ենք
մեր աշխատանքին անցյալ տարվա ընթացքում ընթերցողների
տված լավ թե վատ գնահատականները: Ձեր մեկնաբանություններն
արտացոլում են ձեր մեծ հետաքրքրությունը մեր աշխատանքի
հանդեպ, ինչի համար մենք երախտապարտ ենք ձեզ:
Մենք էվոլյուցիա ենք ապրում: Եվ չնայած անդրադարձն
անցյալին էվոլյուցիայի մի մասն է կազմում, մենք
չափազանց լավ ենք գիտակցում, թե ինչ ուղղությամբ
պետք է շարժվենք, որպեսզի դոփենք տեղում:
Մենք նայում ենք մեր երկրորդ տարվան վստահությամբ
և լավատեսությամբ: Մեր երկրորդ տարին սկսվում է
նախ և առաջ ցանկությամբ ցուցադրել այն ներդրումը,
որ բարեխիղճ ժուռնալիստիկան կարող է անել տեղեկացված
հասարակայնություն և ուժեղ քաղաքացիական հասարակություն
ստեղծելու ճանապարհին:
|