Լուսիկ
Ագուլեցին ասում է, որ նկարչությունը փիլիսոփայություն
է՝ արտահայտված գույներով ու երանգներով: Սակայն
նրա փիլիսոփայությունը չի սահմանափակվում միայն
նրա կտավներով, այն արտահայտվում է նաև նրա ամենօրյա
կենցաղում:
Երբ Լուսիկը փողոց է դուրս գալիս, բոլորը զարմացած
ու հիացած հայացքներով են նայում նրա հայկական ազգային
տարազներին:
Գեղեցիկ, նուրբ գույներով ու ազգային զարդանախշերով
գործած նրա զգեստների նախատիպերն ու նրա ճակատը,
ձեռքերն ու պարանոցը զարդարող արծաթյա հիանալի զարդերն
այսօր միայն թանգարաններում ու հնաոճ արվեստի սրահներում
են ցուցադրվում:
Լուսիկ Սամվելյան-Ագուլեցին ծնվել է հին հայկական
Ագուլիս քաղաքում, որը հայտնի էր իր հնագույն մշակույթով:
Տասնինը տարեկանից նա ապրում է Երևանում, սակայն
առ այսօր նրա արվեստը շնչում և ապրում է հայրենի
գյուղաքաղաքի հիշողությամբ:
«Ամեն ամառ տատիս ու պապիս հետ գնում էինք Ագուլիս,
- վերհիշում է նա, - Միայն մեր քաղաքում 12 եկեղեցի
կար, որոնցից մեկում Հովնաթանյանի որմնանկարներն
էին: Այնտեղի հիանալի բնության գրկում նկարում էի՝
բացահայտելով նկարչության գաղտնիքները, հետո վերադառնում
էի Երևան և հաջողությամբ հանձնում քննություններս
նկարչական ուսումնարանում»:
Բնության
բոլոր եղանակներն ու գույները կան Լուսիկի նկարներում:
Հզոր ու ազատ վրձնահարվածները կենդանի շունչ, շարժում
ու դինամիկա են հաղորդում նրա կտավների պատկերներին:
Աշնան բնանկարներում ծառերը կարծես խոսում են, շարժուն
վրձնահարվածներից ծնված քամին անողոք պոկում է վերջին
տերևը և հեռանում: Իսկ ամռան հանդարտության մեջ
լսելի են դառնում բնության մեղմ երգն ու ծաղիկների
բույրը:
«Ինձ ոգեշնչում է ամեն գեղեցիկը, բնության բոլոր
պահերն ու ժամերը, գույների նրբերանգները, և ամեն
նոր կտավ նկարելիս հիշում եմ ուսուցչիս՝ Մինաս Ավետիսյանին,
- ասում է նկարչուհին, - Երբ Մինասն առաջին անգամ
տեսավ իմ նկարները, ասաց. - «Չմոռանաս, որ գույնն
ու նրա կապը հարևան գույների հետ միշտ պետք է տեսնել
լույսի մեջ, դա քեզ մոտ շատ լավ է ստացվում, չկորցնես
այդ կարողությունը»:
Տարիների ընթացքում Լուսիկ Ագուլեցին ոչ միայն
գտավ գույների ու լույսի փոխհարաբերության գաղտնիքները,
այլ նաև ստեղծեց մի եզակի ստեղծագործական աշխարհ՝
հին հայկական ազգային մշակույթից մինչև ժամանակակից
արվեստ:
Հայկական ազգային շունչը զգացվում է անգամ նրա
խոհանոցում. փայտե ու կավե սպասք, իր ձեռքով պատրաստած
չրերի զանազան տեսակներ, աղանդեր ու դդում:
«Իմ սպասքը մեծ մասամբ ես եմ նկարել և խնդրել
եմ ամուսնուս փորագրել փայտի վրա: Սա հայկական խորհրդանիշերով
սպասքեղեն է՝ խաղողի տերևներ, կան նաև քրիստոնեական
պատկերներով ափսեներ»:
Լուսիկ
Ագուլեցու և նրա արվեստագետ ընտանիքի առանձնատունը
մի մեծ արվեստի սրահ է, որտեղ միաձուլվել են նկարչուհու
բնանկարները, ամուսնու՝ Յուրա Սամվելյանի քանդակներն
ու դարեր առաջ ստեղծված բազում կենցաղային իրեր:
Քանդակներով ձևավորված աստիճանավանդակը տանում
է դեպի Սամվելյանների տուն-արվեստանոցը, որտեղ ամեն
ինչ, բացի հեռուստացույցից և համակարգչից, մի քանի
դար առաջ արդեն ծառայել են ինչ-որ մի հայտնի մարդու:
17-րդ դարի զարդաքանդակներով հեշտադարանի (կոմոդ)
վրա դրված են բազմաթիվ հնաոճ լուսամփոփներ, զարդատուփեր
ու սպասք: Արծաթյա զարդեղենի և անվանական գոտիների
հավաքածուն տեղադրված է հատուկ ապակյա ցուցափեղկերում:
Պատի ամբողջ բարձրությամբ վեր խոյացող հայելին տարբեր
դարերի շատ գեղեցկուհիներ և զգեստներ է տեսել, իսկ
Ագուլեցու թոռների 18-րդ դարի օրորոցում ժամանակին
նրա հայրն ու պապն են մեծացել:
«Հայկական մշակույթն առաջին հերթին ժողովրդի ստեղծած
իրերը, զարդերն ու հագուստներն են, որոնք բխել են
ժողովրդի մտածելակերպից, ժամանակի պահանջներից,
և չի կարելի անտեսել այդ ամենը և թողնել, որ թանգարաններում
մահանա», - ասում է Լուսիկը:
«Ամեն օրն ինձ համար մի կյանք է: Եթե ես բացում
եմ աչքերս ու տեսնում եմ արևը, ուրեմն աշխարհի վերջը
դեռ չի եկել, ուրեմն պիտի արարեմ, պիտի նկարեմ ու
պահպանեմ իմ ազգային մշակույթը»:
|