ArmeniaNow.com - Independent Journalism From Today's Armenia
 February 28, 2003 




Շքեղություն էժան գնով. ընկերությունը նոր ծխախոտ է արտադրում ներքին շուկայի համար


Հայկական «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը, որը երեք տարի առաջ շուկա մտավ «Սիգարոն Էքսկլյուզիվ» ինքնատիպ երկար զտիչով ծխախոտով, վերջերս սպառողին ներկայացրեց իր երկրորդ տեսակը՝ «Սիգարոն կլասիկը»:

Այն նախատեսված է սպառողների ավելի լայն շրջանակների համար, քան համեմատաբար թանկ «Էքսկլյուզիվը», և արժե մոտ 60 սենթ («Էքսկլյուզիվի» գինը մոտ 1 դոլար է):

Հայաստանում «Սիգարոնը» շքեղություն է համարվում, և գրպանում «Սիգարոնի» տուփ ունենալը խորհրդանշում է ծխողի կարգավիճակը: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն «Սիգարոնին», ծխախոտի նոր տեսակն արտաքինից թեթևակիորեն տարբերվում է նախորդից:

Հինգ տարի առաջ հիմնադրված ընկերությունում հավաստիացնում են, որ իրենց հաջողվել է զգալիորեն իջեցնել գինը՝ պարզեցնելով շքեղ փաթեթավորումը՝ արծաթե խզիչ ժապավենը, փաթեթավորման թղթի ձևավորումը և տուփի որակը:

«Ի տարբերություն «Սիգարոն կլասիկի», «Սիգարոն էքսկլյուզիվի» փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստված են ամենաթանկ հումքից և ամենաբարձր տեխնոլոգիաներով», - ասում է «Սիգարոն» ընկերության լրատվության և գովազդի գծով փոխտնօրեն Նվեր Սարգսյանը:

Իրականում հենց փաթեթավորումն էր, որ պատճառ հանդիսացավ անցյալ տարի «Դավիդով» ընկերության կողմից «Սիգարոնի» դեմ ապրանքանիշի կանոնների խախտման հայցով դատական գործ հարուցելուն. «Դավիդովը» պնդում էր, որ «Սիգարոնը» սեփականացրել է իր դիզայնը, և պահանջում էր, որ «Սիգարոնին» արգելվի արտահանել իր արտադրանքն այն շուկաները, որտեղ վաճառվում են «Դավիդովի» ծխախոտները:

Սակայն դատարանը վճիռ կայացրեց հօգուտ «Սիգարոնի», և դիզայնի հետ կապված այս վեճը փաստորեն նպաստեց հայկական ընկերության արտադրանքի վաճառքի կտրուկ աճին:

«Սիգարոն էքսկլյուզիվն» արտադրվում է Նորվեգիայից ներմուծվող ծխախոտափնջից և արտահանվում է աշխարհի ավելի քան 20 երկրներ: Սարգսյանը, որը պնդում է, որ նոր տեսակի ծխախոտափունջը նույնն է, ինչ որ «Էքսկլյուզիվ» տեսակում, ասում է, որ «Կլասիկը» ստեղծվել է ներքին շուկայում մրցունակ լինելու համար:

«Սիգարոնի» ապրանքանիշը նրա չափսն ու կառուցվածքն են. 120 մմ երկարություն ունեցող հատիկի 67 միլիմետրը ծխափողն է, իսկ 53 միլիմետրը՝ ծխախոտը: Շուկա դուրս գալու սկզբնական շրջանում «Սիգարոնի» գովազդում նշվում էր, որ երկար զտիչի շնորհիվ այն նվազ վնասակար է առողջության համար:

Այսօր «Սիգարոնի» նոր տեսակը Հայաստանի խանութների ցուցափեղկերում արդեն իր ուրույն տեղն է գտել «Ուինսթոնի», «Քեմելի», «Սալեմի» կողքին: Այն դեռևս կարճ ժամանակ է շուկայում, սակայն արդեն գերազանցել է ընկերության բոլոր սպասելիքները:

Հայաստանի անդամակցությունն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը «Սիգարոնին» համաշխարհային շուկայում գործելու լայն արտոնություններ է տալիս, մասնավորապես՝ հարկային առումով:

«Մեր առաջնային խնդիրն է նոր շուկաներ ուսումնասիրելն ու մուտք գործելը և, իհարկե, տեսականու ավելացումը, - ասում է Սարգսյանը, - ներկայումս մշակման փուլում են «Սլիմ» տեսակի «Սիգարոնները», և լուրջ աշխատանքներ են տարվում բոլորովին նոր տիպի ծխափողի ստեղծման համար, որն էապես տարբերվելու է մինչ այժմ ծխախոտի համաշխարհային արտադրության ոլորտում հայտնի բոլոր ծխափողերից»:


Marching Orders
  Marching Orders: Click to enter
Marching Orders: Click to enter

 

  Inside
 

To Uphold and Execute: The duties and privileges of the Presidency

Full story

 
 
 
 

Decision 2003: Disabled exercise independence during Presidential Elections

Full story

 
 
 
 

Set in Stone: New book links "worry-bead" exiled to their histories

Full story

 

  Photo of the week
  Photo of the week: Talk Time
Click on the photo above to enlarge
 
 
 
 

In the Name of the Father

At Wednesday's rally in support of Stepan Demirchyan, one demonstrator on a terrace at the Institute of Manuscripts expressed his support with a historic campaign poster from another Demirchyan era: "Trust Karen Demirchyan".

 

 





Copyright ArmeniaNow.com 2002-2017. All rights reserved.

The contents of this website cannot be copied, either wholly or partially, reproduced, transferred, loaded, published or distributed in any way without the prior written consent of ArmeniaNow.com.