ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 28, 2003 




Հայացք դրսից. օտարերկրացու տեսակետն իր որդեգրած երկրի կյանքի մասին


Մինչև տվյալ էջի որևէ այլ բառին արձագանքելը, խնդրում եմ կարդացեք հետևյալը.

Հայաստանի գործող նախագահի քննադատությունը չպետք է դիտվի որպես դե-ֆակտո աջակցություն նրա հակառակորդին:

Ռոբերտ Քոչարյանն ունի գործունեության պատմություն: Իմ կարծիքով, հատկապես մարդու իրավունքների և օրինականության հաստատման ասպարեզներում այդ գործունեությունն արժանի է սուր քննադատության: Եվ, այո, ես տեղյակ եմ տնտեսության բնագավառում նրա հաջողություններին և 12 տոկոս աճին: Սակայն ոչնչի 12 տոկոսը նորից ոչինչն է այն շատ-շատերի համար, որոնց կյանքի պայմաններն ավելի են վատացել, մինչ մի խումբ մարդկանց՝ հիմնականում Քոչարյանի մերձավորների, կյանքն ավելի է լավացել վերջին հինգ տարում:

Այդուհանդերձ, նա գոնե ինչ-որ բան է արել, որով նրա մասին կարելի է կարծիք կազմել:

Ստեփան Դեմիրճյանն ունի անուն: Իմ կարծիքով, դա մի անուն է, որն այլևս ոչ մի բան չի նշանակում, եթե իհարկե, որդին չի պատրաստվում վերակենդանացնել Խորհրդային Միությունը, որի օրոք նրա ամենակարող հայրը բարգավաճել և, առնվազն կարոտախտով վերականգնված պատմության մեջ, պաշտամունքի էր արժանացել:

Եթե կարելի է կառավարման համակարգ հաստատել ի հեճուկս ինչ-որ մեկի, ապա ես կասկած չունեմ, որ Դեմիրճյանը կարող է այդպիսի ուժեղ վարչակարգ հաստատել: Մինչ ես գրում եմ այս տողերը, նրա աջակիցները նորից հավաքվել են, որպեսզի բղավեն նախագահի պաշտոնի նկատմամբ իրենց հավակնությունների մասին: Սակայն ընտրողները Հայաստանում առնվազն արժանի են իմանալու, թե ինչ է անելու այդ նախագահության հետ Դեմիրճյանը, եթե իսկապես հասնի իր նպատակին:

Դժվար է պատկերացնել, օրինակ, թե ինչպես է Որդին ներկայացնում Հայաստանն օտարերկրյա դիվանագետների հավաքում և պաշտպանում պետական շահերը՝ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվելով «Ես իմ հոր որդին եմ» հիմնադրույթով:

Իրականում դժվար է նրան ընդհանրապես պատկերացնել դիվանագետի դերում, հաշվի առնելով նրա կաշկանդված և ընդհատ խոսքը հրապարակային ելույթների ժամանակ, որն այնքան ակնհայտ է, որ դա կարող է նկատել անգամ հայերենին չտիրապետող մարդը:

Այդ դեպքում «Առկա թեկնածուներից և ոչ մեկը» դառնում է լիիրավ թեկնածու, և այսօր ընտրողներին փաստորեն առաջարկվում է այդ ընտրությունը:

Այս ամենը պարզելուց հետո...

Կարիք չկա հիշեցնելու ձեզ, որ ես օտարերկրացի եմ այստեղ, այնպես որ ներողամիտ եղեք, եթե ես չափազանց բութ եմ Հայաստանում գործող արդարադատության համակարգը հասկանալու համար: Եթե նախագահը կամ վարչապետը կամ արդարադատության նախարարը կամ ինքը կաթողիկոսը հաճեր բացատրել, ես լիովին պատրաստ եմ լուսավորվելու:

Վերջին մի քանի օրվա ընթացքում այստեղ բազմաթիվ մարդկանց են ձերբակալել, և դա ինձ հիշեցնում է իրավիճակն անցյալ տարի այս ժամանակ, երբ գնում էր քրեական մի գործի դատավարությունը:

Դատարանը Աղամալ «Կուկու» Հարությունյանին՝ նախագահ Քոչարյանի թիկնապահներից մեկին, մեղավոր ճանաչեց անզգույշ սպանության մեջ, այն բանից հետո, երբ «Պոպլավոկ» սրճարանում ծեծելով սպանվել էր Պողոս Պողոսյանը:

Կուկուն (մականունը ենթադրում է այն, ինչ անցնում է ձեր մտքով) դատապարտվեց զրո օրվա ազատազրկման: Նա ազատազրկման մեջ չանցկացրեց ոչ մի օր, ոչ մի րոպե: Եվ այսօր՝ պայմանական ազատազրկման մեկ տարին լրանալուց հետո, ըստ իմ տվյալների, նա բաժնի պետ է Երևանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:

Սպանվել է քաղաքացի, և դատարանը վճիռ է կայացրել, որ մարդասպանին պետք է պարզապես ասեն, որ գնա իր սենյակ և իրեն լավ պահի, մինչև Պապան կասի, որ կարելի է դուրս գալ:

Ի հակադրություն դրան՝ վերջին մի քանի օրերի ընթացքում ձերբակալվել են առնվազն 155 քաղաքացիներ և նրանցից 86-ը դատապարտվել են մինչև 15 օրվա կալանքի «խուլիգանական» արարքների համար:

Եվ եթե դուք կարծում եք, որ այս մարդկանց ձերբակալել են տեղում՝ շշեր նետելիս կամ պետական սեփականություն ներխուժելիս կամ մարդկանց սպառնալիս, իմացեք, որ ձերբակալությունները, որպես կանոն, արվել են օրեր անց՝ «խուլիգանների» տներում: Եվ, ի միջի այլոց, պարզվում է, որ իրավապահների տքնաջան աշխատանքի արդյունքում հայտնաբերված այս մարդկանցից շատերը երկրորդ փուլում նախագահի հակառակորդ թեկնածուի նախընտրական շտաբի անդամներ են:

Թույլ տվեք խորանալ սույն հանգամանքի մեջ և ավելացնել հետևյալը.

Սեպտեմբերյան մի երեկո «Պոպլավոկում» նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը սրճարանի զուգարանում մարդ է սպանում: Մոտ 200-տեղանոց սրճարան է, որն ունի մեկ մուտք, մի կողմից սահմանազատված է ջրով, իսկ վերևից՝ մեկ այլ սրճարանով: Եվ ոստիկանությունը չի կարողանում գտնել որևէ մեկին, որ որևէ բան տեսած լիներ:

Սակայն մի կիլոմետրի չափ ձգվող տարածքի վրա ցրված 40 հազարանոց մարդկային զանգվածի միջից Հայաստանի փառապանծ ոստիկանությունը կարողանում է մեկիկ-մեկիկ հայտնաբերել իրավախախտումները և ինչպես հարկն է պաշտպանել քաղաքացիներին քաղաքական անվանարկումների ահագնացող սպառնալիքից:

Դատավճիռ մարդասպանության համար՝ ոչ մի օր: Անվանարկման համար՝ 15 օր: Արդար է, չէ՞:


Marching Orders
  Marching Orders: Click to enter
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

To Uphold and Execute: The duties and privileges of the Presidency

Full story

 
 
 
 

Decision 2003: Disabled exercise independence during Presidential Elections

Full story

 
 
 
 

Set in Stone: New book links "worry-bead" exiled to their histories

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

In the Name of the Father

At Wednesday's rally in support of Stepan Demirchyan, one demonstrator on a terrace at the Institute of Manuscripts expressed his support with a historic campaign poster from another Demirchyan era: "Trust Karen Demirchyan".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2024. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.