ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 Back to current issue 
 Back to archive 
 January 10, 2003 
HOME ABOUT US NEWS FEATURES ARTS SPORTS OUTSIDE EYE ARCHIVE STAFF CONTACTS



Հնչյունի դպրոց. քոլեջը սովորեցնում է ջազի լեզուն


Տոնական մի երեկույթի ժամանակ Էլեն Մխոյանը զվարճացնում էր ընկերներին՝ կատարյալ անգլերենով երգելով Լուիս Արմսթրոնգի «Ի՜նչ հրաշալի է աշխարհը» երգը:

Բացի կատարման բարձր վարպետությունից, դա հյուրերին զարմացրեց նաև նրանով, որ Էլենն անգլերեն չի խոսում: Ինչպես շատ երգիչներ Երևանի «Սաբվեյի» և «Բրավոյի» նման ակումբներում, որտեղ ոչ իսպանախոս երաժիշտները հայկական առոգանությամբ լատինամերիկյան երգեր են կատարում, Էլենը սովորել է ջազի ոգին, իսկ մնացածը հնչյունաբանության հարց է:

«Կարևորը լավ երաժշտական լսողություն ունենալն է, - ասում է Էլենը, - լեզուն իմանալը պարտադիր չէ»:

Ծագումով վանաձորցի 24-ամյա Էլենը ներկայումս սովորում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի առաջին կուրսում: Մյուս ուսանողների հետ Էլենը տիրապետում է ջազային երաժշտության արվեստին: Եվս երկու տարի նա սովորելու է ժանրի տեսությունը և կատարողական տեխնիկան:

Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը հիմնադրվել է 1996 թվականին: Քոլեջի երեք կուրսերում սովորում են ավելի քան 100 ուսանողներ: Բացի վոկալի բաժնից, որտեղ սովորում է Էլենը, գործում են նաև գործիքային, ժամանակակից պարի, հաղորդակցման հմտությունների և կոմպոզիցիայի բաժինները: Որոշ դասընթացներ ընդգրկում են մշակույթի պատմություն, ոճաբանություն, պարարվեստ, երաժշտական գրականություն և երաժշտական քերականություն:

Դասախոսների մեծ մասը գործող երաժիշտներ և հայկական ազգային երաժշտության հանրահայտ կատարողներ են, ինչպես Ռուբեն Մաթևոսյանը և Ռոբերտ Ամիրխանյանը:

Պրոֆեսիոնալ երաժիշտ և ինստիտուտի ռեկտոր Ակսել Բակունցը համոզված է, որ Հայաստանում շատ են շնորհալի երիտասարդները և «կարևոր է օգտագործել նրանց բնածին տաղանդը և հմտությունները»:

«Ջազի ավանդույթները Հայաստանում միշտ էլ ավելի տիրապետող են եղել, քան նախկին Խորհրդային Միության որևէ այլ հանրապետությունում», - ասում է Բակունցը:

1939 թվականին Արտեմի Այվազյանը հիմնադրում է առաջին ջազային նվագախումբը Խորհրդային Հայաստանում:

«Նրանց նվագած երաժշտությունն իսկական ջազ չէր, սակայն կարևորը ջազը հայկական մշակութային կյանք ներմուծելն էր», - ասում է Բակունցը:

Էստրադային և ջազային արվեստի քոլեջը հիմնադրվել է Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ՝ երաժիշտ ուսանողներին պրոֆեսիոնալ ուսուցում ապահովելու նպատակով:

Տասներկու անդամից կազմված հանձնաժողովն անց է կացնում ընդունելության քննությունները, որոնք ընդգրկում են ընդհանուր հարցազրույց՝ դիմորդի մտավոր զարգացման գործակիցը ստուգելու նպատակով, և պրակտիկ քննություն (երգ, պար)՝ կախված դիմորդի ընտրած բաժնից:

Ուսման վարձը տարեկան 160-200 դոլար է՝ կախված բաժնից: Ամենից շատ դիմում են վոկալ բաժին, որտեղ վարձն ամենաբարձրն է և որտեղ սովորում են 17-25 տարեկան ուսանողներ:

Էլենը հագուստի ձևավորող է: Ավարտել է Վանաձորի դիզայնի քոլեջը, իսկ հետո աշխատել է «Երիտասարդ քրիստոնյաների ասոցիացիայում» որպես կամավոր:

Այժմ՝ մի բոլորովին այլ քոլեջում, նա սովորում է երգել Ֆրենք Սինաթրայի, Էլլա Ֆիցջերալդի և Ռեյ Չարլզի երգերը՝ բառերով, որ չի հասկանում, սակայն մի լեզվով, որը լայնորեն հայտնի է ջազի տիեզերքում:


 

Media: Presidential aide replaces slain TV executive

Full story

 
 
 
 

Secret Life: No longer "criminals", homosexuals remain cultural outcasts in Armenia

Full story

 
 
 
 

Finding Warmth: Re-settlers search for opportunity in Lachin Corridor

Full story

 


Write us at: info@armenianow.com





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.