Երբ քվեները (նորից) վերջնականորեն հաշվարկվեն,
և Ռոբերտ Քոչարյանը կամ Ստեփան Դեմիրճյանը դառնա
անկախ Հայաստանի նոր չորրորդ նախագահը, ի՞նչ կարող
է հաղթողն ակնկալել հանրապետությունից, և ի՞նչ կարող
է հանրապետությունն ակնկալել իր նախագահից:
Մի քանի միջազգային կազմակերպություններ այս ընտրությունների
առիթով նյութեր են հրատարակել վերոհիշյալ հարցերն
ընտրողներին պարզաբանելու նպատակով:
Դրանցից մեկը՝ Ընտրական համակարգերի միջազգային
հաստատությունը (ԸՀՄՀ), մի սպառիչ նյութ է հրատարակել
նախագահի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք դրա մի մասը:
Նախագահի դեմ չի կարելի քրեական գործ հարուցել,
նրան չի կարելի հարկադրել ներկայանալ դատարան, օրինակ՝
որպես վկա:
Նախագահին տրամադրվում են՝
- նստավայր Երևանում
- ծառայողական առանձնատուն Երևանում՝ համապատասխան
սպասարկմամբ
- պետական ամառանոց Սևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում
- հատուկ նշանակության ավտոտրանսպորտ
- հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ
- անձնական բժիշկ:
Նախագահի ընտանիքի անդամները նույնպես օգտվում
է սպասարկման և անվտանգության ապահովման այս ծառայություններից:
Պաշտոնաթողությունից հետո կառավարությունը Նախագահին
նշանակում է հատուկ թոշակ՝ գործող Նախագահի աշխատավարձի
75 տոկոսի չափով (ներկայումս ամսական աշխատավարձը
200000 դրամ է, ինչը համարժեք է 350 դոլարի), նա
ապահովվում է բնակարանով, պետական ամառանոցով, ավտոտրանսպորտով,
ինչպես նաև կահավորված գրասենյակով:
Կառավարությունը հատուցում է պաշտոնաթող Նախագահի
այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը
տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ: Պաշտոնաթող
Նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն:
Նախագահը պարտավոր է հայտարարագրել իր գույքն
ու եկամուտները և դրանց գոյացման աղբյուրները: Նա
հայտարարատու է ոչ միայն պաշտոնավարման ժամանակահատվածում,
այլև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն հաջորդող հինգ
տարվա ընթացքում:
Կառավարության ընդհանուր ղեկավարությունն իրականացնում
է Նախագահը, որն ապահովում է գործադիր իշխանության
բնականոն գործունեությունը:
- Կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու
իրավունք ունեն թե՛ Նախագահը, թե՛ վարչապետը,
կառավարության նիստերը հրավիրում և վարում է Նախագահը
կամ, նրա հանձնարարությամբ՝ վարչապետը:
- Նախագահը նշանակում և ազատում է վարչապետին,
որը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը
և համակարգում նախարարների աշխատանքը:
- Նախագահը 20-օրյա ժամկետում ընդունում է կառավարության
հրաժարականը, նշանակում է նոր վարչապետ և կազմավորում
նոր կառավարություն:
Դատական մարմինների անկախության երաշխավորը Նախագահն
է:
- Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում
են միայն դատարանները: Նա ձևավորում և ի պաշտոնե
գլխավորում է Արդարադատության խորհուրդը, վարչապետի
առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր
դատախազին:
- Սահմանադրական դատարանը բաղկացած է ինն անդամից,
որոնցից հինգին նշանակում է Ազգային Ժողովը, իսկ
չորսին՝ Նախագահը:
- Սահմանադրական դատարանի եզրակացության հիման
վրա Նախագահը կարող է դադարեցնել իր նշանակած
անդամների լիազորությունները կամ համաձայնություն
տալ՝ կալանավորել, դատական կարգով վարչական կամ
քրեական պատասխանատվության ենթարկել նրանց:
Նախագահը հանրապետության անկախության, տարածքային
ամբողջականության և անվտանգության երաշխավորն է:
- Նախագահը ստանձնում է նաև զինված ուժերի գլխավոր
հրամանատարի պաշտոնը: Նա նշանակում է զինված ուժերի
բարձրագույն հրամանատարական կազմին:
- Լիազորված մարմնի ղեկավարի ներկայացմամբ նշանակում
և ազատում է ազգային անվտանգության ծառայության
համակարգում գործող սահմանապահ զորքերի հրամանատարին
և ոստիկանության համակարգում գործող ներքին զորքերի
հրամանատարին:
- Խաղաղ պայմաններում համակարգում է պետական
մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում՝
իրականացնելով զինված ուժերի ընդհանուր քաղաքական
ղեկավարումը: Բանակաշինության հարցերով զբաղվում
է կառավարությունը, իսկ զորքերի օպերատիվ կառավարումն
իրականացնում է պաշտպանության նախարարը:
- Ռազմական դրություն և զորահավաք հայտարարում
է Նախագահը:
Նախագահը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը
միջազգային հարաբերություններում՝ որպես ինքնուրույն
և անկախ պետություն:
- Նա իրականացնում է արտաքին քաղաքականության
ընդհանուր ղեկավարումը, իսկ դրա իրականացումն
ապահովում է կառավարությունը:
- Նախագահն անմիջականորեն հրահանգավորում է արտաքին
գործերի նախարարին սկզբունքային հարցերի վերաբերյալ:
Նախագահն իրավունք ունի բանակցություններ վարել
միջազգային պայմանագրերի շուրջ և ստորագրել դրանք:
Նախագահը վավերացնում է բոլոր միջկառավարական պայմանագրերը,
բացառությամբ այն պայմանագրերի, որոնք՝
- վերաբերվում են վարկեր, փոխառություններ և
երաշխիքներ ստանալուն կամ Հայաստանի Հանրապետության
համար առաջացնում են այլ անմիջական ֆինանսական
պարտավորություններ
- պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներին
հակասող նորմեր կամ պարունակում են Հայաստանի
Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու
կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր:
Նշված միջկառավարական պայմանագրերը ենթակա են
վավերացման Ազգային Ժողովի կողմից: Նախահագի և Ազգային
Ժողովի փոխհարաբերությունները: Նախագահի իրավունքներն
են՝
- Սահմանադրության ընդունման կամ դրանում փոփոխություններ
կատարելու նախաձեռնությամբ հանդես գալը և հանրաքվե
նշանակելը
- օրենքները ստորագրելը և դրանց նկատմամբ վետո
կիրառելը
- Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան գումարելը
- Ազգային Ժողովն արձակելը (բացառությամբ ընտրություններից
հետո՝ մեկ տարվա ընթացքում, Նախագահի պաշտոնավարության
վերջին վեց ամսվա ընթացքում, ռազմական դրության
ժամանակ, Նախագահին պաշտոնանկ անելու հարցի հարուցման
ժամանակահատվածում)
- Ազգային Ժողովի առջև ելույթով հանդես գալը:
Խորհրդարանն օժտված է մի շարք լիազորություններով,
որոնք նրան թույլ են տալիս անմիջական կամ միջնորդավորված
վերահսկողություն իրականացնել Նախագահի գործունեության
նկատմամբ: Այդ լիազորությունների թվում են՝
- կառավարությանն անվստահություն հայտնելը
- Նախագահի հավանությանն արժանացած և կառավարության
կողմից ներկայացված օրինագծերը չընդունելը
- Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ
կատարելու մասին Նախագահի ներկայացրած նախագծին
համաձայնություն չտալը
- Նախագահի կամ կառավարության կողմից ստորագրված
միջազգային պայմանագրերը չվավերացնելը
- Կենտրոնական բանկի նախագահի և նրա տեղակալի՝
Նախագահի ներկայացրած թեկնածությունները չհաստատելը
- Պետական դավաճանության կամ այլ լուրջ հանցագործության
համար Նախագահին պաշտոնանկ անելու հարց հարուցելը:
(Կազմեց «ԱրմենիաՆաուի» թղթակից Ջուլիա
Հակոբյանը)
|