ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 10, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Դուք ասում եք Ամիրյան, ես ասում եմ Վռամշապուհ արքա. անվանափոխումները դժվարացնում են փողոցների անվանումների մտապահումը


Եթե Երևանում տաքսու վարորդին խնդրում եք ձեզ տանել Հանրապետության փողոց, պատրաստ եղեք տալ նաև Ալավերդյանի անունը: Եվ հույս չունենաք, որ կգտնեք Փարպեցին, եթե չգիտեք, որ ոչ վաղ անցյալում այն Ղուկասյանն էր:

Երբ ձյան տակ կանգնած տաքսու վարորդից փորձեցինք ճշտել, արդյոք արագ է կողմնորոշվում, երբ հաճախորդները տալիս են փողոցների նորացված անվանումները, նա ցրտին իր երկար կանգնելու հիմնական պատճառը, հավանաբար, մեր հարցը համարելով՝ բղավեց. - «Զզվացրիք, էլի: Էսօր մի անուն եք կպցնում, վաղը՝ մի ուրիշ: Մի անուն դրեք՝ պրծեք: Ինչքան կոմունիստ կար, բոլորի անունները փոխեցիք: Էս հիմիկվա գող-ավազակներից ինչո՞վ են պակաս»:

Ավելի քան մեկ տասնամյակ Երևանում փոխում են փողոցների ծանոթ անվանումները. ոմանք՝ հերոսներին մեծարելու նպատակով, ոմանք՝ մյուսներին մոռանալու ձգտումով:

Եթե ինչ-որ օտար մեկը փորձի Հայաստանի պատմության մասին պատկերացում կազմել մայրաքաղաքի փողոցների անվանումներով, նրան պարզ կդառնա, որ 5-րդ դարում գրերի գյուտից անմիջապես հետո Հայաստանը թևակոխել է ղարաբաղյան պատերազմի փուլը:

1988 թվականից հետո, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, փողոցները սկսեցին կայծակնային արագությամբ վերանվանել: Եվ ոչ միայն փողոցները, այլև դպրոցներն ու այլ հաստատություններ:

Լենին կնոջ՝ Կրուպսկայայի անունը կրող դպրոցը վերանվանվեց Հայաստանի առաջին հանրապետության լուսավորության նախարար Նիկոլ Աղբալյանի անունով:

Անկախացումից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բանասեր էր և բարձր էր գնահատում հայոց պատմությունն ու մշակույթը: Նրա վարչակազմը առանց ժամանակ վատնելու սկսեց փոխարինել փողոցների խորհրդային անվանումները հայկական անվանումներով, և փողոցները սկսեցին կրել հայ պատմիչների և արքաների անունները՝ Տիգրան Մեծ, Վռամշապուհ արքա, Խորենացի, Կողբացի, Կորյուն և այլոք:

Իսկ երբ հայտնվեցին ղարաբաղյան պատերազմի առաջին զոհերը, նրանց անուններով վերանվանեցին փողոցներ ու դպրոցներ, հատկապես մարզերում:

Հետո կատարվեց «հոկտեմբերի 27-ը», և խորհրդարանում իրականացված ահաբեկչությունը հանգեցրեց անկախացումից հետո անվանափոխումների ամենաակտիվ փուլին:

Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, համար 139 դպրոցը և Գլխավոր պողոտան՝ Սարյան փողոցից մինչև Կողբացի, կրում են Կարեն Դեմիրճյանի անունը:

Վազգեն Սարգսյանի անունով կոչեցին Հանրապետական մարզադաշտը, Սպայի տունը, մի փողոց և ռազմական ինստիտուտը:

Թեև Ղարաբաղում այժմ հարաբերականորեն խաղաղ է, սակայն զոհված ազատամարտիկների և թաղապետերի անուններով անվանակոչումները դեռևս շարունակվում են:

Ի մխիթարություն տաքսու վարորդների և զբոսաշրջիկների՝ անցյալ տարի անվանափոխումների գործընթացը դանդաղել է. 2002 թվականին Երևանում վերանվանվել է ընդամենը 6 փողոց:

Սակայն դա բավական է հասարակայնությանը շփոթության մատնելու համար, որը դեռևս սովորում է Ալավերդյանը Հանրապետության անվանել և այլն:

Ժողովուրդը սովորում է մի անվան, օրինակ՝ Ամիրյան փողոցին, և որքան ուզում ես ժողովրդին ասա, որ դա Վռամշապուհ արքայի փողոցն է, միևնույն է, ասում է Ամիրյան փողոց:

Երևանում գոյություն ունի հատուկ՝ Անվանակոչության հանձնաժողով:

Հանձնաժողովի քարտուղար Իրինա Գրիգորյանի հավաստմամբ, հանձնաժողովն այժմ նոր կարգ է մշակում, համաձայն որի երկարաձգվելու են փողոցների անվանակոչության և հուշատախտակների տեղադրման ժամկետները:

Փողոցների անվանակոչման կարգը որոշում է հանձնաժողովը, որը դիմումներ է ստանում և որոշում է, թե որքանով է տվյալ թեկնածուն արժանի, որպեսզի նրա անունով, ասենք, փողոց անվանակոչվի:

Հանձնաժողովը կայացնում է որոշումներ, սակայն այսօրվա հանրահայտությունը կարող է ապագայում խառնաշփոթ առաջացնել, երբ մարդիկ փորձեն գտնել տարբեր անուններ ունեցող նույն փողոցը:


 

Media: Presidential aide replaces slain TV executive

Full story

 
 
 
 

Secret Life: No longer "criminals", homosexuals remain cultural outcasts in Armenia

Full story

 
 
 
 

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2019. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.