Թուրքական
բանակի զինվոր Միսաք Ճևահիրճյանը Չանղրը քաղաք գործուղման
ժամանակ մոտակա բլուրից վերցնում է միկանիտ քարատեսակը
ու բերում-դնում իր պապի քարերի հավաքածուի միկանիտի
կողքին։ Դա 1947 թվականին էր։ Պապը՝ թուրքական արքունի
բժիշկ Միսաք Ճևահիրճին, նույնպես միկանիտը բերել
էր Չանղրըից, ուր նա աքսորվել էր 1915 թվականին
պոլսահայ մտավորականների հետ։
1985 թվին Ճևահիրճյանն իր պապի անունը կարդում
է Հայաստանի պատմության պետական թանգարանում 99
հատիկից բաղկացած համրիչի (թզբեհի) 4-րդ քարի վրա։
Համրիչի յուրաքանչյուր հատիկի վրա մի աքսորականի
անուն է գրված։ Միայն 2 հատիկներից մեկի վրա 2,
իսկ մյուսի վրա՝ 4 անուններ են գրված: Արդյունքում
համրիչը հավերժացնում է 103 անուններ։
Համրիչը փորագրել է աքսորյալ-նահատակ, թաղապետ
Վարդերես Աթանասյանը, որ 71-րդ հատիկի վրա փորագրել
է նաև իր անունը։ Համրիչը 1965 թվականին Պատմության
թանգարանին է նվիրել 1946 թվականին ֆրանսիայից ներգաղթած
նրա դուստրը՝ Էժենի Աթանասյան-Գուլբոլյանը, որը
մահացել է 1993 թվականին։ Համրիչի անցած ճանապարհը
նա պատմել է իր մտերիմ հարևանուհի Մարգարիտ Բարսեղյանին:
«Էժենը պատմում էր, որ մի օր Պոլսում, երբ ինքը
երեխա էր, իրենց տուն են լցվում ոստիկանները, -
հիշում է Մարգարիտը, - Մայրը՝ Սրբուհին, երեխաներին
տանում է մյուս սենյակ ու դուռը փակում, քանի որ
այն ժամանակ սովորույթ կար, որ երեխաները մեծերի
խոսակցությունը չպետք է լսեն։ Մի քիչ անց մայրը
վերադառնում է լաց լինելով: Ամուսնուն ձերբակալած
են լինում։ Մի որոշ ժամանակ անց նրանց այցելում
է մի թուրք կառապան ու ասում Սրբուհուն. - «Ձեր
ամուսինն ինձ ժամացույց նվիրեց ու խնդրեց, որ այս
մասունքը հանձնեմ ձեզ»: Ու տալիս է այս համրիչը։
Դրանից հետո այլևս ոչ մի լուր չեն ստանում իրենց
հորից»։
Պատմության թանգարանի գիտաշխատող Կարինե Ավագյանը
3 ամիս առաջ համրիչին նվիրված գիրք է հրատարակել
«Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի»
վերնագրով:
Գիրքը պատմում է 1915 թվականի ապրիլի 24-ին Պոլսում
ձերբակալված մտավորականների մասին, ում անուններն
արձանագրված են համրիչի վրա:
«1984 թվականին Պատմության թանգարանում Սևակի
60-ամյակին նվիրված պատի թերթ էի պատրաստում, -
պատմում է Կարինեն, որ 27 տարի աշխատում է այդ թանգարանում,
- Մեր բաժնի վարիչը խորհուրդ տվեց օգտագործել ցուցադրված
համրիչը։ Մակագրություն չուներ և ներկայացված էր
որպես 19-20-րդ դարերի զարդարվեստ։ Համրիչի լուսանկարը
տեղադրեցի պատի թերթում ու մակագրեցի՝ Վերագտնված
մասունք»։
Երկրորդ անգամ Կարինեն համրիչին անդրադառնում
է 1991 թվականին, երբ գրախանութում տեսնում է «Հայ
Գողգոթա» գիրքը, որի հեղինակի՝ Գրիգորիս ծայրագույն
վարդապետ Պալաքյանի ազգանունն արձանագրված է համրիչի
99-րդ քարի վրա։ Գիրքը նվիրված է աքսորված մտավորականների
հիշատակին, որտեղ նշված են Չանղրը աքսորվածների
միայն 69-ի անունները։
«Հայ Գողգոթան» դառնում է Կարինեի համար խթան՝
համրիչի վրա փորագրված անունների ճակատագրերն ուսումնասիրելու
համար:
Համրիչի հատիկների շարքը կապող քարի վրա գրված
էր. «Չանղրը, 1915, ապրիլի 11, Յիշատակ»:
Ապրիլի 24-ը (հին տոմարով՝ ապրիլի 11-ը) դառնում
է ցեղասպանության հիշատակի օր, քանի որ 1915 թվականի
այդ օրը Ստամբուլի ոստիկանությունում բացվում են
նախապես պատրաստված հայ մտավորականների սև ցուցակները,
և իրենց տներում ձերբակալվում են մոտ 220 մտավորականներ՝
բժիշկներ, ուսուցիչներ, լրագրողներ, գրողներ, դեղագործներ,
առևտրականներ, փաստաբաններ, հոգևորականներ և քաղաքական
գործիչներ։
«Եղեռնահուշ
մասունք...» գրքում տարբեր աղբյուրների հետ համադրությամբ
նկարագրված է նրանց աքսորի ճանապարհը, և ներկայացված
են նահատակների ու փրկվածների վերաբերյալ տեղեկություններ։
Աքսորականներից 71-ին տանում են Այաշ գյուղաքաղաքը,
որտեղ նրանց մեծ մասին (ըստ «Հայ Գողգոթայի»՝ 45-ին)
տեղական իշխանությունների հրամանով սպանում են։
Այս սպանվածներից մեկն է լինում Սիամանթոն։
Մյուս աքսորականներին տեղափոխում են Չանղրը, որտեղ
մոտ 80-ի սպանության մասին տեղեկություն է հաղորդում
Կարինե Ավագյանը։ Համրիչի վրա ոչ բոլոր աքսորականների
անուններն են գրված։
Գրքում հրապարակված են համրիչի քարերի վրա մակագրված
անունները և մի առանձին ցանկ, որտեղ յուրաքանչյուր
անվան դիմաց ներկայացված են տեղեկություններ տվյալ
անձի վերաբերյալ։ Ցանկում ընդգրկված 35 հոգու տարբեր
հանգամանքներում սպանում են իշխանությունները, 61-ը
կենդանի են մնում։ Յոթ հոգու վերաբերյալ որևէ տեղեկություն
հեղինակին չի հաջողվել գտնել։
Համրիչի առաջին քարի վրա արձանագրված է կոմպոզիտոր
Կոմիտաս վարդապետի անունը, 7-րդ և 8-րդ քարերի վրա՝
աքսորում սպանված բանաստեղծներ Ռուբեն Սևակի և Դանիել
Վարուժանի անունները: Գրքում զետեղված են նրանց
զավակների լուսանկարները։ Այստեղ նաև տեղեկություններ
կան համրիչի վրա մակագրված անձանց սերունդների վերաբերյալ։
«Մի օր խնդրեցի նայել համրիչը, - պատմում է Միսաք
Ճևահիրճյանը, - Երբ խոշորացույցով կարդացի պապիս
անունը, համոզվեցի, որ կեղծ չի, քանի որ պապս աքսորված
է եղել Չանղրը»։
Միսաք Ճևահերճին եղել է սուլթանի 400 կանանց գինեկոլոգը
և աքսորից ազատվել է նրանց բողոքի շնորհիվ։ Նրա
ազատման համար միջնորդել է նաև արքունիքի մեկ այլ
բժիշկ՝ Օմեր Բեսիր փաշան։
Միսաք Ճևահիրճյանը Ստամբուլից Հայաստան է եկել1958
թվականին, ինչպես ինքն է ասում՝ փախել է։ Սակայն
իր փախչելու պատճառը գաղտնի է պահում: «Եթե ուզում
ես, որ գլուխդ ուսերիդ մնա, պիտի զգույշ լինես»,
- ասում է այժմ 80-ամյա Միսաքը: Նա մասնագիտությամբ
մեքենագործ է, պատմամշակութային 4 անտիպ գրքերի
հեղինակ և մինչ այժմ աշխատում է Երևանի գիտական
ինստիտուտներից մեկում։
Կարինեն իր պրպտումների ընթացքում Երևանում գտնում
է համրիչի 30-րդ հատիկի անվանակիր Գասպար Չերազի
թոռնուհուն՝ Բյուրակն Անդրեասյանին, որն այժմ հայոց
լեզու է դասավանդում Երևանի կոնսերվատորիայում։
«Մայրս 1920-24 թվերին Պոլսում եղած ժամանակ հորս՝
Վահան Չերազի խնդրանքով հաճախ է այցելել Գասպար
Չերազին և խնամել նրան, - ասում է Բյուրակնը, -
1915 թվին նա աքսորվում է Չանղրը։ Իր համալսարանական
թուրք դասընկերոջ համառ ջանքերով ազատվում է աքսորից,
սակայն այդ ժամանակ արդեն հոգեկան խանգարում է ստացած
լինում։ 1996 թվին Կարինեն ինձ գտավ ու պատմեց համրիչի
մասին»։
Գրքում զետեղված է Մոնրեալից 80-ամյա Արա Կարմիրյանի
արձագանքը Կարինե Ավագյանի՝ գիտաժողովում համրիչի
մասին կարդացած զեկուցմանը, որը 2000 թվականին հրատարակվել
է Փարիզի «Յառաջ» օրաթերթում։ Կարմիրյանը «Յառաջին»
ուղղված նամակում հաղորդում է, որ 60-րդ հատիկի
անվանակիր Կարապետ Թաշճյանն իր մտերիմ ընկերոջ հայրն
է։ Նաև հայտնում է, որ ծանոթ է 15-րդ հատիկի անվանակիր,
ատամնաբույժ Վահան Ալթունյանի հետնորդներին:
«Մոնթրեալաբնակ աղջիկը՝ Սյուզան Հալեպլին, միակ
վերապրողն է: Խելքը գլուխը կին մըն է», - ասված
է նամակում։
|