ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 10, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Հայաստանից դուրս անցկացրած երկշաբաթյա արձակուրդը բազմաթիվ հնարավորություններ ընձեռեց պատասխանել հաճախակի հնչող մի հարցի.

«Վիճակը Հայաստանում լավանու՞մ է»:

Սովորաբար ես պատասխանում եմ հարցով. «Ինչի՞ համեմատությամբ»:

Երկու գիշեր առաջ Երևան թռչելիս ես այդ հարցին մի փոխաբերական պատասխան գտա.

Վայրէջքի լույսեր...

Մի շարք ուշացումներից, հետաձգման սպառնալիքներից և ապահով ու հարմարավետ ճանապարհորդությանը խանգարած հիմնականում եղանակի հետ կապված խոչընդոտներից հետո մոտենում էինք «Զվարթնոց» օդակայանին, երբ օդանավի նավապետը հայտնեց, որ տեսանելիությունը Երևանի վրա 30 մետր է: Ապահով վայրէջքի համար առնվազն մի 300 մետր պետք է լինի:

Այս ճանապարհորդության ընթացքում ձյունով վայրէջք էինք կատարել Լոնդոնում, նույն ձյունը թույլ չէր տվել վայրէջք կատարել Թբիլիսիում (և որի պատճառով «լռվել» էինք Բաքվում), իսկ այժմ էլ Երևանի վրա մառախուղն էր պարուրել մեզ: Պատուհանից դուրս նայելիս թվում էր, թե նայում ես ճերմակ բարձի, և գրեթե դատարկ օդանավում հաստատվել էր կոլեկտիվ վախի տագնապած անդորրը:

Նավապետն ասաց, որ հնարավոր է ստիպված լինենք հետ դառնալ: Իսկ հետո միառժամանակ ոչինչ չասաց, և մենք զգացինք, թե ինչպես է օդանավը սուզվում անտեսանելի մակերևույթից բարձրացող մշուշի օվկիանոսի մեջ:

Մի ակնթարթ հետո մառախուղի միջից երևացին դեղին լույսերը, օդանավի անիվները հպվեցին անհարթ վազքուղուն, և մենք գլորվեցինք դեպի ցանկալի կանգառն ու թեթևացած շունչ քաշեցինք:

Ոչ ոք՝ ներառյալ օդաչուն, չգիտեր, թե որտեղ ենք. գիտեինք միայն, որ գետնի վրա ենք՝ վայրէջքի լույսերի միջև:

Մշուշն այնքան թանձր էր, որ վազքուղուց այն կողմ ոչինչ չէր երևում, և մենք ստիպված էինք նստել վազքուղում, մինչև օդակայանից մի մեքենա ուղարկեցին, որ գտնի օդանավը և ուղեկցի դեպի տերմինալ:

Մեզնից ոչ մեկը չհասկացավ, թե օդաչուն ինչպես օդանավը նստեցրեց գետնի վրա, և համոզված չեմ, թե ինչ-որ մեկն ուզում էր իմանալ:

Բայց գիտենք մի բան. ոչ շատ հեռավոր անցյալում այս վայրէջքը հնարավոր չէր լինի (ի միջի այլոց, այդ նույն գիշերը 75 հոգի զոհվեցին մառախուղի պատճառով Թուրքիայում տեղի ունեցած վթարում):

Արդյոք այստեղ վիճակը լավանու՞մ է:

Որոշ հարցերում՝ այո: Որոշ հարցերում՝ ոչ:

Մշուշը դեռ չի ցրվել, սակայն գոնե վայրէջքի լույսեր կան այն նավապետների համար, ովքեր գիտեն, թե ինչպես գտնել դրանք:


 

Media: Presidential aide replaces slain TV executive

Full story

 
 
 
 

Secret Life: No longer "criminals", homosexuals remain cultural outcasts in Armenia

Full story

 
 
 
 

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.