Նեղ
պատուհանից սառն ու անտարբեր արևը լուսավորում է
Գագիկ Գասպարյանի բնակարանը: Նրա ձեռքերով ստեղծված
այս կացարանը դժվար է բնակարան անվանել, քանզի այստեղ
բացակայում են ամենատարրական կենսական պայմանները:
Գագիկն ասում է, որ ցրտից չի վախենում. եթե հաշվի
առնենք այն ամենը, ինչ տեսել է, գրեթե ոչնչից չի
վախենում: 1989 թվականին Խաչիկ գյուղում նա միացել
է հանրահայտ «Արաբո» ջոկատին և մասնակցել է Մարդակերտի,
Լաչինի, Շուշիի և Ղարաբաղի այլ տարածքների ազատագրմանը,
որտեղ կատաղի մարտեր էին գնում ադրբեջանցիների հետ:
««Գրադի» մահացու արկերի անձրևի տակ քնողն այստեղ
էլ մի կերպ կդիմանա, - ասում է նա, - Այն օրերին
ոչ մեկս չէինք պատկերացնում, թե ուր ենք գնում,
որ կռվի ամենաթեժ պահերին զենք չենք ունենալու,
որ պաշտպանվենք: Մենք կարծես վարակված էինք հայրենասիրության
անբացատրելի տենդով»:
Նա այն ժամանակ 23 տարեկան էր, և ճակատագիրը,
կարծես, պաշտպանում էր նրան: Այժմ նույնիսկ ճակատագիրն
է նրանից երես թեքել:
Գագիկը վիրավորվել է և 1993 թվականին վերադարձել
Հայաստան՝ հուսալով, որ կգտնի իր ընտանիքը, կապաքինվի
ու կվերադառնա ռազմաճակատ:
«Վերադառնալով Երևան՝ հայտնվեցի փողոցում, - ասում
է նա - Ընտանիքս՝ մայրս և երկու քույրերս, տուն
չունեին, իսկ կինս որդուս հետ ապրում էր մորական
տանը: Տուն վարձեցինք, սկսեցինք ապրել բոլորս միասին,
սակայն աշխատանք չկար, գումար չունեինք, որ տան
վարձը տայինք, և շուտով փողոցը կրկին դարձավ մեր
տունը»:
Որպես ազատամարտիկ՝ Գագիկ Գասպարյանն օգնության
համար դիմեց Երկրապահ կամավորականների միությանը,
սակայն այնտեղից ստացավ միայն մի խորհուրդ՝ ազատ
տուն գտիր, դուռը ջարդիր, մտիր ու ապրիր:
«Շքեղ տներ, որտեղ մարդ չէր ապրում, շատ կային,
բայց ես չէի կարող ուրիշի ստեղծածը վայելել: Ես
պարզեցի, որ Շինարարների փողոցում կան վթարային
շենքեր: Այդ բնակարանների բնակիչները կա՛մ ուրիշ
տուն էին ստացել, կա՛մ էլ ուղղակի հեռացել էին»:
Գտնելով այդ կիսաքանդ շենքը Երևանի ծայրամասերից
մեկում՝ նա հուսահատության մեջ ընկավ: Առաջին հարկում
գտնվող տարածքը, որտեղ մարդ չէր բնակվում, ուներ
միայն մի պատ և ամբողջությամբ լցված էր աղբով ու
կոյուղաջրերով:
«Ես չէի պատկերացնում, թե այս աղբակույտից ինչպես
պետք է տուն կառուցեմ իմ վիրավոր ոտքով ու մեջքով,
բայց ուրիշ ելք չունեի», - ասում է նա:
Ընկերների ֆիզիկական և ֆինանսական օգնությամբ
շենքի տակ առաջացած հսկայական փոսը լցրեց մի քանի
տոննա հողով: Պատ շարեց, կոյուղի փորեց ու ստեղծեց
իր խղճուկ տունը:
«Խեղճ մայրս, առավոտից երեկո շուկայում լիմոն
վաճառելով, հասցնում էր միայն հաց գնել, որպեսզի
ուժասպառ չլինեմ, - ասում է նա, - Իսկ նորմալ բուժում
ստանալու մասին անգամ չէի էլ մտածում»:
Բացի
ոտքի և ողնաշարի վնասվածքներից, մի աչքի տեսողությունը
մինուս 12 է՝ մարտի դաշտում ստացած գլխի բազում
սալջարդերից (կոնտուզիա): Ոտքերից միայն վերջերս
են հեռացրել շրապնելի բեկորները, սակայն մնացել
է մշտական ցավը, որ հիշեցնում է պատերազմի դառը
տարիների մասին:
Այսպես կոչված բնակարանի խնդիրը լուծելուց հետո,
Գագիկի կյանքում սկսվեց դժբախտության մի նոր փուլ:
Ժամանակին հերոսներ համարվող «Արաբո» ջոկատի մարտիկները
դարձան իշխանությունների թշնամին, և Գագիկի մարտական
ընկերներից շատերը, ինչպես նաև նրա հրամանատարը,
ձերբակալվեցին:
«Ես տրանսպորտի մեջ պատահաբար լսեցի, որ նման
հրաման է դուրս եկել, - ասում է Գագիկը, - Հասա
տուն, ունեցածս վաճառեցի ու փախա Մոսկվա»:
Հետապնդումները չդադարեցին նաև Ռուսաստանում,
և Գագիկը ստիպված փախավ Լեհաստան, իսկ այնտեղից
էլ՝ Գերմանիա:
«Գերմանիա հասա անօրինական ճանապարհով: Օրերով
քայլում էի անտառների ու ճահիճների միջով: Սողալով
սահման էի անցնում: Մի անգամ փետրվարյան սառնամանիքին
ընկել եմ գետը, բայց Աստված ինձ նորից պահապան էր:
Հասա և համապատասխան մարմիններից քաղաքական ապաստան
խնդրեցի»:
1994 թվականին, երկու ամիս Գերմանիայում ապրելուց
հետո Գագիկին վտարեցին երկրից:
«Չգիտեի, թե ուր գնայի, կնոջս ու որդուս որտեղ
փնտրեի՝ Մոսկվայում, թե Խարկովում: Ներքին ձայնս
հուշեց, որ Խարկովում են: Գնացի այն տունը, որտեղ
ապրում էին կնոջս ծնողները: Ոչ ոք չկար: Ծանոթներիցս
մեկն ասաց, որ տեսել է իմ մորն ու քույրերիս: Ամբողջ
քաղաքը ոտի տակ տվեցի ու գտա նրանց: Բայց չգտա կնոջս
ու երեխայիս»:
«Հետո մայրս պատմեց, թե ինչպես են պատահաբար գտել
կնոջս ու որդուս՝ Խարկովի խանութներից մեկի պատի
տակ ծվարած: Կինս հղի էր, իսկ որդիս արդեն երեք
տարեկան էր: Խարկով գալուցս 2 ժամ առաջ մայրս նրանց
ուղարկել էր Երևան, որպեսզի գոնե ծննդաբերելուց
կողքին մարդ լիներ»:
Գագիկն
ասում է, որ վերջին կոպեկներով վերադարձել է Երևան,
սակայն կինը չի ցանկացել ընդունել նրան բոլոր այն
զրկանքների համար, որոնց ընտանիքը ենթարկվել է իր
պատճառով:
«Ես չէի կարող նրանց ապահովել նորմալ բնակարանով,
իսկ այնտեղ, որտեղ ես եմ ապրում, նրանք ապրել չեն
կարող», - հառաչելով ասում է նա:
Պատերազմի արյունահեղ մարտերում ողջ մնացած Գագիկ
Գասպարյանը հերոսից դարձավ անտուն թշվառական, փրկվեց
թշնամու գրոհներում, որպեսզի այժմ դիմագրավի կյանքի
անդեմ մարտահրավերներին:
«Ես չգիտեմ, բաժանված եմ, թե՝ ամուսնացած: Ես
չգիտեմ, երեխա ունեմ, թե՝ ոչ: Ես չգիտեմ, ընդհանրապես,
ապրում եմ, թե... Ախր ընդամենը 37 տարեկան եմ»:
|