Իր
սկզբնական ծրագրի հաջողությունից հետո, «Եվրասիա»
հիմնադրամը մրցույթ է հայտարարել Հայաստանի ևս 10
քաղաքներում տեղեկատվական վերլուծական կենտրոններ
հիմնելու համար: ԱՄՆ Պետդեպարտամենտն այդ նպատակով
220 հազար դոլար է հատկացրել:
Հաղթող քաղաքները կապահովվեն համակարգչային սարքավորմամբ
և ծրագրերով: Նրանց համար կկազմակերպվեն վարչական
ու տեխնիկական վերապատրաստման դասընթացներ:
Տեղեկատվական վերլուծական կենտրոնները կծառայեն
որպես տեղեկատվության տարածման միջոցներ, հնարավոր
կդարձնեն տվյալների ավտոմատ մուտքագրումը, բյուջեի
վերահսկումը և ընտրացուցակների ճշգրիտ կազմումը:
Հանրապետության 57 քաղաքային տարածքներից 29-ն
արդեն մասնակցել են «Եվրասիայի» ծրագրին և այժմ
վայելում են բյուջեի, եկամուտների ու ծախսերի հոսքերը
համակարգչով վերամշակելու հնարավորությունը՝ այլևս
ստիպված չլինելով օգտվել հին թղթապանակներից: Բացի
այդ, քաղաքներին է հանձնվում քաղաքապետարանների
գործունեությանը վերաբերող տեղեկատվությունը:
Փետրվարի 12-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ
«Եվրասիա» հիմնադրամը ներկայացրեց իր ընդլայնված
ծրագիրը՝ ամփոփելով քաղաքապետարանների կարողությունների
վերազինմանն ուղղված իր ամբողջ աշխատանքը:
Համայնքային ֆինանսիստների միության, Տեղեկատվական
համակարգի զարգացման և վերապատրաստման կենտրոնի
ներկայացուցիչները նույնպես ներկայացրեցին տեխնիկական
աջակցության միջոցով (ներառյալ ծրագրային մատակարարումը
և վերապատրաստումը) քաղաքապետարանների աշխատակիցների
մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով իրենց
գործադրած բազմամյա ջանքերի արդյունքները:
«Եվրասիա» հիմնադրամի, Տեխնիկական աջակցության
ծրագրի (Գերմանիա) և Ուրբան ինստիտուտի ֆինանսական
օգնությամբ քաղաքապետարանների համար մշակվել են
հետևյալ համակարգչային ծրագրերը:
Քաղաքապետարանի գույքի ցուցակագրման գործընթացն
անհամեմատ հեշտացել է «Ավտոկադ» քարտեզագրային ծրագրի
քաղաքային էլեկտրոնային քարտեզների շնորհիվ: «Բնակչության
ռեեստր» համակարգը տրամադրում է տվյալների ավտոմատացված
բազա ընտրազանգվածի, թոշակառուների, նախադպրոցական
տարիքի երեխաների, տնային տնտեսուհիների, բնակիչների
և այլոց վերաբերյալ: «Բյուջե» ծրագիրն ավտոմատացրել
է մունիցիպալ նախահաշվի կազմումը՝ հնարավոր դարձնելով
բյուջեի կանխատեսումը, պլանավորումը և վերահսկումը:
«Գրասենյակային աշխատանք» համակարգն ապահովում է
անհրաժեշտ փաստաթղթերի արագ և արդյունավետ որոնում,
աշխատանքի խիստ վերահսկում, կադրերի վերլուծություն
և այլն:
Ուրբան ինստիտուտը ֆինանսավորել է բոլոր համակարգչային
ծրագրերի կիրառման վերապատրաստման և քաղաքապետարանի
աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը:
29 քաղաքների փորձը զգալի առաջընթաց է ցույց տվել
տեղական հարկերի հավաքագրման գործընթացում՝ շնորհիվ
հարկատուների ճշգրիտ տեղեկատվական բազայի, ինչպես
նաև հասարակության ավելի ակտիվ մասնակցություն տեղական
ինքնակառավարման մարմիններում, և բյուջեի ավելի
ճշգրիտ կատարում՝ շնորհիվ վերջինիս թափանցիկությանը:
«Մենք հատկապես գոհ ենք «Եվրասիա» հիմնադրամի
հետ համագործակցությունից, քանի որ նրանք հսկայական
աշխատանք են կատարել ժողովրդավարության զարգացման
ուղղությամբ», - ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը:
Դեսպանը նշեց, որ «Եվրասիա» հիմնադրամի ծրագիրն
առաջնային նշանակություն ունի և նպաստում է ժողովրդավարական
գործընթացի խթանմանը:
«Ժողովրդավարությունը սկիզբ է առնում տեղական
մակարդակներում», - ասաց Օրդուեյը՝ ավելացնելով,
որ տեղական ինքնակառավարման մարմիններն են, որ անմիջականորեն
աշխատում են իրենց քաղաքացիների հետ և համագործակցություն
են ստեղծում հասարակության և կառավարության միջև:
«Եվրասիա» հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն
Արտաշես Ղազախեցյանն ասաց, որ ծրագրում նոր քաղաքների
ներգրավումը, ի վերջո, հնարավորություն կտա ստեղծել
տեղեկատվական վերլուծական մունիցիպալ կենտրոնների
համազգային ցանց:
Քաղաքապետարաններում տեղեկատվական կենտրոններ
հիմնելու գաղափարն առաջին անգամ իրականացվել է Չարենցավանում
և Աշտարակում: Դրա նպատակն էր ստեղծել կենտրոններ,
որոնք հնարավորություն կտան քաղաքապետարանների գործունեության
վերաբերյալ տեղեկատվությունը տարածել հասարակության
մեջ:
Ծրագրի նպատակներից էր նաև բարձրացնել հասարակության
մասնակցության աստիճանը տեղական մակարդակի որոշումների
ընդունման գործընթացում, ինչպես նաև քաղաքապետարանների
գործունեության արդյունավետությունը:
|