ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 17, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Սառնամանիքի կործանարար հետևանքները. անսովոր ցուրտ ձմեռը մեծ վնաս է հասցնում Երևանի կոմունալ ծառայություններին


Դեկտեմբերի կեսից Երևանում հաստատված ձմեռային սառնամանիքը, օդերևութաբանների հավաստմամբ, ամենաուժեղն է վերջին 70 տարվա ընթացքում: Ռեկորդային ցրտերը մի շարք խնդիրներ առաջացրին քաղաքում՝ հիշեցնելով անցյալ տասնամյակի իրավիճակը, երբ էլեկտրաէներգիայի և բենզինի պակասն ավելի էր ծանրացնում սառնամանիքի հետևանքները:

Ամանորյա տոներից առաջ ջերաստիճանն իջավ մինչև -30, և խողովակների սառչելու պատճառով Հայաստանի հարյուրավոր շենքերի բնակիչներ մնացին առանց ջրի և կոյուղու:

Որոշ բնակիչներ մի քանի շաբաթ զրկված էին խմելու ջրից, իսկ երբ խողովակները հալվեցին, շատ տեղերում դրանք պայթեցին և կոյուղու ջրերը ողողեցին բնակարաններն ու շենքերի մուտքերը:

Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը խոստացել էր, որ բոլոր խողովակները կնորոգվեն մինչև հունվարի 13-ը, սակայն շատ բնակիչներ շարունակում են մնալ առանց ջրի:

«Այս տարի ձմեռը մեզ հանկարծակիի բերեց, - ասում է Նազարյանը, - Այս տարի մոտ 1600 շենքեր կարող էին կենտրոնացված ջեռուցում ստանալ և խուսափել վթարներից, սակայն ներկայումս ջեռուցվում են միայն 600-ը, որովհետև մարդիկ չեն վճարում»:

Սակայն նույնիսկ որոշ ջեռուցվող շենքերի բնակիչներ չխուսափեցին խնդիրներից:

Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող համար 54 շենքը պետք է ջեռուցում ստանար, քանի որ բնակիչները մուծել էին կանխավճարը: Սակայն բնակիչները ոչ ջեռուցում ունեին, ոչ էլ ջուր: Երբ դեկտեմբերի վերջին տաք ջուրը վերջապես տվեցին, խողովակներն արդեն սառել էին:

Սեդա Մինասյանի Էստոնական 14 հասցեով բնակարանը մի քանի օր առաջ լիճ էր հիշեցնում: Երբ առաջին հարկում գտնվող նրա բնակարանի մոտով անցնող խողովակները պայթեցին, բնակարանը հայտնվեց 5 սանտիմետր ջրի շերտի տակ:

Ընտանիքը դիմեց իրենց շրջանի բնակշահագործման տնտեսություն: Վարպետները վերանորոգեցին խողովակների մատչելի մասերը, սակայն զգուշացրին, որ նոր սառնամանիքների դեպքում խողովակները, հավանաբար, նորից կպայթեն:

«Նրանք ասացին մեզ, որ խողովակները հին և ժանգոտած են, և բոլորը հնարավոր չէ փոխել, քանի որ դրանք անցնում են շենքի պատերի միջով», - ասում է Մինասյանը:

Վթարները վերացնելու համար քաղաքապետարանը ստեղծեց հատուկ բրիգադներ: Բնակիչներին օգնելու նպատակով Երևանի բոլոր 13 համայնքներում ստեղծվել են շտաբեր:

«Օրական մինչև 50 կանչ էինք ստանում», - ասում է քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Սակայն որոշ բնակիչներ, ինչպես Հանրապետության 76/2 հասցեով բնակվող Սամվել Թադևոսյանը, չէին կարող սպասել վերանորոգող բրիգադների գալուն, քանի որ խողովակները պայթել էին հենց նրա դռան առաջ, և ջուրը լցվում էր տուն: Նա վերանորոգել է խողովակները սեփական միջոցներով՝ ընդհանուր առմամբ ծախսելով մոտ 100 դոլար:

«Կարծում եմ, պատճառն այն է, որ խողովակները ջերմամեկուսացում չունեն: Ես նորոգել եմ խողովակի միայն մի փոքր մասը, սակայն վախենամ, որ սրանով խնդիրը չվերանա», - ասում է նա:

Թադևոսյանի և Հանրապետության 76/2 շենքի մյուս բնակիչների համար, ինչպես նաև Սունդուկյան, Շինարարների և մի շարք այլ փողոցների շենքերի բնակիչների համար ջրի խնդիրը լրացուցիչ գլխացավանք էր ստեղծել, քանի որ ջրի արտահոսքն առաջ է բերել կարճ միացումներ՝ խափանելով էներգամատակարարումը: «Մենք երկու օր լույս չունեինք», - ասում է Սունդուկյանի 2 շենքի բնակիչ Ինեսա Ստեփանյանը:

«Գուցե ամռանը երկու օր առանց լույսի մնալը խնդիր չէ: Սակայն ձմռանն էլեկտրականությունը տունը տաքացնելու միակ միջոցն է»:

Ջրի արտահոսքից առաջացած կարճ միացումները 45 հրդեհ են առաջացրել քաղաքում:

«Այս ձմեռը շատ անակնկալներ բերեց իր հետ, - ասում է Համայնատիրությունների զարգացման կենտրոնի տնօրեն Վարազդատ Ավոյանը, - Բոլոր համայնքները, քաղաքապետարանը և մյուս կազմակերպությունները պետք է դասեր քաղեն ստեղծված իրավիճակից և միջոցներ ձեռնարկեն նման վթարները կանխելու համար»:

Ոմանց համար ձմեռվա անսպասելի արհավիրքի բերած տառապանքներն իրենց դրական կողմն ունեն. դպրոցականների արձակուրդները երկարացվել են, և դասերը կվերսկսվեն դպրոցների խողովակները վերանորոգելուց հետո:

«Մենք պետք վերսկսեինք դասերը հունվարի 13-ին: Սակայն երբ սանիտարական ծառայությունն այցելեց մեր դպրոցը, նրանք արգելեցին դասեր անցկացնել, մինչև ջուր չունենանք», - ասում է համար 118 դպրոցի ուսուցչուհի Անահիտ Մխիթարյանը:

«Հայհիդրոմետ» ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անժելիկա Հովհաննիսյանն ասում է, որ դեկտեմբերի և հունվարի ցուրտ եղանակը պայմանավորված էր հարավ-արևմտյան արկտիկական սառը զանգվածներով և սկանդինավյան հակացիկլոնով:

«Ջերմաստիճանը հունվարին կլինի 8-10 աստիճան 0-ից ցածր: Ըստ մեր և ռուսաստանյան օդերևութաբանների տվյալների, հունվարի 2-րդ կեսում դեկտեմբերյան սառնամանիքներ չեն սպասվում», - ասաց նա:


 

Voting Climate: Report say "extraordinary efforts required" to assure clean elections

Full story

 
 
 
 

Bound by Belief: Molokans hold on to faith and tradition in changed world

Full story

 
 
 
 

Politics: Ruling against Hovanissian renews debate about Kocharyan's citizenship

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2025. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.